 | Սանկտ Պետերբուրգի պետական երգչախումբը |
 | «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը |
 | Սպահանի Սբ Ամենափրկիչ եկեղեցու «Կոմիտաս» երգչախումբը |
 | Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը |
Երգչախումբը երգիչների խումբ է, բաղկացած է մի քանի ենթախմբից, որոնցից յուրաքանչյուրը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս` նվագակցությամբ կամ առանց նվագակցության: Երգչախմբերը, ըստ կազմի, լինում են կանանց, տղամարդկանց, մանկական և խառը:
Պատմական զարգացման ընթացքում փոփոխվել են երգչախմբի կազմը, երգիչների թիվը, ձայնի բաժանման սկզբունքները: Մոտ IX դարում պրոֆեսիոնալ երգչախումբը դուրս է եկել եկեղեցական համայնքից, իսկ արդեն X–XIII դարերում երգչախմբում ձայները բաժանվել են: Հավանաբար XIV–XV դարերից, բազմաձայնության զարգացմանը զուգընթաց, կիրառվել է «երգչախմբային երգամաս» հասկացությունը: Գլխավոր մեղեդային ձայնը տենորն էր: Երգչախմբի անդամների և երգամասերի քանակը պայմանավորված էր տվյալ ժամանակաշրջանի երաժշտական ոճով: XIV–XV դարերին բնորոշ էին 3–4, Վերածննդի շրջանին՝ 6–8 և ավելի երգամասեր: Հետագայում երգչախումբը բաժանվել է 4 հիմնական երգամասերի՝ սոպրանո, ալտ, տենոր և բաս, որը հաստատուն է ցայսօր: Օպերայի երևան գալուց ի վեր (XVI–XVII դարերի սահմանագիծ) երգչախումբը դարձել է նրա անբաժանելի մասը: Բացի եկեղեցական և օպերային երգչախմբերից՝ երաժշտարվեստում նշանակալի տեղ են զբաղեցնում նաև աշխարհիկ երգչախմբերը: Երգչախմբի անդամների նվազագույն քանակը 12-ն է (կամերային երգչախումբ), առավելագույնը՝ 100–120, խառը երգչախմբերում՝ մինչև 1000 (տոնակատարությունների, հանդիսությունների ժամանակ): Ճանաչված են Միտրոֆան Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական (1910 թ.), Էստոնիայի տղամարդկանց ազգային (1944 թ., հիմնադիր՝ Գուստավ Էռնեսաքս), Ուկրաինական ժողովրդական, Վրաստանի պետական ակադեմիական և այլ երգչախմբեր: Հայ իրականության մեջ ժողովրդական երգչախմբեր առաջինը ստեղծել է Քրիստափոր Կարա-Մուրզան 1885 թ-ին: Ավելի ուշ` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում բարձրարվեստ երգչախումբ է հիմնել Մակար Եկմալյանը: Կոմիտասը 1910 թ-ին Կոստանդնուպոլսում ստեղծել է «Գուսան» երգչախումբը, իսկ 1933 թ-ին նույնանուն երգչախումբ Բեյրութում հիմնել է Բարսեղ Կանաչյանը: Նոր շրջանում աչքի են ընկել Երևանի կոնսերվատորիայի, Ռադիոյի կամերային, Հայֆիլհարմոնիայի երգչախմբերը: Հայտնի են նաև Հայաստանի պետական, Երգչախմբային ընկերության, Կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Հովեր» և այլ երգչախմբեր: Սփյուռքում գործող երգչախմբերից են` «Ծնծղա» և «Նանոր» մանկական, «Գարուն» (Լիբանան), «Երևան» (Բուլղարիա), «Կոմիտաս» (Ռումինիա), «Արաքս», «Քնար», «Անի» (ԱՄՆ), «Զվարթնոց», «Նարեկացի» (Սիրիա), «Կոմիտաս», «Կռունկ» (Ուրուգվայ) և այլն:
|