 | Ազգերի բրիտանական համագործակցության դրոշը |
 | Համագործակցության քարտուղարության նստավայր Մալբորո-Հաուզը Լոնդոնում |
Համագործակցությունը (մինչև 1947 թ.՝ Ազգերի բրիտանական համագործակցություն) Մեծ Բրիտանիայից և նրա նախկին տիրույթներից՝ բրիտանական գաղութային կայսրության փլուզման հետևանքով կազմված միջպետական միավորում է:
Մեծ Բրիտանիան՝ աշխարհի երբեմնի ամենախոշոր գաղութատիրական երկիրը, Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո այլևս չուներ նախկին հզորությունն ու ֆինանսական հնարավորությունները՝ ճնշելու հակագաղութային շարժումները: Այդ իրավիճակից օգտվելով՝ անկախություն նվաճեցին Հնդկաստանը, Ցեյլոնը (ներկայիս Շրի Լանկան), Բիրման (ներկայիս Մյանման), Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Սուդանը, Տոգոն, Կամերունը և այլ երկրներ: Այդ գործընթացը տևել է մինչև 1960-ական թվականների վերջը: Բրիտանական նախկին դոմինիոնների և գաղութների մեծ մասն ընդգրկվել է Բրիտանական համագործակցության մեջ՝ որպես անկախ պետություններ՝ Մեծ Բրիտանիային հավասար իրավունքներով: Բրիտանական համագործակցությունը ներկայումս ընդգրկում է 54 երկիր: Համագործակցության քարտուղարությունը հրավիրում է անդամ երկրների ամենամյա խորհրդաժողովներ: Մեծ Բրիտանիայի կառավարության կազմում նախատեսված է Համագործակցության գործերով նախարար: Անդամ-երկրներին տալիս է որոշ առևտրատնտեսական արտոնություններ: Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը չի տարածվում Համագործակցության անդամ-երկրների վրա: Նրանք ինքնուրույն են նաև միջազգային հարաբերություններում. ունեն իրենց ներկայացուցիչները ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված կազմակերպություններում: 1944 թ-ից պարբերաբար հրավիրվում են Ազգերի բրիտանական համագործակցության երկրների վարչապետների խորհրդակցություններ, որոնք չունեն հաստատված օրակարգ և անդամ-երկրների համար պարտադիր որոշումներ չեն ընդունում: Հրավիրվում են նաև արտաքին գործերի, ֆինանսների, պաշտպանության և մատակարարման նախարարների խորհրդակցություններ:
|