 | «Արմենալ» ընկերության փայլաթիթեղի գլանման արտադրամասը |
 | Ալյումինը լայնորեն օգտագործվում է շինարարական նպատակներով. նրանից պատրաստում են դռներ, լուսամուտներ և այլն: |
Al Ալյումինը սպիտակ, արծաթափայլ, փափուկ, դյուրահալ մետաղ է: Ալյումինի միացությունները հայտնի են վաղ անցյալից: Դեռևս մ. թ. ա. I դարում ալյումինական պաղլեղներն օգտագործվում էին Եգիպտոսում՝ որպես կապակցող և աղաղող նյութեր: Հին հույներն ալյումինական պաղլեղներն անվանել են “alumen”, որտեղից էլ ծագել է ալյումին անվանումը: 1754 թ-ին գերմանացի քիմիկոս Ա. Մարգրաֆը պաղլեղներից անջատել է անգույն «պաղլեղային հող» (այդ պատճառով ալյումինը հայերեն անվանել են նաև «պաղլեղածին»), որն ավելի ուշ հայտնաբերվել է նաև կավի մեջ և կոչվել «արզնահող»: Մետաղական ալյումինն առաջին անգամ ստացել է դանիացի ֆիզիկոս Հ. Էրստեդը 1825 թ-ին: Արդեն 1855 թ-ին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվել են ալյումինի փոքր ձուլակտորներ: Այդ ժամանակաշրջանում ալյումինը ոսկուց շատ քիչ էր էժան և օգտագործվում էր միայն զարդեր պատրաստելու համար: Ալյումինի պարունակությունը երկրակեղևում 8,8% է (ըստ զանգվածի): Տարածվածությամբ այն երրորդ տարրն է (թթվածնից ու սիլիցիումից հետո), մետաղներից՝ ամենատարածվածը: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում: Կարևոր բնական միացություններից են ալյումինասիլիկատները, նաև բոքսիտները, ալունիտը, նեֆելինները, կորունդը, կրիոլիտը: Կորունդը բյուրեղական Al2O3 միներալն է. կարմիր կորունդը կոչվում է սուտակ, կապույտը՝ շափյուղա, որոնք կիսաթանկարժեք քարեր են: Ալյումինը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է: Պլաստիկության շնորհիվ կռելի է և հեշտ գլանվում է անգամ սառը վիճակում: Նրանից կարելի է գլանել շատ բարակ փայլաթիթեղ («արծաթե թուղթ») և ձգել բարակ լար: Խառնուրդները մեծացնում են ալյումինի կարծրությունը, փոքրացնում քիմիական կայունությունը, ջերմահաղորդականությունը և էլեկտրահաղորդականությունը: Ալյումինը քիմիապես ակտիվ տարր է: Օդում օքսիդանում է և պատվում օքսիդի կայուն պաշտպանիչ թաղանթով, որը խանգարում է ալյումինի հետագա օքսիդացմանը: Արդյունաբերության մեջ ալյումինը ստանում են` հեղուկ կրիոլիտում լուծված կավահողը (Al2O3) էլեկտրոլիզի ենթարկելով: Ալյումինն ամենաշատ օգտագործվող մետաղներից է (երկրորդը՝ երկաթից հետո): Ալյումինն ու նրա համաձուլվածքներն օգտագործվում են հաղորդալարեր, կոնդենսատորներ, քիմիական սարքավորումներ, օդանավեր, ստորջրյա նավեր, արհեստական արբանյակներ, տարբեր կենցաղային իրեր պատրաստելու համար: Ալյումինի փոշու տևական ներշնչումն առաջացնում է թոքերի ալյումինոզ՝ փոշեգարություն, և վերին շնչառական ուղիների բորբոքում: Ալյումին արտադրվում է նաև Հայաստանում` Քանաքեռի ալյումինի գործարանում, որը գործարկվել է 1950 թ-ին (այժմ՝ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է` «Արմենալ»): Այստեղ արտադրվում է ալյումինի կենցաղային, տեխնիկական իրերի արտադրության և սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող փայլաթիթեղ, ինչպես նաև լայն սպառման ապրանքներ: - Ալյումինի խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Գվինեայում, Հունաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում:
- Ալյումինի փոշին տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով: Այդ ռեակցիան օգտագործվում է բենգալյան կրակ պատրաստելիս և զանազան հրավառություններում:
|