CO2 Ածխաթթվական գազն ածխածնի երկօքսիդն է` ածխածնի և օրգանական միացությունների այրման վերջնական արդյունքը: Այն անգույն, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր գազ է: Այդ պատճառով էլ այն կարելի է հեղուկի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ: Ածխաթթվական գազը կարելի է նաև հեղուկացնել` միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «չոր սառույցի», որը ձեզ անպայման ծանոթ է: Ածխաթթվական գազը լուծվում է ջրում՝ առաջացնելով ածխաթթու, որը հիմքերի հետ գոյացնում է աղեր` կարբոնատներ և հիդրոկարբոնատներ: Դրանցից են մեզ բոլորիս լավ հայտնի սոդան` նատրիումի կարբոնատը (Na2CO3), և խմելու սոդան՝ նատրիումի հիդրոկարբոնատը (NaHCO3): Ածխաթթվի մյուս աղը` կալցիումի կարբոնատը (CaCO3), բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և միանգամից 3 ձևով` կավճի, կրաքարի և մարմարի: Այդ ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի խորքերը, որտեղ ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է ածխաթթվական գազ: Ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների խառնարանների միջով` ածխաթթվական գազը դուրս է գալիս մթնոլորտ: Մարդկանց և կենդանիների շնչառության, զանազան նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է ածխաթթվական գազ: Մթնոլորտում, հատկապես նրա վերին շերտերում, ածխաթթվական գազի պարունակության չնչին աճն ազդում է Երկրից Տիեզերք ջերմանցման բնական ընթացքի վրա, որի հետևանքով նկատվում է Երկրի միջին ջերմաստիճանի աճի միտում, որն այլ կերպ անվանում են ջերմոցային էֆեկտ: Վերջինիս դեմ պայքարը ներկայումս լուրջ էկոլոգիական խնդիր է: Օդում ածխաթթվական գազի քանակի չափավորությունը (մոտավորապես 0,03%) մարդու համար շատ կարևոր է, քանի որ այն թունավոր է: Այդօրինակ «աղետներից» մեզ փրկում են կանաչ բույսերը, որոնց հիմնական սնունդը ածխաթթվական գազն է, բույսերի տերևները կլանում են ածխաթթվական գազը՝ փոխարենը մեզ տալով այնքան անհրաժեշտ թթվածինը: Ածխաթթվական գազը հիմնականում օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ գազավորված ըմպելիքներ, փրփրուն գինիներ, պահածոյված սննդամթերք պատրաստելու համար: Չոր սառույցը հիանալի սառնազդակ է, 2 անգամ ավելի արդյունավետ, քան սովորական սառույցը: Այն օգտագործվում է շուտ փչացող մթերքները պահպանելու և տեղափոխելու համար:
Կրակմարիչ Ածխաթթվական գազը չի այրվում և այրմանը չի նպաստում. այդ հատկության շնորհիվ այն օգտագործվում է հրդեհները մարելու համար: Կրակմարիչները լիցքավորում են ածխաթթվական գազով կամ նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով: Այս դեպքում բալոնի վերին մասում ամրացվում է ծծմբական թթվով լցված սրվակ: Կրակմարիչը գործի դնելիս ծծմբական թթուն խառնվում է նատրիումի հիդրոկարբոնատի հետ: Փոխազդեցության հետևանքով անջատվում է ածխաթթվական գազ, որը հեղուկի հետ առաջացնում է շիթ և մեծ ճնշման տակ դուրս մղվում կրակմարիչից: Փրփուրը ծածկում է այրվող առարկայի մակերեսը, մեկուսացնում այն օդի թթվածնից և, այրումը դադարեցնելով, հանգցնում է կրակը: - Ածխաթթվական գազը հայտնաբերել է հոլանդացի քիմիկոս Յա. վան Հելմոնտը 1620 թ-ին: Կրաքարի վրա հանքային թթու ավելացնելով՝ նա ստացավ նոր «օդ» (գազ), որն անվանեց «անտառային օդ», քանի որ այդ գազը ստացվում էր նաև ծառերի այրումից: («Գազ» բառը ներմուծել է Հելմոնտը, որը հունարեն նշանակում է քաոս): Ածխաթթվական գազի բաղադրությունն առա-ջինը հաստատել է ֆրանսիացի քիմիկոս Ա. Լ. Լավուազիեն:
- Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտ գտնվող «Շան քարանձավում» (այնտեղ մտնող շները սատկում են) և Ճավա կղզու «Մահվան հովտում» երկրի ընդերքից դուրս է գալիս ածխաթթվական գազ, որը, օդից ծանր լինելով, կուտակվում է անձավների գետնամերձ մասերում և շնչահեղձ անում այնտեղ հայտնված կենդանիներին:Այդ առումով ստորգետնյա բոլոր խոր անձավները վտանգավոր են. այդպիսի տեղերում հայտնվելիս պետք է զգուշանալ ածխաթթվական գազի պատահական կուտակումներից:
|