 | Քարածխի առաջացման շարժընթացի սխեմատիկ պատկերը |
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթվական գազից և հանքային աղերից սինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան: Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական (չայրվող) բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են բիտումները, հումինային թթուներն ու մնացորդային ածուխը: Անօրգանական հանքային մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի, նատրիումի սիլիկատները, ֆոսֆատները, սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը` գորշ ածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ: Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ փայլ: Ի տարբերություն քարածխի և անտրացիտի` նրա ածխացման աստիճանը ցածր է: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը: Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի: Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, ՌԴ-ում: ՀՀ-ում գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում: Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը: Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում: Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ: Կոքսագազը պարունակում է 55–60% ջրածին, 20–30% մեթան, 5–7% ածխածնի օքսիդներ: Օգտագործվում է որպես վառելանյութ: Քարածխային խեժը սև, մածուցիկ հեղուկ է: Պարունակում է 400 տարբեր արոմատիկ և տարացիկլային միացություններ, որոնց միմյանցից բաժանում են կոտորակային թորմամբ: Կոքսացման արդյունքում ստացվող պինդ մնացորդը կոչվում է կոքս, որը պարունակում է 90-98% ածխածին: Այն օգտագործվում է հիմնականում չուգունի արտադրության մեջ և որպես վառելանյութ: Անտրացիտը սև է՝ ուժեղ մետաղական փայլով: Հաճախ ունենում է մոխրավուն երանգ: Լավ էլեկտրահաղորդիչ է: Այրվում է թույլ բոցով, գրեթե առանց մոխրի, օդում չի ինքնայրվում, չի փշրվում: Անտրացիտի մեծ պաշարներ կան ԱՊՀ երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Փայտածուխը սև, փխրուն նյութ է: Այն ստանում են փայտի չոր թորմամբ՝ առանց օդի, բարձր ջերմաստիճանում փայտն ածխացնելով: Փայտածուխը կազմում է չոր փայտի 30–40%-ը: Փայտածխի կտորում նշմարվում են բազմաթիվ փողանցքեր: Դրանք փայտի անոթներն են, որոնցով փոխադրվում են ծառը սնող նյութերը: Ակտիվացրած կամ ակտիվ ածուխը սև փոշի է կամ հատուկ պատրաստված հատիկներ: Այն պարունակում է 97% ածխածին և ունի ծակոտկեն կառուցվածք: Ակտիվացրած ածուխ ստանում են` փայտածուխը ջրային գոլորշիներով և ածխաթթվական գազով ակտիվացնելով: Հատկապես լավորակ ակտիվացրած ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով: Ակտիվացրած ածուխն օգտագործվում է գազերի, գոլորշիների կլանման, վնասակար խառնուրդներից ջրային լուծույթների, այդ թվում՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման համար: Ակտիվացրած ածխի շնորհիվ է, որ շաքարն ունի սպիտակ և ոչ թե դեղին գույն: Ակտիվացրած ածուխը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ և հակագազերում: Դեղահաբերի ձևով այն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ արյունը մաքրելու և ստամոքսաղիքային համակարգում առաջացած գազերն ու թունավոր նյութերը կլանելու համար: - Որպես օգտակար հանածո՝ ածուխը հատուկ նշանակություն է ունեցել քաղաքակրթության զարգացման ընթացքում:
- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները կիրառեցին թունավոր գազեր, ռուս քիմիկոս Ն. Դ. Զելինսկին շնչառական օրգանները պաշտպանելու համար առաջարկեց ակտիվացրած ածխով հակագազեր:
|