 | Կայծակը բնական էլեկտրական պարպում է. այն հսկայական էներգիա է պարունակում և կարող է ահռելի վնաս պատճառել: |
 | Էլեկտրական շղթայի գրաֆիկական պատկերը |
 | Սովորական պայմաններում օդը մեկուսիչ է, սակայն 10.000 Վ և ավելի լարման դեպքում այն դառնում է հաղորդիչ, և տեղի է ունենում էլեկտրական պարպում: |
Բնորոշ լարումներ Գրպանի լապտեր` 1,5 Վ Ավտոմոբիլի կուտակիչ` 12 Վ Էլեկտրական ցանցի հոսանք` 220 Վ Մետրոպոլիտենի գնացք` 600 Վ Կայծակի բռնկում` 100 մլն Վ
Էլեկտրականությունը մեր տրամադրության տակ գտնվող էներգիայի ամենաօգտակար տեսակներից է: Էլեկտրականությամբ են աշխատում գրպանի լապտերները, հեռուստացույցները, սառնարանները, լվացքի մեքենաները, էլեկտրաքարշները և շատ սարքեր ու սարքավորումներ: Էլեկտրականությունը ստացվում է ինչպես մեր ձեռքին գտնվող փոքրիկ մարտկոցներից, այնպես էլ մեզանից հեռու գտնվող հսկա գեներատորներից: Հազարամյակներ շարունակ մարդիկ ականատես են եղել բնության ահեղ երևույթին՝ կայծակի շլացուցիչ բռնկմանը, և միայն մեզանից շուրջ 100 տարի առաջ նրանք սովորեցին օգտագործել բնության էլեկտրական ուժերը, էլեկտրականությանը «հարկադրեցին ծառայել» իրենց: Բնության մեջ կան լիցքավորված մանրագույն մասնիկներ: Դրանց մի մասն ունի դրական, մյուսը՝ բացասական լիցք: Բացասական լիցքով ամենափոքր մասնիկները կոչվում են էլեկտրոններ: Դրանք կարող են ուղղորդված շարժվել մետաղե հաղորդիչների ներսում: Հենց այդ լիցքավորված մասնիկների կանոնավոր հոսքը մի ուղղությամբ՝ էլեկտրական հոսանքն է:
Հաղորդիչներ և մեկուսիչներ Այն նյութերը, որոնց միջով կարող է էլեկտրական հոսանք անցնել, կոչվում են հաղորդիչներ: Մետաղները, օրինակ՝ պղինձը և ալյումինը, լավ հաղորդիչներ են: Ածխածինը (գրաֆիտ) նույնպես հաղորդիչ է: Նյութերը, որոնք հոսանք չեն հաղորդում, կոչվում են մեկուսիչներ: Վերջիններիս թվին են պատկանում ռետինը և պլաստմասսաները: Էլեկտրական մալուխների հաղորդալարը պատրաստվում է պղնձից և փաթաթվում մեկուսիչով, որպեսզի հոսանքը մի հաղորդալարից չանցնի մյուսին կամ մալուխին ձեռք տվողին: Շատ ցածր ջերմաստիճաններում (-200օC և ավելի ցածր) որոշ նյութեր դառնում են գերհաղորդիչներ, այսինքն՝ զրկվում են դիմադրությունից:
Էլեկտրական շղթաներ Որպեսզի էլեկտրական փոքրիկ լամպը լուսարձակի, այն հարկավոր է միացնել մարտկոցին: Վերջինս ունի 2՝ դրական (+) և բացասական (-) արտանցիչներ: Եթե դրանք միացնենք հաղորդիչով, օրինակ` փոքրիկ լամպով և հաղորդալարերով, ապա էլեկտրոնները բացասական արտանցիչից հաղորդիչի միջով կհոսեն դեպի դրականը: Այս ամբողջ հաղորդաշղթան (հաղորդալարերը, փոքրիկ լամպը և մարտկոցը միասին) կոչվում է էլեկտրական շղթա: Եթե դրան միացնենք նաև անջատիչը, ապա հոսանքը կարելի է միացնել և անջատել: Մենք մտնում ենք տուն, սեղմում անջատիչի կոճակը, և սենյակում իսկույն վառվում է էլեկտրական լամպը: Ինչո՞ւ. որովհետև, սեղմելով անջատիչի կոճակը, մենք միացրինք էլեկտրական շղթան: Լամպի պարույրի միջով անցնող էլեկտրոններն իրենց ճանապարհին սկսում են այս ու այն կողմ «հրել» թելիկի մետաղի ատոմներին, որից թելիկը վայրկենապես շիկանում է և լուսարձակում: Որքան ուժեղ է էլեկտրոնների հոսքը, և բարձր պարույրի դիմադրությունը, այնքան ավելի է շիկանում լամպի թելիկը, և այնքան ավելի վառ է լուսարձակում այն: Ավելի հաստ հաղորդալարից պատրաստված նույնպիսի պարույրներ տաքացնում են էլեկտրական արդուկներն ու սալիկները: Այս երևույթը կիրառվում է նաև գործարանային էլեկտրական վառարաններում՝ մետաղ հալելու համար: Միայն թե այդ վառարաններում պարույրները պատրաստված են մատի հաստության մետաղալարից: Էլեկտրական շղթան օգտագործում են նաև միացվող ու անջատվող էլեկտրամագնիս պատրաստելու համար: Էլեկտրական խաղալիքների աշխատանքի համար բավական է նույնիսկ էլեկտրական մարտկոցից ստացվող հոսանքը: Իսկ որպեսզի լուսարձակեն միլիոնավոր լամպեր, աշխատեն մեծ հաստոցների ու մեքենաների շարժիչները, շարժվեն տրամվայներն ու էլեկտրաքարշները, անհրաժեշտ է մեծ քանակությամբ էլեկտրական էներգիա: Այդ էներգիան ստանում են էլեկտրակայաններում և էլեկտրահաղորդման գծերով մատակարարում քաղաքներին ու գյուղերին: Էլեկտրական հոսանքը, որպես ֆիզիկական մեծություն, բնութագրվում է ուժով, աղբյուրի լարումով ու հզորությամբ: Էլեկտրական հոսանքի ուժը չափվում է Ամպերով (Ա), որը համեմատական է 1 վ-ում հաղորդչով անցնող էլեկտրոնների թվին: Էլեկտրական աղբյուրի լարումը չափվում է Վոլտով (Վ) և բնութագրում է այն ուժը, որով հաղորդչում հրվում են էլեկտրոնները: 1,5 Վ լարումով մարտկոցին ձեռք տալը վտանգավոր չէ: Սակայն չի կարելի ձեռքով բռնել, ասենք, 220 Վ լարումով ցանցի մերկ հաղորդալարը, որովհետև հոսանքը, անցնելով մարդու մարմնով, կարող է նրան սպանել: Իսկ հոսանքի հզորությունը չափվում է Վատտով (Վտ), որը աղբյուրի` աշխատանք կատարելու կամ ջերմություն անջատելու կարողությունն է: Որքան մեծ է, օրինակ, սպառիչի հզորությունը, այնքան այն ավելի շատ էլեկտրականություն է ստանում և լույս ու ջերմություն անջատում 1 վ-ում:
|