 | Աղաշերտ Ավանի աղի հանքում |
Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնց մոլեկուլները կազմված են մետաղի ատոմներից և որևէ թթվային մնացորդից: Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են: Մի շարք աղեր՝ մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»: Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով: Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում: Աղերն օգտագործվում են ապակու, կաշվի, ներկերի արտադրության, մետաղաձուլության, մանածագործության, քիմիական արդյունաբերության, սննդարդյունաբերության, բժշկության, գյուղատընտեսության մեջ, կենցաղում և այլուր: Կենցաղում օգտագործվող մի շարք աղեր դեռ հնուց ունեն «կենցաղային» (ոչ քիմիական) անվանումներ. խմելու սոդա՝ նատրիումի հիդրոկարբոնատ (NaHCO3), լվացքի սոդա՝ նատրիումի կարբոնատ (Na2CO3), ժավել՝ նատրիումի հիպոքլորիտ (NaClO), քլորակիր՝ կալցիումի հիպոքլորիտ [Ca(ClO)2] և քլորիդ (CaCl2), բորակներ՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի նիտրատներ, շիբ՝ կալիումի և ալյումինի սուլֆատի բյուրեղահիդրատ [KAl(SO4)2 . 12H2O], դառը կամ անգլիական աղ՝ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ (MgSO4.7H2O), «մարգանցովկա»՝ կալիումի պերմանգանատ (KMnO4), և այլն: Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է: Բնության մեջ տարածված է հալիտ միներալի ձևով, որն անվանում են նաև քարաղ: Բնական քարաղը մետաղական նատրիումի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է խոշոր հանքավայրեր: Քարաղի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Անգլիայում և այլուր: Հայկական լեռնաշխարհում բարձրորակ քարաղի պաշարներով հայտնի են Կողբի և Նախիջևանի, իսկ ՀՀ-ում՝ Ավանի աղի հանքերը: Կերակրի աղի խոշոր պաշարներ կան ծովերի, աղի լճերի և ստորերկրյա ջրերում: Աղաջրերից աղն արդյունահանում են ջրի գոլորշիացման միջոցով: Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է: Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը: Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ: Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ: Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Օրինակ՝ սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն: Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար: Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց: 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար: Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ: Ձմռանը սառցածածկույթի առաջացումը կանխելու նպատակով ձյունածածկ ճանապարհների վրա ցանում են աղ: Վերջինս լուծվում է ձյան մեջ և իջեցնում սառցակալման ջերմաստիճանը. եթե սովորական ջուրը սառչում է 0օC-ում, ապա աղաջուրը սառչում է ավելի ցածր ջերմաստիճաններում: - Մարդը սննդի հետ օրական օգտագործում է միջին հաշվով 10–15 գ կերակրի աղ:
- Ամբողջ աշխարհում 1 տարում արդյունահանվում է ավելի քան 100 մլն տոննա աղ:
- Ժողովրդի մեջ տարածված «աղ ու հաց» արտահայտությունը խորհրդանշում է բարեկամություն և հյուրընկալություն:
|