 | Այրման համար անհրաժեշտ է թթվածին: |
 | Ճնշախցերում հիվանդներին բուժում են բարձր ճնշման թթվածնով: Մաքուր թթվածինն արագացնում է խոցերով, այրվածքներով տառապող և գազերով թունավորված հիվանդների բուժումը: |
O2 Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է: Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք: Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ: Թթվածինը կարևոր է հատկապես նրանով, որ մենք շնչում ենք այն: Շնչառությունը Երկրի կենսոլորտի, կյանքի գոյատևման ամենակարևոր նախապայմանն է: Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա հինգերորդ մասը: Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում: Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով: Նրանք նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝ գիշերը: Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն: Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ: Այրվում են փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն: Կենսաքիմիական շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է աստիճանաբար՝ առանց լույսի անջատման: Դանդաղ օքսիդացում են, օրինակ, խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումն օրգանիզմում, բույսերի մնացորդների փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում: Տեխնիկայում թթվածինը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ և ջրի էլեկտրոլիզով: Թթվածնի հայտնաբերման պատմությունից Դեռևս VIII դարում չին գիտնական Մաո Հոային հաստատել է, որ օդը պարունակում է այրմանն ու շնչառությանը մասնակցող գազ: Իտալացի գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին նույնպես օդը դիտում էր որպես 2 գազերի խառնուրդ, որոնցից միայն մեկն է մասնակցում այրմանն ու շնչառությանը: XVIII դարում առաջին անգամ միմյանցից անկախ թթվածին ստացել են շվեդ գիտնական Շեելեն (1769–70 թթ-ին)՝ կալիումի բորակը (KNO3) շիկացնելով, իսկ 1774 թ-ին՝ անգլիացի գիտնական Ջ. Փրիստլին՝ սնդիկի օքսիդը (HgO) տաքացնելով: Սկզբում թթվածին քիմիական տարրն անվանել են «հրեղեն օդ» («ֆլոգիստոն»)՝ այրմանը նպաստելու, իսկ ավելի ուշ՝ «կյանքի օդ»՝ շնչառությանը մասնակցելու համար: 1775 թ-ին ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեն բացահայտեց օդի բաղադրությունը. ցույց տվեց, որ թթվածինը թթուների պարտադիր բաղադրիչ մաս է, և այն անվանեց «թթու առաջացնող» (հունարեն՝ «օքսյուս» – թթու, և «գենարե» - ծնել), որից էլ առաջացել է հայերեն թթվածին անվանումը: Լավուազիեն ճիշտ մեկնաբանեց թթվածնի դերը նաև այրման և շնչառության շարժընթացներում` դրանք դիտելով որպես նյութերի և թթվածնի փոխազդեցություն: - Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 65% թթվածին:
- Թթվածինը էլեկտրականություն չի հաղորդում, բայց օժտված է արտաքին մագնիսական դաշտում մագնիսանալու` պարամագնիսական հատկությամբ:
|