Հաստատվել է նաև, որ միկրոօրգանիզմների քայքայման արգասիքները, վիրուսները, տոքսիններն օրգանիզմից հեռանում են քրտինքի, մեզի, խորխի և այլ արտազատուկների միջոցով:
Վիրուսային վարակների ժամանակ ոչ առանձնահատուկ գործոններից կարևոր նշանակություն ունեն ինտերֆերոնը՝ վարակված բջիջների կողմից արտադրվող հակավիրուսային սպիտակուցը, և վիրուսների արգելակիչները (ինհիբիտորներ), որոնք առկա են արյան, թքի, վերին շնչուղների արտազատուկների մեջ և քիմիական բաղադրությամբ նման են բջիջների թաղանթին: Պաշտպանության ոչ առանձնահատուկ դրսեվորումներից է նաև հիվանդի ջերմաստիճանի բարձրացումը, որը նպաստում է առողջացմանը (օրինակ՝ վիրուսային հիվանդությունների դեպքերում):
Ոչ առանձնահատուկ իմունիտետը կարող է նվազել այրվածքների, գերսառեցման, արյան կորստի, քաղցածության, վնասվածքների ժամանակ, և այդ դեպքում օրգանիզմն ավելի զգայուն է դառնում վարակիչ հիվանդությունների և թարախաբորբոքային տարբեր երևույթների հանդեպ: Կան պատրաստուկներ, որոնք բարձրացնում են ոչ առանձնահատուկ իմունիտետի մակարդակը, հետևաբար՝ շրջակա միջավայրի ազդեցությունների հանդեպ օրգանիզմի կայունությունը:
Օրգանիզմի իմունային պատասխանն իրականացվում է ավշային համակարգով, որի կազմության մեջ են մտնում ոսկրածուծը, ուրցագեղձը, փայծաղը, ավշահանգույցները և այլն, որոնք արյունատար և ավշային անոթների ցանցի միջոցով միավորված են միասնական համակարգում:
Ուրցագեղձը մասնակցում է 2 ձևի իմունային պատասխանների, որոնք իրականացվում են T– և B – լիմֆոցիտներով:
B-լիմֆոցիտները մշակում են առանձնահատուկ սպիտակուցներ՝ իմունոգլոբուլիններ, որոնք վնասազերծում են վարակիչ հիվանդությունների հարուցիչներին և դրանց տոքսիններին:
T-լիմֆոցիտները երբեմն կարող են կասեցնել հակամարմինների առաջացումը կամ ապահովել դիմացկունության՝ տոլերանտության (հակածնին «անպատասխանելիության») վիճակ: T-լիմֆոցիտը, ճանաչելով օտարածին բջջին, նրան ոչնչացնում է առաջին իսկ հանդիպման ժամանակ և կոչվում է «քիլեր» (սպանող) բջիջ:
Բնական «քիլեր» բջիջները և ավշանման բջիջները իմունաբանական հսկողության բազմաբաղադրիչ համակարգի կարևոր օղակն են: Ցանկացած օտարածին կամ սեփական փոփոխված բջիջ անմիջապես ենթարկվում է գրոհի բնական «քիլեր»-բջիջների կողմից: Իմունային համակարգի գործունեության նուրբ մեխանիզմների պարզաբանման հարցերով զբաղվում է իմունոգենետիկան, որը իմունաբանության բաժիններից է և ձևավորվել է 1960–70-ական թվականներին:
Իմունային համակարգի հիվանդությունները
Առավել սուր բնույթ ունեն իմունիտետի բնածին արատները՝ իմունային անբավարարության հիվանդությունները, որոնք փոխանցվում են ժառանգաբար և դրսևորվում են երեխայի զարգացման ամենավաղ փուլերում:
Տարբերում են իմունային անբավարարության հիվանդությունների մի քանի ձևեր, կախված այն բանից, թե իմունային համակարգի որ օղակն է խաթարված: Որոշ դեպքերում խանգարվում է միայն իմունոգլոբուլինների սինթեզը, այսինքն՝ արատը վերաբերում է միայն B-լիմֆոցիտներին: Կամ խանգարվում է T-լիմֆոցիտների սինթեզը, որի հետևանքով բջջային հակազդեցությունն ընկճվում է:
1980-ական թվականներին տարածվել է սեռական ճանապարհով փոխանցվող մարդու իմունային անբավարարության վարակը (ՄԻԱՎ), որն օրգանիզմ թափանցելուց հետո սևեռվում է T-լիմֆոցիտների և մակրոֆագերի մակերևույթին. տեղի է ունենում այդ բջիջների զանգվածային ոչնչացում, ինչը հանգեցնում է օրգանիզմի պաշտպանական ունակությունների կտրուկ անկման` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ):
Իմունիտետն իրականացնող բջիջների փոխպատվաստումը՝ իմունային ճարտարագիտությունը, անբավարարության պատճառի իրական վերացման միակ եղանակն է, որի էությունը իմունային համակարգի արատավոր օղակի փոխարինումն է բնականոնով: