 | Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն Տարածքը՝ 9.518,9 հզ. կմ2 Բնակչությունը՝ 301 մլն Պետական լեզուն՝ անգլերեն Դրամական միավորը՝ դոլար
|
 | Լոս Անջելեսի գործարար կենտրոնը |
 | Գերհզոր լցանավ Ալյասկայի ջրերում |
 | Սիեթլ քաղաքի նավահանգիստը |
 | Ամերիկյան «Ապոլոն-17» տիեզերական համալիրի «Սատուռն-5» տանող հրթիռի արձակումը
|
 | ԱՄՆ-ի չորս նախագահների՝ Ջ. Վաշինգտոնի (ձախից` առաջինը), Թ. Ջեֆերսոնի, Թ. Ռուզվելտի, Ա. Լինկոլնի դիմաքանդակները՝ կերտված Հարավային Դակոտայի լեռներում: Քանդակագործ Հ. Բորգլումը քանդակներն ստեղծել է 14 տարում (ավարտել է 1941 թ-ին):
|
 | Ազատության կոթողը Նյու Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշերից մեկն է |
 | Հայ եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդանիստ Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճարը |
 | Հայ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Լոս Անջելեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին |
 | Մոխիրներից հառնող Մայր Հայաստան» հուշարձանը Լոս Անջելեսի Արարատ տան բակում |
ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհի տնտեսապես ամենահզոր, տարածքի մեծությամբ՝ չորրորդ, բնակչությամբ՝ երրորդ պետությունն է: Նրա գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում): ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրգինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում: Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր: ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը: Երկրի մակերևույթը խիստ բազմազան է: Կենտրոնում և արևելքում տարածվում են Մեծ հարթավայրերը, Կենտրոնական հարթավայրերը, Մերձատլանտյան դաշտավայրն ու Ապալաչյան լեռները: Արևմուտքում երիտասարդ, բարձր Կորդիլիերներն են՝ Ալյասկայի, Ժայռոտ, Կասկադյան, Սիեռա Նևադա, Առափնյա լեռնաճյուղերով և Մեծ Ավազան, Կոլորադոյի, Կալիֆոռնիական ու Կոլումբիական միջլեռնային գոգավորություններով: Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարերով և այլ օգտակար հանածոներով: Ժայռոտ լեռներում կան ոսկու, ուրանի, երկաթի, վոլֆրամի մեծ պաշարներ, այստեղ են գտնվում նաև աշխարհում մոլիբդենի ամենամեծ Կլայմաքսր և Կուեստա հանքավայրերը: Ածխի, անագի, նիկելի, ծարիրի, ասբեստի և այլ հանածոների արդյունաբերական նշանակության հանքավայրեր են հայտնաբերվել Ալյասկայում, Մեքսիկական ծոցի շրջանում, իսկ Ֆլորիդայի հյուսիսում առանձնանում են ֆոսֆորիտների ու ծծմբի համաշխարհային նշանակության պաշարները: Խոշոր գետն է Միսիսիպին՝ Միսուրի և Արկանզաս վտակներով: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ լճային համակարգը՝ Մեծ լճերը, որոնք ունեն տրանսպորտային, էներգետիկ և ռեկրեացիոն մեծ նշանակություն: Երկրում գործում է 1300 ջրէկ: ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում ոչ ավանդական էլեկտրակայանների կառուցմանը: Առավել մեծ դեր ունեն 7 տասնյակի հասնող երկրաջերմային էլեկտրակայանները: Լոս Անջելեսի մոտ է գտնվում աշխարհում ամենահզոր «Գեյզերս» երկրաջերմային էլեկտրակայանը: Լայն տարածում է ստացել արևային և քամու էներգիայի օգտագործումը, իսկ Ֆանդի ծոցի ափին, որտեղ մակընթացային ալիքը հասնում է 18 մ բարձրության, գործում է մակընթացային էլեկտրակայան: ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային: Մինչդեռ Հավայան կղզիներում կլիման արևադարձային է, իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք: Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս XVI դարում, այն բանից հետո, երբ Ք. Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան: Նրանք դուրս էին մղում հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին, վտարում նրանց դեպի անջրդի, ամայի տարածություններ՝ արգելաբնակավայրեր: XVII դարում վերաբնակիչները (հիմնականում՝ անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը՝ գաղութները: 1776 թ-ի հուլիսի 4-ին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից, և աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետությունը: Տարիների ընթացքում ԱՄՆ-ի պետական տարածքն անընդհատ ընդարձակվել է հոլանդական, շվեդական, անգլիական, ֆրանսիական տիրապետությունների հաշվին: Դրանց մի մասը նվաճվել է (Մեքսիկայից՝ 1848 թ-ին, Իսպանիայից՝ 1819 և 1898 թթ-ին), իսկ մի մասն էլ գնվել (Ֆրանսիայից՝ 1803 թ-ին, Անգլիայից՝ 1846 թ-ին, Ռուսաստանից՝ 1867 թ-ին): XIX դարի կեսերին ԱՄՆ-ն ուներ 48 նահանգ: Այնուհետև նահանգի կարգավիճակ ստացան Ալյասկան (1958 թ.) և Հավայան կղզիները (1959 թ.): Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի տարածքը համալրվում էր նոր նահանգներով, նրա պետական դրոշը փոխվում էր: ԱՄՆ-ի պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր, որոնք խորհրդանշում են առաջինը միավորված 13 գաղութները: Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի նահանգների այժմյան թվին: Պետության և կառավարության գլուխ նախագահն է, որն ընտրվում է չորս տարի ժամկետով և օժտված է մեծ լիազորություններով. նա զինված ուժերի գխավոր հրամանատարն է, ղեկավարում է կառավարական մարմինները, նշանակում բարձրաստիճան պետական գործիչներին: Մինչև 2007 թ. ԱՄՆ-ն ունեցել է 43 նախագահ: Ամենաերկարը ղեկավարել է Ֆրանկլին Ռուզվելտը (1933–45): Առավել նշանավոր են եղել Աբրահամ Լինկոլնը (1861–65) և Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (1961–63), ովքեր դավադրաբար սպանվել են: ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որոնց տարածքում երկար ժամանակ պատերազմներ չեն եղել: Չնայած դրան՝ ԱՄՆ-ը մասնակցել է ինչպես Առաջին, այնպես և Երկրորդ համաշխարհային պատերազմներին և մեծապես նպաստել դաշնակիցների՝ Գերմանիայի դեմ մղած պայքարին: Հետագա տարիներին պատերազմական գործողություններ է վարել Կուբայում, Կորեայում, Վիետնամում, մեր օրերում՝ Իրաքում: ԱՄՆ-ում զարգացած են ժամանակակից արդյունաբերության բոլոր ճյուղերը, հատկապես ավտոմոբիլային, ավիատիեզերահրթիռային, նավթավերամշակման, քիմիական, մեքենաշինական, հաստոցաշինական և ատոմային արդյունաբերությունը: ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային մեքենաշինության արտադրանքի 25%-ը: Տրանսպորտային մեքենաշինության գլխավոր ճյուղը ավտոմոբիլաշինությունն է, որն աչքի է ընկնում արտադրական և տարածքային համակենտրոնացման բարձր աստիճանով: Հիմնական արտադրանքը բաժին է ընկնում «Ջեներալ Մոթորս», «Ֆորդ Մոթորս» ընկերություններին: Ավտոմեքենաներ են արտադրվում 26 նահանգի մոտ 150 քաղաքում: Գլխավորը Միչիգանի նահանգն է, որտեղ գտնվում է «ավտոմեքենաշինության մայրաքաղաք» Դետրոյտը: Ավտոմեքենան շատ մեծ դեր ունի ամերիկացու կյանքում: Քաղաքային ուղևորափոխադրումների 82%-ը բաժին է ընկնում անձնական օգտագործման ավտոմեքենաներին, հեծանվորդներին և հետիոտներին` 10%-ը, իսկ հասարակական տրանսպորտին՝ ընդամենը 3%-ը: Մեծ զարգացում է ստացել ավիատիեզերահրթիռային արդյունաբերությունը, որն արտադրում է մարդատար, ռազմական, բեռնատար օդանավեր, տիեզերանավեր, հրթիռներ: ԱՄՆ-ում են գտնվում նաև աշխարհահռչակ «Բոինգ» (օդանավեր արտադրող) և «Իսթման Կոդակ» (օպտիկական սարքեր, լուսանկարչական ապարատներ արտադրող) ֆիրմաները: Համաշխարհային ճանաչում են ձեռք բերել համակարգիչները (Սիլիկոնյան հովիտ), ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական սարքերի արտադրոթյունը: ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավում նաև քիմիական արդյունաբերության արտադրանքի, գործվածքների, ծխախոտի («Մալբորոյի երկիր») արտադրության ծավալով: Շատ զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի բոլոր ճյուղերում լայն կիրառում ունի տեխնիկան: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են եգիպտացորենը, ցորենը, սոյան, բամբակենին, ցիտրուսները, ծխախոտը, գետնանուշը, շաքարի ճակնդեղը: ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի մոտ 25%-ը, այդ թվում՝ սոյայի 60%-ը, եգիպտացորենի, ցիտրուսների, մսի 20%-ը, կաթի, բամբակի, ցորենի, ձվի 15%-ը: Լինելով ժամանակակից աշխարհի ամենահզոր պետությունը՝ ԱՄՆ-ը ֆինանսական, տնտեսական, երբեմն նաև ռազմական օգնություն է ցույց տալիս շատ երկրների՝ հետապնդելով, իհարկե, նաև իր սեփական շահերը: ԱՄՆ-ի ներկայիս ազգային կազմը խիստ բազմազան է: Բնակչության հիմնական մասը կազմում են ներգաղթած¬ անգլիացիներն ու իռլանդացիները և Աֆրիկայից ժամանակին բռնի բերված նեգրերը, կան նաև տեղաբնիկ հնդկացիներ, գերմանացիներ, շվեդներ, հոլանդացիներ և այլք: Պետական լեզուն անգլերենն է, որը բառապաշարով և արտասանությամբ տարբերվում է բուն (բրիտանական) անգլերենից: Այդ լեզուն ստացել է ամերիկյան անգլերեն անվանումը: ԱՄՆ-ի բնակչությունը հիմնականում ապրում է քաղաքներում: Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որն արդյունաբերական, գիտական, ֆինանսական, մշակութային խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին: Քաղաքի խորհրդանիշը Ազատության կոթողն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին: Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը` օրենքի: Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում: Նյու Յորքի կենտրոնում, Մանհաթըն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը, ամերիկյան ամենախոշոր հեռուստատեսային ընկերությունները: Նյու Յորքում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակը: Պոտոմակ գետի ափին է գտնվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, որը հիմնադրվել է 1791 թ-ին և կոչվել ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի: 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է: Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի` Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը: Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է: Ամերիկյան Մեծ լճերից մեկի՝ Միչիգանի ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն: Նրանից ոչ հեռու Դետրոյտ քաղաքն է, որի Դիրբոռն արվարձանում է գտնվում աշխարհի նշանավոր տրանսպորտային թանգարանը՝ ավտոմեքենաների, ջերմաքարշերի, ինքնաթիռների բոլոր տեսակների հավաքածուով: Ուշագրավ է Բոստոն քաղաքը, որտեղ ավելի շատ, քան ԱՄՆ-ի որևէ այլ քաղաքում, կարելի է հանդիպել պատմամշակութային հուշարձանների: Նրա արվարձան Քեմբրիջում է գտնվում ԱՄՆ-ի հնագույն՝ Հարվարդի համալսարանը: Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ամենախոշոր քաղաքներն են Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն: Լոս Անջելեսը (իսպաներենից թարգմանաբար՝ հրեշտակապետ) հիմնադրել են իսպանացիները XVIII դարի վերջին: Այն զանգվածային զվարճությունների, համազգային նորաձևությունների կենտրոն է: Նրա արվարձաններից մեկում է գտնվում Դիսնեյլենդ հայտնի համալիրը: Այստեղ է գտնվում «Հոլիվուդ» ֆիրման, որը ներկայումս ունի 75 կինոստուդիա և թողարկում է ամերիկյան գրեթե բոլոր կինոնկարները: Սան Ֆրանցիսկոն, որը գտնվում է Կալիֆոռնիայի ծաղկուն հովտում, ԱՄՆ-ի արևմտյան մասի ամենախոշոր նավահանգիստն ու արդյունաբերական կենտրոնն է: ԱՄՆ-ը նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է. հայտնի են ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինն ու Աբրահամ Լինկոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը կառուցել է առաջին շոգենավը, Պ. Կուպերը ստեղծել է շոգեքարշը, Ու. Հանթը՝ կարի մեքենան, Ս. Մորզեն՝ հեռագրական սարքը, Ա. Բելը՝ հեռախոսը, Թ. Էդիսոնը՝ շիկացման էլեկտրական լամպը, Ու. Բարրոուզը՝ հաշվիչ մեքենան, Ռ. Օպենհայմերը՝ առաջին ատոմային ռումբը: ԱՄՆ-ը համարվում է առանձին գիտությունների «հայրենիքը»: Կիբեռնետիկայի «հայրը» Ն. Վիներն է, սաղմնաբանության հիմնադիրը՝ Ռ. Հարրիսոնը, երկրաքիմիայինը՝ Ֆ. Քլարկը, գենետիկայինը՝ Թ. Մորգանը: Վիթխարի են ԱՄՆ-ի նվաճումներն աստղագիտության և տիեզերքի ուսումնասիրության բնագավառում. ղեկավարվելով ամերիկյան աստղագետ Փ. Լոուելի տեսական կանխագուշակումներով՝ Ք. Թումբոն 1930 թ-ին հայտնագործել է Պլուտոն մոլորակը, Գ. Դեյպերը՝ տիեզերական միգամածությունը, Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը առաջինն են վայրէջք կատարել Լուսնի վրա (1969 թ.): Գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Էդգար Պոն, Վիլյամ Ֆոլկները, Ֆրենսիս Ֆիցջերալդը, Վիլյամ Օ'Հենրին, Ջերոմ Սելինջերը, մեր հայրենակից Վիլյամ Սարոյանը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ը զբոսաշրջության երկիր է: Յուրահատուկ լանդշաֆտները, արևոտ լողափերը, ազգային պարկերը, աշխարհահռչակ քարանձավները (Մամոնտի, Կարլսբադի), հիասքանչ ջրվեժները (Նիագարա, Յոսեմիթյան) և սպասարկման ժամանակակից ծառայությունները լայն հնարավորություններ են ապահովում հանգստի և զբոսաշրջության համար: Տարեկան ԱՄՆ է այցելում 35 մլն զբոսաշրջիկ:
Հայերը ԱՄՆ-ում Հայ-ամերիկյան առնչություններն իրենց վաղեմի պատմությունն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ: Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ: Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ: Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի հայկական ՄԵծ եղեռնին: Այդ բռնություններից ցնցված` ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն՝ Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի հովանավորությունը: Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը` ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով: Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը: ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները: Շատերի պապիկներն ու տատիկները, հավանաբար, դեռևս հիշում են Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում: Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի հայկական ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին: Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա և 1950–70-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ: Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները: ԱՄՆ-ում արդեն վաղուց գոյություն ունի բավական բազմամարդ հայկական համայնք: Ներկայումս ԱՄՆ-ում հայերի թիվը շուրջ 1 մլն 200 հզ. է. բնակվում են հիմնականում Կալիֆոռնիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան, Իլինոյս, Ֆլորիդա, Քոնեքթիքութ, Տեխաս նահանգներում: Միացյալ Նահանգներում այժմ կարելի է հանդիպել տարբեր զբաղմունքի տեր հայերի՝ մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ, առևտրականներ, արհեստավորներ, բանվորներ, գիտնականներ, բժիշկներ: Հայ գործիչներ կան ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում: Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝ Կալիֆոռնիայի նահանգապետն էր (1981–92) Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985 թ-ին (Հայոց ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից հիշատակության արժանի են գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը: Ամերիկահայ գաղութի հոգևոր կյանքում առանցքային դեր ունի Հայ առաքելական եկեղեցին: Առաջին հայ առաքելական եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1851 թ-ին Ուստրում: Ներկայումս ԱՄՆ-ում գործում են մոտ 90 հայկական եկեղեցիներ: Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, մարզական կազմակերպություններ: Առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886 թ-ին Նյու Յորքում, որը կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ում աստիճանաբար ստվարացող հայությանը ձուլման վտանգից զերծ պահելու, նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանելու գործում: Նշանակալի դեր են կատարում հայ ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ իրավանց խորհուրդը, Ամերիկայի հայկական համագումարը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը: ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ փոքրիկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով: Ով չի լսել այնպիսի նշանավոր ամերիկահայերի անունները, ինչպիսիք են գրողներ Վիլյամ Սարոյանն ու Մայքլ Առլեն Կրտսերը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանն ու Լուսին Ամարան, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, գեղանկարիչներ Հովսեփ Փուշմանը և Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), երգահան Ալան Հովհաննեսը, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը: ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն ամերիկահայ գիտնականները: Դեռևս 1843 թ-ին քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները, Միհրան Ղասաբյանը Ֆիլադելֆիայում 1903 թ-ին հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան, կենսաքիմիկոս Միհրան Կյուլյանը Չիկագոյի համալսարանում (1967 թ-ին) ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը գեղավիրահատության հիմնադիրներից է: Նշանավոր գիտնականներ են ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վերգինիա Աբգարը, վիրաբույժ-գյուտարար Ջոն Նաջարյանը, աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ), կենսաքիմիկոս Մանասե Սևակը, էլեկտրատեխնիկայի քաջագիտակ Հրաչ (Չառլզ) Փափազյանը, պատմաբաններ Հրանտ Արմենը, Ռիչարդ Հովհաննիսյանը և շատ ուրիշներ: Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հատնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Ալեպյանը, Երվանդ Թերզյանը: Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում: Ամերիկյան աստղագնացների խմբում է Ջեյմս Բաղյանը, որը թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» (1989 թ-ի մարտ) և «Կոլումբիա» (1991 թ-ի հունիս) տիեզերանավերով: Ամերիկահայ գաղութն ամենասերտ հարաբերություններն է պահպանում մայր հայրենիքի՝ ՀՀ-ի հետ:
|