 | Տղամարդու վերարտադրողական օրգանները
|
Ամորձիներն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումն սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ): Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40–60-ից մինչև 500–600 մլն: Ամորձիներում արտադրվում է նաև հորմոն՝ թեսթոստերոն, որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն): Ամորձիները սաղմնավորվում են որովայնի խոռոչում, պտղի աճմանը համապատասխան՝ ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և ծնվելու նախօրյակին աճուկային խողովակով իջնում ամորձապարկ (փոշտ): Երբեմն ոչ ճիշտ իջնելու դեպքում ամորձին, աճուկային խողովակից դուրս գալով, փոխում է իր ուղղությունը և տեղադըրվում աճուկի, ազդրի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ (երևույթն անվանում են գաղտնամորձություն): Առանձին դեպքերում ամորձու իջնելն ուշանում է և ավարտվում է միայն 10–13 տարեկանում: Գաղտնամորձության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի: Ամորձին պատված է մի քանի պատյաններով. պինդ շարակցահյուսվածքային սպիտակավուն պատյանը, ճառագայթաձև տարածվելով դեպի ներս, ամորձու նյութը (պարենքիմ) բաժանում է բլթակների: Ամորձու նյութը կազմված է ուղիղ և ոլորուն սերմնախողովակիկներից: Սերմնաբջիջներն արտադրվում են միայն ոլորուն խողովակիկներում: Ամորձիների արտազատուկը, խառնվելով սերմնաբշտերի (գտնվում են միզապարկի և ուղիղ աղիքի միջև) արտազատուկին, առաջացնում է սերմը, որը, սերմնավիժող ծորանով անցնելով շագանակագեղձի հաստության միջով, բացվում է միզուկի մեջ: - Տղաների սեռական հասունացումն սկսվելու մասին են վկայում առաջին երազախաբությունները (ակամա սերմնաժայթքումներ), որոնք դեռահասների և պատանիների մոտ լինում են շաբաթը 1 անգամ: Չափազանց կարևոր է, որ դեռահասը սեռական հասունացման մասին ճիշտ պատկերացում ունենա: Տղաները պետք է իմանան, որ երազախաբությունն օրինաչափ, բնական երևույթ է, և պետք է զերծ մնան ցանկասիրության վաղաժամ արթնացումից:
|