Ամպերը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ:
Ամպերը ծնվել է լիոնցի ազնվականի ընտանիքում: Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով: 1820 թ-ին մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անվամբ:
Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասիրությունը. կապ է հաստատել էլեկտրական ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել է հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիսականության առաջին տեսությունը:
Ամպերի անունով են կոչվել Ամպեր (Ա), Ամպեր-գալար (Ա-գ), Ամպեր-ժամ (Ա-ժ) միավորները:
Ամպերն էլեկտրական հոսանքի միավորն է, որը նախապես սահմանվել էր որպես` 1 Ա էլեկտրական այնպիսի անփոփոխ հոսանքի ուժն է, որը, անցնելով 1 Օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում է 1 Վ լարում:
Ավելի ուշ՝ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է` 1 Ա այն էլեկտրական անփոփոխ հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից յուրաքանչյուրով` նրանց ամեն 1 մ երկարության վրա առաջ է բերում 2.10-7 Ն փոխազդեցության ուժ: