 | 872 թ., ք. Բորգե, Նորվեգիա 1928 թ., Արկտիկա
«Հաղթում է նա, ով նախատեսում է ամեն բան, մանրուքն անգամ չի անտեսում, դա էլ հենց հաջողությունն է»,- ասում էր հանրահռչակ ծովագնաց Ամունդսենը:
|
Նորվեգացի պատանին ծովային գործը լավ յուրացնելու համար 3 տարի ծառայել է նախ որպես հասարակ նավաստի, ապա դարձել ղեկապետ (շտուրման): Իսկ նավապետի դիպլոմ ստանալուց հետո ձեռնամուխ եղավ իր առաջին ինքնուրույն արշավախմբի կազմակերպմանը. նա որոշել էր անցնել Հյուսիսային Ամերիկայի ափերի երկայնքով և փորձել գտնել Ատլանտյանից դեպի Խաղաղ օվկիանոս տանող Հյուսիսարևմտյան ծովանցքը: Դա 1903 թ-ին էր: Գիտարշավը տևեց 3 տարի՝ 3 ծանր ձմեռում Ծայր Հյուսիսում: Արկտիկան արշավախմբի 7 անդամների գլխին էր թափում իր ողջ մոլեգնությունը: Այդուհանդերձ, 1906 թ-ին ճանապարհորդները ողջ-առողջ, գիտական հարուստ պաշարով (հաջողվել էր որոշել նաև մագնիսական բևեռի ճշգրիտ տեղը) հասան Կալիֆոռնիայի ափը: Նրանք արեցին այն, ինչ ուրիշներին չէր հաջողվել 400 տարի շարունակ: Այնուհետև գիտարշավները հաջորդեցին միմյանց: 1910 թ-ին նա ուղևորվեց Հյուսիսային բևեռ, բայց այնտեղ ավելի շուտ հասել էր ամերիկացի Ռոբերտ Փիրին: Ամունդսենը «Ֆրամ» նավով անմիջապես ճանապարհորդեց դեպի Անտարկտիկա և 1911 թ-ի դեկտեմբերի 14-ին առաջինը հասավ Հարավային բևեռ: 1926 թ-ին «Նորվեգիա» դիրիժաբլով Շպիցբերգեն կղզուց առաջինը Հյուսիսային բևեռի վրայով անցավ մինչև Ալյասկա՝ ուսումնասիրելով Արկտիկայի օդային ուղիները: 1928 թ-ին Արկտիկայում աղետի ենթարկվեց «Իտալիա» դիրիժաբլը: Տարբեր երկրներից օգնության շտապողների մեջ էր նաև Ամունդսենը: Նա թռավ օդանավով, սակայն առանց ուղեկցողի: Եվ այդ թռիչքը ճակատագրական եղավ՝ Ամունդսենը չվերադարձավ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կատարվեց, որտեղ կործանվեց փառապանծ ճանապարհորդի օդանավը, մի անվեհեր հետախույզի, ում անունը հավերժ կմնա աշխարհագրական հայտնագործությունների պատմության մեջ: Ամունդսենի անունով կոչվել են ծով` Անտարկտիդայի ափին, լեռ` Անտարկտիդայում, ծոց ու գոգհովիտ` համապատասխանաբար` Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում և նրա հատակին:
|