Հայտնի է այծկիթների 70 տեսակ. հիմնականում տարածված է արևադարձային և բարեխառն գոտիներում: Եվրոպայում հանդիպող այծկիթների 3 տեսակից ամենատարածվածը սովորական այծկիթն է, որը հանդիպում է նաև ՀՀ-ում: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Այծկիթի փետուրների գույներն այնքան նման են շրջապատի գույներին, որ նույնիսկ շատ մոտ գտնվող կամ ծառի ճյուղին նստած թռչունը կարող է աննկատ մնալ: Փետրածածկը դարչնագույն է՝ մոխրագույն ու սպիտակ բարդ նախշերով: Բացի դրանից, ծառի ճյուղին նա նստում է երկայնակի ձգված: Գիշերային թռչուն է: Նրան կարելի է տեսնել միայն ուշ երեկոյան և գիշերը, երբ մերթ ընդ մերթ պտտվում է բացատի վրա՝ արագ վեր ճախրելով և սրընթաց վայր իջնելով: Հաճախ ճանաչելի է մռլտոց հիշեցնող ձայնով: Պտտվում է կովերի, այծերի, ձիերի շուրջը, սակայն ոչ թե կաթ գողանալու համար (ինչպես կարծել են մարդիկ՝ նրան այծկիթ անվանելով), այլ որսում է անասունների շուրջը թռչող մոծակների, գիշերային թիթեռների, ճանճերի և այլ միջատների: Որսալով մեծ քանակության արյունածուծ միջատներ՝ այծկիթը նաև օգտակար գործ է կատարում: Այծկիթները բույն չեն հյուսում: Էգը մոխրագույն և դարչնագույն պուտերով 1–4 սպիտակ ձու է դնում թափված տերևների, փշերի կամ պարզապես գետնի վրա: Եվ հենց այդտեղ էլ էգն ու արուն հերթով թուխս են նստում: 17-18 օրից հետո դուրս են գալիս գորշ աղվամազով ծածկված ձագերը. նրանք լրիվ անպաշտպան են, և միայն խայտաբղետ նախշերով գունավորումն է երբեմն փրկում նրանց: Աշնանն այծկիթները չվում են տաք երկրներ, գարնանը վերադառնում: - Այս թռչուններին մարդիկ տվել են այծկիթ անվանումը, որովհետև նրանք անընդհատ պտտվում են կովերի և այծերի շուրջը, և թվում է, թե նրանցից կաթ են գողանում:
|