 | Կեռասենու ճյուղը՝ ծաղիկներով և պտուղներով |
Կեռասենին վարդազգիների ընտանիքի կեռասենու ցեղի տերևաթափ պտղատու ծառ է: Տարածված է Միջին և Հարավային Եվրոպայում, Իրանում, Ռուսաստանում, Կովկասում: Աճում է հիմնականում լայնատերև ու ասեղնալայնատերև անտառներում: ՀՀ-ում հանդիպում է անտառային կեռասը: Աճում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում: Մշակվում է Արարատյան, նախալեռնային, հյուսիսարևելյան և Զանգեզուրի գյուղատնտեսական գոտիներում: Բնի կեղևը գորշասպիտակավուն է, ծառի բարձրությունը՝ 15 (20) մ: Տերևները պարզ են, խոշոր, երկար, ձվաձև, հակառակ ձվաձև՝ սուր ծայրով, ատամնաեզր: Ծաղկաբույլը նոսրածաղիկ հովանոց է, ծաղիկները՝ խոշոր, սպիտակ, երկար կոթուններով, երբեմն՝ մեկական: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը տարբեր մեծության, հյութալի կորիզապտուղ է, կարմիր, սպիտակ, դեղին, վարդագույն, կորիզը՝ կլորավուն կամ ձվաձև, հարթ: Պտղահյութն անգույն է, երբեմն՝ մուգ կարմրավուն, քաղցր, թթվաշ: Պտուղները պարունակում են շաքարներ, ազոտ և այլ նյութեր, օգտագործվում են թարմ և վերամշակած (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ, գինի, չիր, շաքարաչիր և այլն): Կորիզի միջուկը պարունակում է յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության, բնափայտը՝ ատաղձագործության մեջ (պատրաստում են երաժշտական գործիքներ): Երկարակյաց է (ապրում է մինչև 100 տարի և ավելի), ջերմա-, լուսա-, խոնավասեր է: Բազմանում է արմատներով, սերմերով և արմատային մացառներով: Մեղրատու է:
|