Sn Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ մետաղ է: Քիմիապես կայուն է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով: Անագը հայտնի է վաղ անցյալից: Մաքուր տեսքով այս մետաղը մարդիկ ստանում էին դեռևս մ.թ.ա. II հազարամյակում: Անագից պատրաստում էին զարդեր, ամանեղեն, ջրատար խողովակներ: Անագի մասին հիշատակվում է նաև Հոմերոսի պոեմներում: Դեռևս մ. թ. ա. IV հազարամյակի վերջին, պղնձի և անագի հանքանյութերը համատեղ ձուլելով, մարդիկ ստանում էին բրոնզ համաձուլվածքը: Շատ ավելի ուշ բրոնզն արդեն ստանում էին՝ պղինձն ու անագը համատեղ ձուլելով: Բրոնզը դեղին էր, շատ ամուր և գեղեցիկ: Դրանից ձուլում էին արձանիկներ, կռում սրեր, պատրաստում աշխատանքային գործիքներ ու ամանեղեն, հատում դրամ: Մարդկության պատմության մի ամբողջ դարաշրջան ստացել է բրոնզի դար անունը: Անագի պարունակությունը երկրակեղևում կազմում է 4.10-3 % (ըստ զանգվածի): Բնության մեջ անագը հանդիպում է միացությունների ձևով, որոնցից կարևորներն են անագաքարը (կասիտերիտ) և անագահրաքարը (ստանին): Անագը գոյություն ունի 3 բյուրեղական ձևերով: Ամենակայունը սպիտակ կամ b-անագն է. 13,2օC-ից ցածր ջերմաստիճաններում այն փոխակերպվում է մոխրագույն փոշու կամ l -անագի: Որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան մեծ է այդ փոխարկման (հայտնի է «անագի ժանտախտ» անունով) արագությունը: 161օC-ից բարձր ջերմաստիճաններում անագը փոխարկվում է փխրուն կամ g-անագի: Անագն օգտագործվում է պահածոների երկաթե տուփերի անագապատման, զոդանյութեր, համաձուլվածքներ պատրաստելու համար: Այս մետաղի հակակոռոզիային հատկությամբ է պայմանավորված առարկաների, ամանեղենի, ժապավենների, մետաղալարերի պատումն անագի բարակ շերտով: Յուրաքանչյուր ռադիոսխեմայում կարելի է տեսնել հարյուրավոր հպակներ, որոնք անագե զոդանյութի փոքրիկ սառած կաթիլներ են և իրար են միացնում մանրամասերն ու հոսանքի լավ հաղորդիչներ են: Հայաստանում անագի երևակումներ կան Սևանի ավազանում, Հրազդանի և Ստեփանավանի շրջաններում: Անագի փոշին թունավոր է և առաջացնում է ստանոզ կոչվող հիվանդությունը: «Անագի ժանտախտ» 1912 թ-ին կործանվել է անգլիացի բևեռախույզ Ռ. Սկոտի անտարկտիկական արշավախումբը, որովհետև նավը մնացել էր առանց վառելանյութի: Հեղուկ վառելանյութը պահված էր անագով զոդված անոթներում, իսկ անագը սաստիկ ցրտերից «հիվանդացել», փոշիացել էր, և վառելիքը լցվել էր ծովը: «Անագի ժանտախտը» կոչվում է նաև «անագի թանգարանային հիվանդություն», որովհետև դրանով առավել հաճախ «հիվանդանում» են չջեռուցվող շենքերում պահվող անագե իրերը: Տվյալ երևույթը կանխելու համար սպիտակ անագին ավելացնում են բիսմուտ, կապար և անտիմոն, որոնք կտրուկ դանդաղեցնում են անագի այդ վտանգավոր փոխարկումը:
|