Ռուս ֆիզիկոս Իգոր Կուրչատովի ղեկավարությամբ ստեղծվել են խորհրդային առաջին ատոմային (1949թ.) և աշխարհի առաջին ջերմամիջուկային (1953թ.) ռումբերը:
Իգոր Կուրչատովը 1923թ-ին ավարտել է Ղրիմի համալսարանը, 1925 թ-ից աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: 1943թ-ին Կուրչատովը հիմնադրել և մինչև կյանքի վերջը գլխավորել է ԽՍՀՄ Ատոմային էներգիայի ինստիտուտը, որը 1960 թ-ից կոչվում է նրա անունով: 1940թ-ին Կուրչատովը հայտնագործել է նեյտրոններով ռմբակոծելուց առաջացող միջուկային ռեակցիաների ճյուղավորման երևույթը և ուսումնասիրել մի շարք տարրերի արհեստական ճառագայթաակտիվությունը, որն ընկած է միջուկային ատոմակայանների և ռումբի գործողության հիմքում, 1935 թ-ին նա աշխատակիցների հետ հայտնաբերել է միջուկային իզոմերիայի երևույթը: Կուրչատովի ղեկավարությամբ են կառուցվել Մոսկվայի առաջին ցիկլոտրոնը՝ 1939 թ-ին, և Եվրոպայի ատոմային առաջին միջակային ռեակտորը՝ 1946 թ-ին: Նա մշակել է նաև նավերի հակաականային պաշտպանության համակարգը:
Կուրչատովի ղեկավարությամբ է կառուցվել և 1954թ-ին շարք մտել աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը: Նրա անունով է կոչվել քիմիական տարրերի պարբերական համակարգի 104-րդ տարրը:
Եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, Պետական (քառակի) և Լենինյան մրցանակների դափնեկիր:
Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիան սահմանել է Կուրչատովի անվան մեդալ ու մրցանակ: