Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Չժանգոտվող պողպատից պատրաստված մանրամասեր 
Բրոնզե արձանիկ
Արույրե արձանիկ
Համաձուլվածքները 2 և ավելի մետաղներից, ինչպես նաև մետաղներից ու ոչ մետաղներից (ածխածին, սիլիցիում, բոր և այլն) բաղկացած նյութեր են:
Համաձուլվածքների հատկությունները կախված են նրանց որակական ու քանակական կազմից: Որպես կանոն՝ համաձուլվածքների հալման ջերմաստիճանն ավելի ցածր է, իսկ ամրությունն ու կարծրությունը՝ բարձր, քան նրանց բաղադրամասերինը. օրինակ՝ ոսկու և արծաթի համաձուլվածքն անհամեմատ ամուր է առանձին մետաղներից:
Տարրերի պարբերական համակարգում մետաղները որքան հեռու են միմյանցից, այնքան փոքր է նրանց փոխադարձ լուծելիությունը և համաձուլվածք առաջացնելու ունակությունը:
Տեխնիկայի պահանջներից ելնելով՝ ստանում են թթվակայուն, հիմնակայուն, դյուրահալ, դժվարահալ, փափուկ, կարծր և այլ համաձուլվածքներ. լայնորեն օգտագործվում են պողպատը, թուջը, բրոնզը, արույրը, բաբիտները, նիքրոմը, պոբեդիտը, դյուրալյումինը և այլն:
Պողպատը երկաթի համաձուլվածքն է՝ քիչ քանակությամբ (մինչև 2%) ածխածնի և մետաղաձուլական խառնուկների՝ մանգանի, սիլիցիումի, ծծմբի, ֆոսֆորի հետ: Պողպատին փոքր քանակությամբ այլ մետաղներ ավելացնելիս ստացվում են լեգիրված (որակավորված) պողպատներ. օրինակ՝ չժանգոտվող պողպատին այդ հատկությունը հաղորդում են ավելացված քրոմն ու նիկելը: Պողպատին քրոմ ու վոլֆրամ ավելացնելիս ստացվում է «արագահատ» պողպատ, որից պատրաստված խառատային և ֆրեզերային հաստոցների կտրիչներն աշխատանքի ընթացքում կարող են շիկանալ մինչև մուգ կարմիր դառնալը և չկորցնել իրենց կարծրությունը:
Թուջը (չուգուն) երկաթի համաձուլվածքն է` ածխածնի (2–4,5%), սիլիցիումի, մանգանի, ֆոսֆորի և ծծմբի հետ: Այն շատ փխրուն է. հարվածելիս փշրվում է: 
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքները կոչվում են սև մետաղներ, իսկ մնացած բոլորը՝ գունավոր:
Բրոնզը պղնձի համաձուլվածքն է` մյուս տարրերի (մեծ մասամբ՝ մետաղների) հետ: Տարբերում են անագային՝ պարունակում է անագ, ալյումինային (5–11% ալյումին), կապարային (մինչև 33% կապար), սիլիցիումային (մինչև 4% սիլիցիում) և այլ բրոնզներ: Կիրառվում է մեքենաների մասեր և գեղարվեստական ձուլվածքներ պատրաստելու համար:
Արույրը պղինձ (65–70%) և ցինկ (30–35%) պարունակող համաձուլվածքն է: Օժտված է մեծ պլաստիկությամբ: Օգտագործվում է սարքեր, մեքենաների մասեր, կաթսաներ, ինքնաեռներ պատրաստելու համար:
Բաբիտները անագի ու կապարի համաձուլվածքներն են, որոնք պարունակում են նաև անտիմոն, պղինձ և այլ մետաղներ: Այս համաձուլվածքները նվազեցնում են շփումը և օգտագործվում են առանցքակալներ պատրաստելու համար:
Նիքրոմը նիկելի (67,5%), քրոմի (15%), երկաթի (16%) և մագնեզիումի (1,5%) համաձուլվածքն է: Օժտված է մեծ էլեկտրադիմադրողականությամբ և հրակայունությամբ: Օգտագործվում է էլեկտրական ջեռուցիչ սարքեր պատրաստելու համար:
Պոբեդիտը ածխածնի, վոլֆրամի և կոբալտի համաձուլվածքն է: Կարծրությամբ մոտ է ալմաստին: Կիրառվում է կտրող, հղկող և հորատման գործիքներ ու սարքեր պատրաստելու համար:
Դյուրալյումինը ալյումինի (95%), մանգանի, պղնձի և մագնեզիումի համաձուլվածքն է: Շատ թեթև է և ամուր: Ամրությամբ մոտ է պողպատին, սակայն նրանից թեթև է 3 անգամ: Օգտագործվում է ինքնաթիռաշինության մեջ:
Նիտինոլը նիկելի և տիտանի համաձուլվածքն է: Դրանից պատրաստված իրերը, ծռելուց կամ հարթեցնելուց հետո, տաքացնելիս ընդունում են իրենց նախկին ձևը: Այսինքն` օժտված են այսպես կոչված «հիշողությամբ»:
Անագի (50%) և ինդիումի (50%) համաձուլվածքն օգտագործվում է որպես զոդանյութ՝ ապակու և մետաղների զոդման համար:
Ռենիումի համաձուլվածքները տանտալի և վոլֆրամի հետ բոլոր հայտնի համաձուլվածքներից ամենահրակայունն են:
  • Ոչ մետաղական համաձուլվածքներ են լեռնային ապարները՝ գրանիտը, բազալտը և այլն, սիլիկատային ապակին, մետաղաձուլության որոշ ոչ մետաղական նյութերը՝ խարամները, հալանյութերը և այլն: