Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Աստանա
Տարածքը՝ 
2.717 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
14,8 մլն
Պետական լեզուն՝ 
ղազախերեն
Դրամական միավորը՝ 
թենգե
Բայթերեկ աշտարակը Աստանայի գլխավոր խորհրդանիշերից է:
Տեսարան Կարագանդայից
Ղազախստանում է գտնվում Բայկոնուր հայտնի տիզերակայանը, որտեղից դեպի Տիեզերք են թռչում ռուսական տիեզերանավերը:
Ղազախստանի Հանրապետություն
Ղազախստանը Կենտրոնական Ասիայի՝ տարածքով ամենամեծ պետությունն է. արևմուտքից արևելք  ձգվում է 3 հզ. կմ, հյուսիսից հարավ՝ 1,5 հզ. կմ: Երկիրն աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ ու հակադրություններով: Այստեղ կարելի է հանդիպել թե՜ անապատային լանդշաֆտի, լեռնային տունդրայի, ընդարձակ տափաստանների և թե՜ հզոր ձյունածածկ լեռնաշղթաների:
Ղազախստանի տարածքը հիմնականում հարթավայրային է. հարավում Թուրանի դաշտավայրն է, հյուսիսում՝ Արևմտասիբիրական դաշտավայրը, որոնց միջև պահպանվել են բլուրներ: Եվ միայն ծայր հարավում ու հարավ-արևելքում վեր են խոյանում Ալթայի, Տյան Շանի և Ջունգարական Ալաթաուի բարձր լեռնաշղթաները: 
Ղազախստանի ընդերքը հարուստ է. կան երկաթի, գունավոր և ազնիվ մետաղների (պղինձ, կապար, ցինկ, արծաթ, ոսկի և այլն), քարածխի, նավթի, ֆոսֆորիտների պաշարներ:
Խոշոր գետերն են Իրտիշը, Ուրալը, Սիրդարյան: Երկրի տարածքում են Կասպից և Արալյան ծովերի ափամերձ շրջանները, ինչպես նաև Բալխաշ ու Զայսան լճերը: Ամուդարյա և Սիրդարյա գետերի ջրերը ոռոգման նպատակով լայնորեն օգտագործելու հետևանքով Արալյան ծովը ծանծաղել ու փոքրացել է: Լճի չորացած հատակում կուտակված աղը քամիները երբեմն հասցնում են մինչև Ղազախստանի կենտրոնական մասեր՝ մեծ վնաս պատճառելով գյուղատնտեսությանը:
Լեռնային և նախալեռնային շրջաններում առատ անձրևների շնորհիվ աճում են անտառներ ու մարգագետիններ:
Հյուսիսում ձգվում են անծայրածիր տափաստաններն ու կիսաանապատները, որտեղ կանաչ են միայն գետահովիտներն ու լճափերը (տուգյաներ կամ օազիսներ), իսկ անապատների ավազուտներում և կավահողերում խոտ ու ծաղիկ աճում են միայն վաղ գարնանը և ապրում ընդամենը 2–3 շաբաթ: Այդ չոր հողատարածքներն օգտագործվում են որպես արոտավայր:
Ղազախստանի տարածքում 1-ին պետական միավորումն առաջացել է մ.թ.ա. III-I դարերում: Մ.թ. VI-VII դարերում եղել է Թյուրքական խաքանության և կառլուկների, ապա օղուզների ու Կարախանյանների պետության կազմում: XV դարում ձևավորվել է Ղազախական խանությունը, որի հյուսիսային հատվածը XIX դարի 60-ական թվականներին ընդունել է ռուսական հպատակություն:
1917 թ-ի հոկտեմբեր – 1918 թ-ին երկրում հաստատվել է խորհրդային իշխանություն, 1925 թ-ին ձևավորվել է Ղազախական Ինքնավար Հանրապետությունը՝ ՌԽՍՖՀ-ի կազմում, 1936 թ-ից՝  Ղազախական ԽՍՀ՝ ԽՍՀՄ-ի կազմում:  Պատմական կարճ ժամանակամիջոցում  յուրացվեցին միլիոնավոր հեկտար հացազգի տարախոտային տափաստաններ և դարձան վարելահողեր. միայն 1950-ական թվականներին հերկվեցին ավելի քան 24 մլն հեկտար խամ ու խոպան հողեր: Դրա շնորհիվ Ղազախստանը դարձավ հացահատիկի իսկական շտեմարան: Կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական քաղաքներ՝ Բալխաշ, Ջեզկազգան, Տեմիրթաու, Ակթաու, Կարագանդա և այլն:
Անկախության հռչակագիրն  ընդունվել է 1990 թ-ի հոկտեմբերին,  անկախությունը հռչակվել 1991 թ-ին` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Ղազախստանի բնակչության 1/3-ը ղազախներ են, գերակշռում են ռուսները, կան ուկրաինացիներ, թաթարներ, գերմանացիներ, ուզբեկներ, հայեր և այլք: 
Երկրի նավթի և գունավոր մետաղների հսկայական պաշարներն այսօր գրավել են օտարերկրյա ընկերությունների ուշադրությունը, որոնք խոշոր ներդրումներ են կատարում երկրի տնտեսության մեջ: Զարգացած են գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերությունը: Երկրի ծայր հարավում, նախալեռնային հարթավայրերում, մշակում են բրինձ, շաքարի ճակնդեղ, բամբակենի, ծխախոտ, խաղող, սեխ, ձմերուկ, մրգեր (հատկապես` խնձոր):
Մինչև 1995 թ. պետության մայրաքաղաքը Ալմա Աթան (այժմ՝ Ալմաթի) էր, որը գտնվում է Տյան Շանի լեռնալանջերին. ժամանակակից գեղեցիկ քաղաք է՝ շրջապատված պտղատու, հատկապես՝ խնձորի այգիներով (ղազախերեն Ալմա Աթա նշանակում է՝ խնձորի հայր): Այն երկրի խոշորագույն արդյունաբերական կենտրոնն է իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, գիտական հիմնարկներով ու մշակութային հաստատություններով: Քաղաքից ոչ հեռու գտնվում է ձմեռային մարզաձևերի՝ աշխարհում ամենախոշոր բարձրլեռնային Մեդեո մարզահամալիրը:
1995 թ-ից հանրապետության նոր մայրաքաղաք է հռչակվել Աստանան (ղազախերենից թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք): Ներկայումս այնտեղ ընթանում է պետական և կառավարական շենքերի, դեսպանատների մեծ շինարարություն:

Հայերը Ղազախստանում
Հայերը Կենտրոնական Ասիայում հաստատվել են վաղնջական ժամանակներից: Սակայն Ղազախստանի հայկական համայնքը ձևավորվել և ստվարացել է XIX դարի 2-րդ կեսին, ապա՝  խորհրդային իշխանության հաստատումից հետո: Սակայն բազմազգ Ղազախստանում հայերն ազգային որևէ կազմակերպություն չեն ունեցել:
Ներկայումս Ղազախստանում բնակվում է շուրջ 26 հզ. հայ. երկրի 11 քաղաքներում գործում են հայկական մշակութային կենտրոններ, որոնք 2004 թ-ի հոկտեմբերին միավորվել են Ղազախստանի հայկական մշակութային «Նաիրի» ընկերակցության մեջ (նախագահ` Ա. Կարապետյան): Հայկական մշակութային կենտրոններին կից գործում են կիրակնօրյան դպրոցներ, ազգագրական երգի-պարի ստուդիաներ, ուսուցանվում է հայոց լեզու: 2006 թ-ի հոկտեմբերին Ալմաթիում օծվել է Սուրբ Կարապետ եկեղեցին: