 | Աչքում պատկերի առաջացման սխեման |
 | 1. Եղջերաթաղանթ, 2. ծիածանաթաղանթ, 3. ոսպնյակ, 4. Լույսի ճառագայթները կիզակետվում են աչքի հետին պատի ցանցաթաղանթի վրա: 5. Մկանները պահում են ակնագունդը և ղեկավարում նրա շարժումները: 6. Արցունքային խողովակը տեղադրված է քթային կողմում: 7. Երբ աչքը լցվում է արցունքով, նրա մի մասը դուրս է գալիս արցունքային խողովակով, մյուս մասը՝ քթով:8. Բիբը սև բացվածք է ծիածանաթաղանթի կենտրոնում: 9. Արցունքագեղձը մշտապես լվանում է աչքը աղի արցունքային հեղուկով: 10. Ակնագունդը լցված է դոնդողանյութով, որը պահպանում է աչքի ձևն ու չափերը: 11. Տեսողական նյարդն ազդակները ցանցաթաղանթից հաղորդում է գլխուղեղ:
|
Աչքը մարդու և կենդանիների տեսողության օրգանն է: Աչքերով կենդանիները տեսնում են, տեղեկություն ստանում շրջպատի առարկաների մասին. մարդիկ ճանաչում են առարկաները, զանազանում նրանց գույնը, ձևը և պայծառությունը: Մարդու աչքը աշխատում է լուսանկարչական խցիկի նման. այն բարդ օպտիկական կենդանի սարք է: Առարկայից եկած լույսի ճառագայթների բեկման և կիզակետման միջոցով աչքի մեջ ստացվում է առարկայի փոքրացված պատկերը: Լույսի ճառագայթներն աչքի մեջ են թափանցում մաշկային թափանցիկ շերտի՝ եղջերաթաղանթի միջոցով, այնուհետև անցնում են պինդ թափանցիկ տեսապակու՝ ոսպնյակի միջով, որտեղ էլ բեկվում և կիզակետվում են աչքի հետին պատի ցանցաթաղանթի վրա: Ստացված պատկերն ընդունվում է ցանցաթաղանթի զգացող նյարդային վերջույթների կողմից, և տեսողական նյարդով ազդակներն ուղարկվում են գլխուղեղ: Աչքի գունավոր մասը՝ ծիածանաթաղանթը, պարունակում է հատուկ ներկանյութ՝ մելանին, որի քանակությամբ է պայմանավորված աչքի գույնը: Ծիածանաթաղանթը տեղավորված է եղջերաթաղանթի հետևում: Այն նուրբ մկանային թաղանթ է, որի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը: Ուժեղ լարվածության դեպքում ծիածանաթաղանթի մկանները կծկվում են, և բիբը նեղանում է ու կարող է վերածվել փոքր կետի, մթնշաղին, ընդհակառակը, բիբը լայնանում է, և այդպես կարգավորվում է աչքի մեջ ընկնող լույսի ճառագայթների քանակը: Մարդիկ և կենդանիների մեծամասնությունն ունեն 2 աչք, ինչը հնարավորություն է տալիս նրանց որոշել նաև առարկաների հեռավորությունն ու մեծությունը:
Ինչու են մարդիկ ակնոց կրում Շատ մարդկանց տեսողությունը թույլ է, և նրանք ստիպված են ակնոց կամ հպվող տեսապակիներ կրել: Կարճատեսության դեպքում մարդը պարզորոշ տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, իսկ հեռատեսության դեպքում՝ միայն հեռու գտնվողները: Բնականոն աչքում դիտվող առարկայից եկող լույսի ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի վրա (առարկայի պատկերը լինում է պարզորոշ): Կարճատեսության ժամանակ լույսի ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի առջևում, հեռատեսության ժամանակ՝ ցանցաթաղանթի հետեվում (2 դեպքում էլ առարկայի պատկերը պարզորոշ չէ): Կարճատես և հեռատես աչքի առջևում դրված շտկող տեսապակին փոխում է ճառագայթների ընթացքը, և դրանք կիզակետվում են ցանցաթաղանթի վրա: Տեսողության թուլության աստիճանը և ակնոց կամ հպվող տեսապակիներ կրելու անհրաժեշտությունը որոշում է բժիշկ-ակնաբանը (օֆթալմոլոգ) կամ ակնաբույժը (օկուլիստ): Ակնոցի հայտնագործման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, սակայն դեռևս XIII դարում այն օգտագործել են Եվրոպայում և Չինաստանում: Դրանք սկսել են լայնորեն կիրառվել հատկապես XV դարից, երբ ի հայտ եկան գրքերը, և կարդալու ժամանակ տեսողության խանգարումներն ավելի նկատելի դարձան:
|