 | Լծակի օգնությամբ առանց մեծ ճիգերի կարելի է բարձրացնել ծանր բեռներ: Լծանվակի (վագա) հենման կետն ավելի մոտ է բեռին, քան մարդուն, այդ պատճառով ծանր բեռը կարելի է բարձրացնել փոքր ջանքերով: Իսկ ձեռնասայլակի դեպքում բեռը գտնվում է մարդու և հենման կետի միջև: |
Մեխանիզմները (հունարեն է, նշանակում է գործիք, հարմարանք) սարքեր են, որոնք թեթևացնում են մարդու աշխատանքը: Դրանք լինում են շատ պարզ, օրինակ՝ դռան բռնակը, և շատ բարդ, օրինակ՝ ռոբոտը: Մեխանիզմների մեծ մասը, նույնիսկ ամենախոշորներն ու բարդերը, ինչպես, օրինակ, լոկոմոտիվի շարժիչները կամ տպագրական մամլիչները, հիմնականում բաղկացած են 5 համեմատաբար պարզ մեխանիզմներից՝ սեպից կամ թեք հարթությունից, լծակից, սռնիին հագցրած անվից, պտուտակից ու ճախարակից:Սեպը կամ թեք հարթությունն օգտագործում են մեծ քաշով բեռները փոքր բարձրություններ բարձրացնելու համար: Տեղաշարժելով բեռը թեք հարթությունով վեր՝ մենք ավելի քիչ ջանք ենք գործադրում, քան բեռն այդ նույն բարձրությունն ուղղակիորեն բարձրացնելիս: Սակայն այս դեպքում մեծանում է բեռը տեղաշարժելու ճանապարհը: Սեպի (կացնի) առաջացրած` դեպի տարբեր կողմեր ուղղված հզոր ուժերն օգտագործում են փայտ ջարդելու համար: Առանցքի վրա հագցրած անիվն առանց մեծ ջանքերի ծանր բեռներ տեղափոխելու ևս մեկ միջոց է: Անվի պտույտը կարող է նրա սռնիի վրա առաջացնել պտտական մեծ ուժ: Բոլոր ավտոմեքենաները և բազմաթիվ այլ մեքենաներ ունեն սռնիների վրա հագցրած անիվներ: Պտուտակ գործածելիս մեծապես շահում ենք ուժի մեջ: Պտուտակը պտտվում է բազմաթիվ անգամներ, որպեսզի կարողանա անցնել շատ փոքր ճանապարհ: Պտուտակային ամբարձիկը հնարավորություն է տալիս բարձրացնել ավտոմեքենան: Մեխանիկական էներգիան մեխանիզմի մի մասից մյուսին է փոխանցվում տարբեր եղանակներով: Ատամնանիվները (ժանանիվները), փոկերը և շղթաները շարժումը փոխանցելու երեք ամենատարածված սարքերն են և նախատեսված են մեխանիզմների առանձին մասերն ավելի արագ, ավելի դանդաղ կամ հակառակ ուղղությամբ պտտելու համար: Արագընթաց և բարդ մեխանիզմները հաճախ ղեկավարում է էլեկտրոնային սարքը. նրա էլեկտրական տվիչները ցույց են տալիս, թե երբ պետք է միացնել մեխանիզմի այս կամ այն մասը, և հետևում են, որ ամեն ինչ աշխատի հավասարաչափ ու հուսալի:
Ատամնանիվներ (ժանանիվներ) և փոկեր Ատամնանիվները կամ ժանանիվները մեխանիզմներում օգտագործվում են շարժման ճիգերը հակառակ ուղղությամբ կամ այլ արագությամբ փոխանցելու համար: Ժանանիվն ավելի հաճախ կազմված է լինում առանցքի վրա ամրացված ատամնանվից: Փոքր ժանանիվը մեծին կարող է պտտել դանդաղորեն, սակայն ուժի շահումով և հակառակ ուղղությամբ պտտվելով: Դրա համար 2 ժանանիվների ատամները կցորդում են իրար (այսինքն՝ մեկի ատամները մտնում են մյուսի ակոսների մեջ): Երբ 2 անիվ միմյանց միացվում են փոկով (փոկանիվ), ապա երկուսն էլ պտտվում են նույն ուղղությամբ: Տարբեր չափերի փոկանիվները մեխանիզմում պտույտները դարձնում են ավելի արագ կամ ավելի դանդաղ: Փոկերն ու ժապավենները գործածվում են կենցաղային տեխնիկայում, օրինակ՝ աման լվացող մեքենայում, խոհանոցային կոմբայնում, տեսամագնիտոֆոնում:
Շղթաներ Երբ փոկը փոխանցում է չափից դուրս մեծ ճիգեր, ապա այն սկսում է տեղում սահել, տեղապտույտ տալ: Այս խնդիրը լուծում են շղթայի օգնությամբ, որը կցորդվում է ժանանվի ատամների հետ: Այդպիսի օրինակ է հեծանիվը, որի ոտնակները պտտում են մեծ ժանանիվը՝ շղթայաանիվը, իսկ շղթան այդ պտույտները հաղորդում է փոքր ժանանվին, որը կոչվում է շղթայաաստղիկ և ամրացված է հետևի անվին: Որոշ հեծանիվներ ունեն մի քանի շղթայաանիվ և շղթայաաստղիկ: Եթե հարկ է լինում փոխել ժանանիվը, ապա հատուկ սարքով շղթան տեղաշարժում են այնպես, որ այն կցորդվի տվյալ պայմաններում առավել արդյունավետ աշխատող շղթայաանվի հետ: Այսպես՝ երբ հարկ է լինում հեծանիվը վարել սարալանջն ի վեր, ապա ընտրում են ամենափոքր շղթայաանիվը և ամենամեծ աստղանիվը, իսկ երբ պատրաստվում են ընթանալ հարթավայրով կամ ցած սլանալ զառիթափով, ապա ընտրում են ամենամեծ շղթայաանիվը և ամենափոքր աստղանիվը:
|