Նավասարդյան խաղերը Հին Հայաստանում տարեմուտի՝ Նավասարդի տոնակատարության ժամանակ կազմակերպվող մարզական մրցումներ էին: Նավասարդը հին հայկական տոմարի առաջին ամիսն է և հաջորդել է տարվա վերջին՝ Ավելյաց կոչվող տոնական 5 օրերին: Նրա առաջին օրը համապատասխանել է օգոստոսի 11-ին: Նավասարդի առաջին օրերին կազմակերպվել են ամենաբազմամարդ՝ «համաշխարհական» տոնահանդեսներ: Ուխտավորները, ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգևորականությունը հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն և Բագրևանդ գավառների սահմանագլխին` սրբազան Արածանի գետի և Նպատ լեռան շուրջը, ինչպես նաև վերջինիս ստորոտին գտնվող Բագավան հեթանոսական տաճարում՝ տոնելու Նոյ նախահոր և Ջրհեղեղի, Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր նվիրական հիշատակները: Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերություններով, խրախճանքներով, որսորդական զվարճություններով: Այդ օրերին էին կազմակերպվում նաև Նավասարդյան խաղերը, որոնք սովորաբար տևում էին մի ամբողջ շաբաթ. մարզիկները մրցում էին վազքից, հեռացատկից, սուսերամարտից, ըմբշամարտից, կռփամարտից, նիզականետումից, գնդակախաղից, ձիարշավից և այլ մարզաձևերից, որոնք ուղեկցվում էին երգերով ու պարերով: Սփյուռքահայ բարեգործական և հայրենակցական կազմակերպություններն արդեն ավելի քան հինգ տասնամյակ է, ինչ անցկացնում են նոր Նավասարդյան խաղեր, որոնց նպատակն է ազգայինի զարթոնքն ու ավանդույթների պահպանումը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազգային միասնության գաղափարախոսության արմատավորումը: Այդ նպատակին են ծառայում նաև 1999 թ-ից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Համահայկական խաղերը:
|