 | Նավթի բազմաստիճան թորման (ռեկտիֆիկացման) սխեման. 1. տաքացնող վառարան, 2. ռեկտիֆիկացման աշտարակ, 3. սառեցման սարք |
 | Նավթի արդյունահանում ծովում |
Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
Նավթի առաջացումը Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում: Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում: Հորատանցքից նավթը խողովակներով ուղարկում են պահեստարաններ, ապա լցնում տարողությունների մեջ, նավթատար հսկա հեղուկանավերով փոխադրում ծովերով ու օվկիանոսներով: Սակայն առավել հարմար է նավթը փոխադրել նավթամուղով՝ ստորգետնյա և ստորջրյա խողովակներով: Նավթի հանքավայրեր են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից) և նրանց հարող ջրային տարածքներում: Եթե նավթի հանքավայրը գտնվում է ծովի հատակին, ապա արդյունահանումը կատարվում է կանգուն (ամրացված է ծովի հատակին) կամ լողացող հենահարթակների վրա: Նավթի հսկայական պաշարներ կան Միջին և Մերձավոր Արևելքում (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Քուվեյթ), Աֆրիկայում (Ալժիր, Նիգերիա, Անգոլա, Լիբիա), Ասիայում (Ինդոնեզիա, Հնդկաստան), ԱՄՆ-ում (Ալյասկա, Կալիֆոռնիա, Տեխաս, Օկլահոմա), Կանադայում, Մեքսիկայում, Ռուսաստանում (Սիբիր, Պովոլժիե), Ադրբեջանում, Ղազախստանում և այլուր:
Նավթի վերամշակումը Նավթից արժեքավոր նյութեր ստանալու համար նրանից նախ անջատում են ուղեկցող գազերը, ապա հատուկ սարքերում աղազրկում և ջրազրկում են, այնուհետև վերամշակում: Նավթի նախնական վերամշակումը թորումն է (բաժանումը բաղադրիչ մասերի), որն իրականացնում են թորման բազմաստիճան աշտարակներում: Նավթի թորումից ստանում են բենզին (եռման ջերմաստիճանը՝ 40-ից մինչև 100–120օC), լիգրոին (120–140օC), կերոսին (150–300օC), սոլյարայուղ (300օC-ից բարձր), իսկ մնացորդը կպչուն սև հեղուկ է՝ մազութ: Մազութը նույնպես նախապես ենթարկում են բազմաստիճան թորման: Նրա քայքայումը կանխելու համար թորումն իրականացնում են ցածր ճնշման տակ և ստանում քսայուղեր, վազելին, պարաֆին, իսկ մնացորդը ձյութանման զանգված է՝ գուդրոն: Վերջինս օգտագործվում է փողոցների ասֆալտապատման համար, իսկ նրա բարձրջերմաստիճանային մշակումից ստանում են թանձր յուղեր, շարժիչների վառելանյութեր և այրվող գազեր: Բենզինն օգտագործվում է որպես ավիացիոն և ավտոմոբիլային վառելանյութ: Լիգրոինը վառելանյութ է դիզելային շարժիչների համար և լուծիչ՝ լաքերի, ներկերի համար, կերոսինը վառելանյութ է ինքնաթիռների, հրթիռների և տրակտորային շարժիչների, սոլյարայուղը՝ դիզելային շարժիչների համար: Վազելինն օգտագործվում է բժշկության, իսկ պարաֆինը՝ սննդի արդյունաբերության մեջ՝ փաթեթանյութերի տոգորման համար, ծամոնի, մոմերի, կենցաղային քիմիայի ապրանքների՝ մածիկի (մոմածեփ), մեկուսացնող նյութերի արտադրության համար: Պարաֆինով տոգորում են կտորները, մատիտները, լուցկու հատիկի գլխիկը (լավ այրվելու համար): Տաք պարաֆինն օգտագործում են բուժական նպատակներով: Նավթի երկրորդական վերամշակմամբ կարելի է իրականացնել նրա բաղադրության մեջ մտնող ածխաջրածինների կառուցվածքային փոփոխություններ՝ ածխաջրածինների մոլեկուլների ճեղքում (կրեկինգ), որի արդյունքում ստացվում են ավելի թեթև ածխաջրածիններ, քայքայում (պիրոլիզ), որը տեղի է ունենում ածխաջրածիններն առանց օդի մուտքի տաքացնելիս, և վերափոխում (ռիֆորմինգ), որը բենզինի և լիգրոինի վերամշակումն է՝ բարձրօկտանային թվով բենզին ստանալու համար: Նավթարդյունաբերության բուռն զարգացումը հանգեցրել է շրջակա միջավայրի (մթնոլորտ, ջրային ավազաններ, հող) անթույլատրելի աղտոտման: Երբ նավթն արդյունահանվում է ցամաքում, այն թափվում է հողի վրա և լցվում ջրամբարների ու գրունտային ջրերի մեջ, իսկ երբ արդյունահանվում է ծովերում ու օվկիանոսներում, կամ այդտեղ տեղի են ունենում նավթատար նավերի վթարներ, նավթն արտահոսում է և աղտոտում ջրի մակերևույթը: Տեղի է ունենում էկոլոգիական աղետ, որը վտանգում է ջրային կենդանիների կյանքը: Նավթի կուտակվելը ծովափերին նույնպես էկոլոգիական աղետ է. խախտվում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցվում ձկնորսությանը, զբոսաշրջությանը: «Սև հեղուկի արտահոսքը» համարվում է XX–XXI դարերի դժբախտություն: Նավթով ու նավթամթերքով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով ամբողջ աշխարհում սահմանվել են հորատման սարքերի և տրանսպորտի միջոցների հսկման խիստ չափորոշիչներ: Ջրի մակերևույթից նավթը սովորաբար հավաքում են մեխանիկական եղանակով՝ հատուկ նավթահավաք նավերով: Երբեմն հողի և ջրամբարների մաքրման համար կիրառում են մանրէաբանական եղանակներ (օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ), ինչպես նաև ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ): - Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն:
Նավթի օգտագործման պատմությունից Նավթի և նրան ուղեկցող գազերի գոյության մասին մարդիկ գիտեին դեռ վաղ անցյալում: Երբեմն ջրհոր փորելիս գետնի տակից ջրի փոխարեն հոսում էր տհաճ հոտով, մուգ, յուղանման հեղուկ: Այդ հեղուկը և նրա հետ դուրս եկող գազերն ունեին մի հրաշալի հատկություն՝ այրվում էին: Հին ձեռագրերում հիշատակվել են Պարսկաստանի և Հնդկաստանի այրվող կրակները: Հողից դուրս եկող այս հանելուկային կրակների պատվին կառուցվել են տաճարներ (օրինակ՝ Կրակապաշտների տաճարը): Չինաստանում նավթն ու գազն օգտագործվում էին լույս և ջերմություն ստանալու համար: Նավթի չորացումից ստացվող պինդ նյութը՝ ասֆալտը, որպես անջրաթափանց և կապակցող նյութ, օգտագործվել է Բաբելոնյան աշտարակի շինարարության մեջ: Եգիպտոսում նավթն ավելացնում էին բալասաններին: Հունաստանում նավթի, ծծմբի և բորակի խառնուրդն օգտագործում էին ռազմական գործում՝ «հրե նետեր» ու «հրե կճուճներ» պատրաստելու համար: Բժիշկ Հիպոկրատը (մ. թ. ա. 460–377) շատ դեղամիջոցներ պատրաստելու համար օգտագործում էր նավթ: XII–XIII դարերում նավթն օգտագործվում էր որպես բուժիչ միջոց՝ մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքերում: Դեռևս I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու նպատակով սկսել են թորել: Սակայն նավթի թորման առաջին գործարանը կառուցվել է 1823 թ-ին Մոզդոկի մոտ: 1873 թ-ին արդյունաբերող հայ ձեռնարկատեր Ա. Թավրիզովը ստեղծել է նավթի անընդհատ թորման սարքը, որը ժամանակակից բազմաստիճան թորման՝ ռեկտիֆիկացման սարքի նախատիպն էր:
|