Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ավստրալիա 
(Ավստրալական 
Միություն)
Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Կանբեռա
Տարածքը՝ 
7.682,3 հզ. կմ
Բնակչությունը՝ 
20,4 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
ավստրալական դոլար

Ագեվազն Ավստրալիայի խորհրդանիշերից է:
Անապատային ոլոռը Ավստրալիայում աճեցվում է արգելոցներում:
Բուստային խութերը գեղեցիկ են իրենց տարագույն երանգներով:
Դիջերիդ նվագող աբորիգեն
Սիդնեյ.  առաջին պլանում օպերային թատրոնի շենքն է, որն աշխարհում հայտնի է իր անսովոր ճարտարապետական լուծումներով:
Այրես Ռոկն աշխարհի ամենամեծ մենաքարն է:
Հայ եկեղեցու Ավստրալիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հարություն  եկեղեցին Սիդնեյում
Գալլա թռչունները Ավստրալիայի բնաշխարհիկներից են:
Տարածքը՝ 7.682,3 հզ. կմ2
Միջին բարձրությունը՝ 300 մ
Ափագիծը՝ 19,7 հզ. կմ
Ամենաբարձր կետը` Կոսցյուշկո լեռնագագաթ՝ 2228 մ
Ամենացածր կետը` Էյր լիճ՝ –16 մ
Հյուսիսային ծայրակետը` Յորք հրվանդան՝ 
հվ. լայն. 10օ41՜
Հարավային ծայրակետը` Հարավարևելյան հրվանդան՝
հվ. լայն. 39օ11՜
Արևմտյան ծայրակետը` Ստիպ Փոյնտ հրվանդան՝ արլ. երկ. 113օ05՜
Արևելյան ծայրակետը` Բայրոնի հրվանդան՝ արլ. երկ. 153օ39՜
Ամենաերկար գետը` Մուրեյ՝ 2739 կմ
Ամենամեծ լիճը` Էյր՝ 9,3 հզ. կմ2
Ամենամեծ կղզին` Թասմանիա` 68,3 հզ. կմ2
Ամենամեծ անապատը՝ Ավազային Մեծ անապատ՝ 360 հզ. կմ2

Դեռևս հին դարերում գիտնականները ենթադրում էին Հարավային կիսագնդումխոշոր մայրցամաքի գոյությունը: XVII դարում հոլանդացիներին արդեն հայտնի էին մայրցամաքի հյուսիսային և արևմտյան ծովափերը: Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, 1642–43 թթ-ին, նավարկելով Ավստրալիայի շուրջը, հարավային ափին հայտնաբերել է մի կղզի, որը հետագայում կոչվեց Թասմանիա: Թասմանն առաջինն ապացուցեց, որ Ավստրալիան առանձին մայրցամաք է, այլ ոչ թե դեռևս անհայտ խոշոր մայրցամաքի մի մասը, ինչպես կարծում էին երկար ժամանակ:
1770 թ-ին անգլիացի ծովագնաց և հետազոտող Ջեյմս Կուկը 2-րդ անգամ հայտնագործեց այդ մայրցամաքը՝ մոտենալով արևմտյան ափերին, և նրան տվեց Նոր Հարավային Ուելս անունը՝ հայտարարելով Մեծ Բրիտանիայի տարածք: 1788 թ-ին Պորի Ջեքսոն (ներկայիս՝ Սիդնեյ) խորշում ստեղծվեց անգլիական աքսորավայր:
Մայրցամաքի ռելիեֆում գերակշռում են սարահարթերը, որոնցից ամենաընդարձակը Արևմտաավստրալականն է, որն զբաղեցնում է մայրցամաքի տարածքի 50%-ը: Հյուսիսում՝ Կարպենտարիայի, հարավում Մուրեյ-Դառլինգի դաշտավայրերն են: Արևելքում ձգվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթան, որի ծայր հարավային լեռնաճյուղի՝ Վիկտորիայի Ալպերի վրա գտնվում է Արարատ լեռը (եվրոպացիները, առաջին անգամ տեսնելով այս լեռը, նմանեցրել են Արարատին): Հսկայական տարածություններ են զբաղեցնում անապատները (Ավազային Մեծ, Վիկտորիայի Մեծ, Գիբսոնի): Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերի երկայնքով ավելի քան 2300 կմ ձգվում է Մեծ արգելախութը (կորալյան կղզիների ու խութերի շարք, որի լայնությունը հյուսիսում 2 կմ է, հարավում՝ 150 կմ): Կրաքարային այս կառույցի մեծ մասը գտնվում է ջրի տակ և մերկանում է միայն տեղատվության ժամանակ:
Ավստրալիայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Կան ոսկու, երկաթի, ուրանի, նավթի և գազի, բոքսիտների, քարածխի, անագի պաշարներ:
Օրգանական աշխարհն ինքնատիպ է, շատ են բնաշխարհիկները: Մյուս մայրցամաքներից վաղ (մոտավորապես 100 մլն տարի առաջ) անջատվելու հետևանքով այստեղ բացակայում են հանրածանոթ շատ բույսեր ու կենդանիներ: Փոխարենը պահպանվել են կենդանիների մի շարք հնագույն տեսակներ, օրինակ՝ պարկավորները (մայրը նրանց կրում է իր փորի վրա՝ մորթու ծալքերից առաջացած պարկում) և ձվածին կաթնասունները, որոնք մյուս մայրցամաքներում վաղուց վերացել են: Անտառներն ու սավաննաները պարկավորների թագավորություն են (պարկավոր գայլ, պարկավոր խլուրդ, պարկավոր սավառնասկյուռ, նվենու տերևներով սնվող և ծառերի վրա բնակվող ծույլ, անպաշտպան պարկավոր արջ՝ կոալա): Բայց Ավստրալիայի գլխավոր պարկավոր կենդանին ագեվազն է (կենգուրու): Ձվածին կաթնասուններից են բադակտուցը և եքիդնան, որոնք ձու են ածում, թխսում, իսկ ձագերին կերակրում են կաթով: Ահա թե ինչու Ավստրալիան շատ հաճախ անվանում են կենդանի բրածոների թանգարան: Բնորոշ կենդանիներից է նաև դինգո վայրի շունը, որն Ավստրալիա է բերվել մարդու կողմից, բայց ժամանակ անց վայրենացել է:
Ավստրալիայի ամենամեծ թռչունը էմուն է, ամենագեղեցիկը՝ ծիածանի նման շքեղազարդ դրախտահավը, ամենազվարճալին ծաղրասարյակն է, իսկ ալիքափետուր թութակները թռչում են հսկայական երամներով:
Ավստրալիայում են աճում հռչակավոր պոմպ-ծառը, անտառային հսկա նվենին և ակացիան, որոնց տերևներն անուշաբույրով են հագեցնում օդը:
Ավստրալիայում լճերը և ջրառատ գետերը քիչ են: Ամենախոշոր գետը Մուրեյն է, որի Դառլինգ վտակը երաշտի ժամանակ չորանում է: Շատ են չոր գետահուները՝ կրիկները, որոնք ջրով լցվում են անձրևների ժամանակ: Ամենախոշոր լիճը Էյրն է, որը չորային սեզոնում ծանծաղում է: Չորային, ոռոգման կարիք ունեցող շատ հողատարածքներ դեռևս քիչ են յուրացված և գրեթե ամայի են: Ոռոգման խնդիրն Ավստրալիայում ամենակարևորներից է: Գետերի ջուրը վերաբաշխելու համար կառուցում են ջրատեխնիկական հատուկ կառույցներ: Օգտագործում են նաև ստորերկրյա ջրերի պաշարները, որոնցից Արտեզյան Մեծ ավազանն ամենամեծն է աշխարհում:
Ավստրալիայում ստեղծվել են շուրջ 1000 պահպանվող տարածքներ՝ ազգային պարկեր և արգելոցներ (Մաունթ Վինձոր, Նյու Ինգլանդ, Մաունթ Կոսցյուշկո, Աբել Թասման, Բլյու Մաունթինս), որոնցից ամենահինը Ռոյալ ազգային պարկն է:
Ամբողջ մայրցամաքը զբաղեցնում է միայն մեկ պետություն՝ Ավստրալական Միությունը, որի հիմնական բնակիչները Բրիտանական կղզիներից այստեղ գաղթած անգլիացիների, իռլանդացիների և շոտլանդացիների սերունդներն են: Սկզբնական շրջանում, XVII–XVIII դարերում, Ավստրալիան մի տեսակ աքսորավայր էր՝ Մեծ Բրիտանիայի քրեական հանցագործների, ինչպես նաև անգլիական կառավարությանն անցանկալի տարրերի և այլոց համար:
Բնակություն հաստատելով Ավստրալիայում և յուրացնելով այն՝ գաղութարարները գրեթե ամբողջովին դուրս մղեցին նրա բնիկներին` աբորիգեններին: Ներկայումս նրանցից շատ քիչ են մնացել՝ ընդամենը մոտ 50 հզ. մարդ:XIX դարի կեսերին, երբ այստեղ ոսկի հայտնաբերվեց, վերաբնակների մեծ հոսք ուղղվեց Ավստրալիա: 1901 թ-ին անգլիական առանձին գաղութները միավորվեցին և կազմեցին Ավստրալական Միությունը, որը փաստորեն մինչև 1931 թ., երբ Ավստրալիան լիակատար անկախություն ստացավ մետրոպոլիայից (այսինքն՝ Մեծ Բրիտանիայից), մնում էր գաղութ: Այժմ Ավստրալիան դաշնային պետություն է Բրիտանական համագործակցության կազմում: Պետության գլուխը Անգլիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալ-նահանգապետը:Ժամանակակից Ավստրալիան տնտեսապես զարգացած երկիր է, որը հիմնական ցուցանիշներով աշխարհի առավել զարգացած պետություններից է: Այստեղ հայտնաբերված հարուստ հանքային պաշարների հիման վրա զարկ է տրվել լեռնարդյունահանման, քիմիական, մետաղաձուլական, էլեկտրատեխնիկական և ավտոմոբիլաշինական արդյունաբերությանը:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնաբուծությունն է. այստեղ բուծվում են մեծ թվով խոշոր եղջերավոր կենդանի և ոչխար, որոնց միսն ու բուրդը արտահանվում են աշխարհի շատ երկրներ: Զարգացած են նաև խաղողագործությունն ու պտղաբանջարաբուծությունը, շաքարեղենի արտադրությունը, որոնք հիմնականում կենտրոնացած են երկրի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում:
Ավստրալիան աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում ուրբանիզացիայի, այսինքն՝ քաղաքակենտրոնացման տեսակետից. քաղաքներում է կենտրոնացված բնակչության մոտ 85%-ը: Ավստրալիայի խոշորագույն քաղաքներն են Սիդնեյը, Մելբուռնը, Բրիզբենը, Ադելաիդան, Պերտը և այլն. դրանց մի մասը նաև նավահանգիստներ են: 

Հայերն Ավստրալիայում
Հայերն Ավստրալիա են եկել տակավին XIX դարի կեսերին Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից: Բայց որպես համայնք` ավստրալահայերը կազմակերպվել են հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ եկան հայ գաղթականների նոր խմբեր Միջին ու Մերձավոր Արևելքի երկրներից: Այժմ Ավստրալիայում բնակվում է շուրջ 35–40 հզ. հայ՝ հիմնականում Սիդնեյում, Մելբուռնում, Բրիզբենում, Կանբեռայում,Պերտում: Կան պետական ծառայողներ, արհեստավորներ, բժիշկներ, փաստաբաններ: Սիդնեյում և Մելբուռնում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ: Առաջին հայկական եկեղեցին՝ Սիդնեյի Սուրբ Հարությունը, օծվել է 1957 թ-ին:
Ազգային կյանքը կազմակերպում են բազմաթիվ մշակութային, բարեգործական, մարզական ու երիտասարդական միություններ: Հրատարակվում են հայերեն պարբերականներ («Գարուն», «Լույս», «Հույս», «Արմենիա»), գործում են թատերախմբեր, երգչախմբեր, հայկական ռադիոժամեր («Նոր սերունդի ձայն», «Էրեբունի»):
2002 թ-ից Մելբուռնում գործում է «Հայ արտ» մշակութային կենտրոնը, որը կազմակերպում է հայ գեղանկարիչների և լուսանկարիչների ցուցահանդեսներ: