Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


«Բենց» առաջին եռանիվ ավտոմեքենան (Գերմանիա, 1886 թ.)
Գոտլիբ Դայմլերի առաջին քառանիվ ավտոմեքենան (Գերմանիա, 1886 թ.)
Միջքաղաքային ավտոբուս
Ապագայի` արևի էներգիայով սնվող  ավտոմեքենա
Ժամանակակից  բեռնատար ավտոմեքենա
Ավտոմեքենան կամ ինքնաշարժը սեփական շարժիչով տրանսպորտի միջոց է: Այն լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի:
Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարվել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: XVIII դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880 թ.) հետո: 1886 թ-ին գերմանացի գյուտարար Կարլ Բենցը շարժիչ հարմարեցրեց եռանիվ կառքին, որն ընդունված է համարել առաջին իսկական ավտոմեքենան: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կարլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենաներ:
Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին` ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907 թ-ին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջերին: Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները:
Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափոխադրության համար: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչներ, որոնք բեռնատարներում կիրառվում են մինչ օրս:
1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայողական է, քան կես դար առաջ: 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը: Ստեղծվել են նաև արևի էներգիայով աշխատող մեքենաներ: 

Մարդատար ավտոմեքենաներ
Ներկայումս աշխարհում հաշվվում է ավելի քան 500 մլն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 մլն նորերը: Դրանք ամենատարբեր ձևերի ու չափերի են: Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորները, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ:
Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ թափքերով՝ սեդան, լիմուզին, կուպե, ունիվերսալ, և վերևից բացվող թափքերով՝ կաբրիոլետ, ֆաետոն, լանդո նմուշների:
Բազմանպատակ ավտոմեքենաները, որոնց անվանում են նաև զբոսամեքենաներ, ամենատարողունակն են: Լիմուզինները խոշոր, շքեղ ավտոմոբիլներ են, որոնցով երթևեկում են շատ հարուստ մարդիկ: Դրանք օգտագործվում են նաև հանդիսավոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ հարսանիքներում: 
Փոքրալիտրաժները ոչ մեծ ավտոմեքենաներ են, որոնք առավել խնայողական են և ունեն բարձր մանևրայնություն: 
Մեքենաների մեծ մասը 2 տանող անիվներով է (հետևի կամ առջևի): Սակայն կան և այնպիսիները, որոնցում տանող են բոլոր 4 անիվները, օրինակ` ջիփ, Նիվա և այլն: Այսպիսի քառահաղորդակ ավտոմեքենաները նախատեսված են դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելու համար:

Բեռնատարներ և ավտոբուսներ
Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են: 
Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսված բոլոր հարմարություններով:
Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40 տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի: Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ: Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից և շրջանակից (շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր: 

Հատուկ ավտոմեքենաներ
Պարզվում է` ավտոմեքենաները կարող են տարբեր «մասնագիտություններ» ունենալ: Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ: Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափներ), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկներ և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ: Դրանցից մի քանիսն ապշեցնում են իրենց չափերով և հզորությամբ՝ կարող են տեղափոխել 60–70 տ բեռ: Կան նաև ավտոգնացքներ, որոնք իսկական հսկաներ են. միանգամից փոխադրում են 120 տ բեռ: Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, խիճ, հանքաքար: 

Ավտոմեքենայի անվտանգությունը
Ժամանակակից ավտոմեքենաները ստեղծվում են առավելագույն անվտանգության հաշվարկով: Ուղեվորասրահը նախագծվում է այնպես, որ այն չձևախախտվի, երբ վթարից ավտոմեքենայի թափարգելն ու բեռնախցիկը ճզմվեն: Անվտանգության գոտիների օգտագործումը պարտադիր է: Հատուկ փականներով հանդերձված դռներն ընթացքի ժամանակ չեն բացվում: Մեքենայի պատուհանների ապակիները ջարդվելիս բեկորներ չեն առաջացնում: Դռների մեջ տեղադրված մետաղաձողերն ուղևորներին պահպանում են կողային հարվածներից: Արգելակային հատուկ համակարգը թույլ չի տալիս, որ ավտոմեքենան շրջվի: Շատ մեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ: Վթարի դեպքում դրանք ակնթարթորեն փչվում են օդով, թուլացնում հարվածի ուժը և ուղևորներին առավելագույնս պահպանում վնասվածքներից: 

Ավտոմեքենաների առաջացրած աղտոտումը
Ավտոմեքենաների շարժիչներն արտանետում են բանեցված գազեր, որոնք աղտոտում են շրջապատի օդային միջավայրը: Շարժիչի աշխատանքից առաջացած ամենավնասակար գազերից մեկը ածխածնի երկօքսիդն է: Թեև այն թունավոր չէ, սակայն արտանետվելով մթնոլորտ՝ նպաստում է ջերմոցային էֆեկտի խորացմանը և Երկրի համընդհանուր տաքացմանը:
Բենզինով աշխատող շարժիչները կարող են արտանետել նաև չայրված վառելանյութի, հատկապես թունավոր ածխածնի օքսիդի փոքր քանակություններ, ինչպես նաև այնպիսի միացություններ, ինչպիսիք են ազոտի օքսիդները, որոնք քաղաքում առաջացնում են սմոգ՝ ծխամշուշ: Այսօր բենզինային շարժիչների վրա տեղադրում են կատալիզային զտիչներ (կոնվերտերներ), որոնք թունավոր գազերը փոխարկում են ավելի անվտանգ ածխածնի երկօքսիդի և ջրի:
Դիզելային շարժիչներով բեռնատարներին ու ավտոբուսներին կատալիզային զտիչներ հարկավոր չեն, սակայն դրանց արտանետած գազերում պարունակվում են մրի մանրագույն մասնիկներ, որոնք վնասակար են մարդու թոքերի համար: Որպես կանոն՝ քիչ վառելիք ծախսող ավտոմեքենաները քիչ էլ գազեր են արտանետում: Վառելիքն ավելի խնայողաբար ծախսելու համար ավտոմեքենան պետք է լինի հնարավորինս թեթև ու շրջահոսելի: Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու նպատակով խորհուրդ չի տրվում նաև երթևեկել մեծ արագությամբ: Իսկ ավելի լավ է երբեմն մեքենան թողնել տանը և քայլել ոտքով, երթևեկել հեծանվով, ավտոբուսով կամ տրոլեյբուսով:

   
  • Աշխարհում ամենաերկար ավտոմեքենան պատրաստվել է ԱՄՆ-ում՝ հատուկ պատվերով: Դրա երկարությունը 30 մ է, ունի 26 անիվ, իսկ հետնամասում տեղադրված է ոչ մեծ լողավազան: 
  • Ավտոմեքենաշինության ողջ պատմության ընթացքում ամենահանրաճանաչը «Ֆոլկսվագեն-Բիթլ» ավտոմեքենան է: Վաճառվել է այդ մակնիշի ավելի քան 20 մլն ավտոմեքենա:
  

Ժամանակակից ավտոմեքենաները նախագծում են համակարգչով: Կոնստրուկտորները ջանում են ավտոմեքենան դարձնել առավել հարմարավետ, անվտանգ, խնայողական և գեղեցիկ: