 | Հասուն մարդու ատամնաշարերը. 1. կտրիչներ, 2. ժանիքներ, 3. փոքր աղորիքներ, 4. մեծ աղորիքներ |
 | Մեծ աղորիքի կտրվածքը. 1. արծն, 2. դենտին, 3.կակղենի, 4. ցեմենտ, 5. ատամի խոռոչ, 6. լնդի լորձաթաղանթ, 7. շրջոսկր, 8. արմատային խողովակ, 9. ատամի արմատ, 10. ատամի պսակ |
Ատամները մարդու օրգանիզմի ամենակարծր մասերից են: Նրանց օգնությամբ մարդը ծամում, մանրացնում է սնունդը, ուստի ատամները պետք է շատ ամուր լինեն: Մարդկանց ատամները կարևոր դեր ունեն նաև խոսքում՝ որոշ հնչյունների արտաբերման համար: Կենդանիների ատամները պաշտպանության, հարձակման և որսը բռնելու միջոց են:Տարբեր կենդանիների ատամների ձևերը տարբեր են. ձկների ատամներն ավելի հասարակ են, կոնաձև, կաթնասուններինը բարդ են՝ առանձին խմբերի (կտրիչներ, ժանիքներ, աղորիքներ) բաժանված: Առավել զարգացած են կրծողների կտրիչները, գիշատիչների` ժանիքները: Հաճախ ժանիքները որոշ կենդանիների (վարազ, ծովափիղ, փիղ) արական սեռի հատկանիշ են: Լավ զարգացած են խոտակեր կենդանիների աղորիքները: Հասուն մարդու յուրաքանչյուր ատամնաշար պարունակում է 16 ատամ՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ, որոնք տարբերվում են իրենց ձևերով: Ատամների զարգացումն սկսվում է սաղմի զարգացման վաղ փուլում և շարունակվում է մինչև 18–20 տարեկանը: Յուրաքանչյուր ատամնաշարում կաթնատամները 10-ն են՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 աղորիք: Ատամների բնականոն ձևավորման համար կարևոր նշանակություն ունի մոր և երեխայի լիարժեք (հատկապես վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի աղերով հարուստ) սնունդը:
Ատամների կազմությունը Ատամը բաղկացած է պսակից, որը լնդի մակերևույթից բարձր մասն է, և արմատից, որը տեղակայված է ծնոտոսկրի ատամնաբնային փոսում: Պսակը և արմատն իրարից բաժանված են վզիկով, որը կիպ գրկված է դրան հարող լնդի լորձաթաղանթով: Ատամը հիմնականում կազմված է դենտինից, որը պսակի շրջանում ծածկված է արծնով (էմալ), արմատի շրջանում՝ ոսկրանման ցեմենտով: Ատամի խոռոչը և արմատային խողովակները լցված են փափուկ հյուսվածքով՝ կակղենիով (պուլպա): Այն բաղկացած է փուխր շարակցական հյուսվածքից, անոթներից, նյարդերից և տարբեր բջիջներից: Մնայուն ատամներն առավել հանքայնացված են, քան կաթնատամները: Աճող ատամների արմատները ձևավորվում են բավականին ուշ:
Ատամների ծկթումը Նախ ծկթում են ներքևի, ապա՝ վերևի ատամնաշարերի կենտրոնական կտրիչները (կյանքի 6–8-րդ ամիսներին), կողմնային ստորին, ապա վերին կտրիչները ծկթում են 8–12-րդ ամիսներին: Հաջորդաբար ծկթում են 1-ին աղորիքները՝ 12–16-րդ ամիսներին, ժանիքները՝ 16–20-րդ ամիսներին, ապա` 2-րդ աղորիքները՝ 20–30-րդ ամիսներին: Մնայուն ատամները ծկթում են 5 և 6 տարեկանից սկսած. սկզբում՝ 1-ին մնայուն մեծ աղորիքը, 6 տարեկանում՝ կենտրոնական մնայուն կտրիչները, 9-10 տարեկանում՝ կողմնային կտրիչները, 10-14 տարեկանում՝ ժանիքները և փոքր աղորիքները, 14-16 տարեկանում՝ 2-րդ մեծ աղորիքները, իսկ 15-16 տարեկանում՝ իմաստության ատամները: Ատամների ծկթումը բնականոն ֆիզիոլոգիական երևույթ է և սովորաբար չի առաջացնում հիվանդագին վիճակ, սակայն երբեմն այդ շրջանում երեխայի մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ, այդ դեպքում հարկավոր է դիմել բժշկի:
Ատամների խնամքը Ատամները կանոնավոր չմաքրելու և քաղցրեղեն շատ ուտելու դեպքում փչանում են, որովհետև սննդի մնացորդները, ատամների արանքում մնալով, բակտերիաների ազդեցությամբ քայքայվում են և արտադրում թթուներ, որոնք դանդաղ քայքայում են կարծր արծնը. առաջանում է ոսկրափուտ՝ կարիես կոչվող հիվանդությունը: Այնուհետև ոսկրափուտը, աստիճանաբար խորանալով, ախտահարում է դենտինը, ատամի մեջ առաջանում է խոռոչ, և ատամը ցավում է դրա մեջ սնունդ ընկնելիս, սառը, տաք ջրից և այլն: Որպեսզի ատամները չփչանան, պետք է կրճատել քաղցրեղենի օգտագործումը, օրաբաժնում ներառել ավելի շատ թարմ մրգեր (օրինակ՝ խնձոր) և բանջարեղեն (օրինակ՝ գազար): Հարկավոր է նաև կանոնավոր հաճախել ատամնաբուժարան` ժամանակին բուժել ատամները, հեռացնել նրանց վնասված մասերը և փոխարինել ատամնալիցքով (պլոմբ): Ատամնաբույժների հովանավորը համարվում է Սուրբ Ապոլոնիան, ով, ըստ քրիստոնեական ավանդության, 294 թ-ին Ալեքսանդրիայում ենթարկվել է տանջալից փորձության` նրա բոլոր ատամները միանգամից հեռացրել են:
|