Այբուբեն
ԴԻՂՉՐ
ԵԼՃՊՑ
ԶԽՄՋՈւ
ԷԾՅՌՓ
ԱԸԿՆՍՔ
ԲԹՀՇՎՕ
ԳԺՁՈՏՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝  
Աբու Դաբի
Տարածքը՝  
83,6 հզ. կմ
Բնակչությունը՝ 
4,7 մլն
Պետական լեզուները՝  
արաբերեն, անգլերեն
Դրամական միավորը՝ 
դիրհամ
Մայրաքաղաք Աբու Դաբին
Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին առաջին հայկական եկեղեցին է ԱՄԷ-ում, օծվել է 1998 թ-ին: 
ԱՄԷ
Արաբական Միացյալ Էմիրությունները գտնվում է Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հյուսիս-արևելքում՝ Պարսից և Ամանի ծոցերի ափերին:
Մակերևույթը հարթավայրային է, արևելքում կան լեռներ: Կլիման չոր մերձարևադարձային է: Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են քարային անապատները, որոնք զուրկ են բուսականությունից, իսկ որտեղ ջուր կա, ծաղկում են օազիսները:
XIX դարի սկզբներին ծովահենների դեմ պայքարելու պատրվակով Մեծ Բրիտանիան այս տարածքում հաստատել է իր խնամակալությունը, և 1853 թ-ից երկիրը կոչվում էր Պայմանագրային Օման: 1971 թ-ի դեկտեմբերի 3-ից անկախ պետություն է: Յուրօրինակ պետական կարգ ունեցող ԱՄԷ-ն 7 էմիրությունների (Աբու Դաբի, Դուբայ, Շարժա, Անջիման, Ումմ էլ-Կայվայն, Էլ-Ֆուջայրա, Ռաս-էլ-Խայմա) դաշնություն է, որի ղեկավար-նախագահ է ընտրվում էմիրներից մեկը:
Երկրի բնակչության 90 %-ը արաբներ են:
ԱՄԷ-ի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է, որը երկրի տնտեսական բարգավաճման գլխավոր աղբյուրն է: Օազիսներում մշակում են փյունիկյան արմավենի, մրգեղեն, բանջարեղեն: Երկրին նկատելի եկամուտներ է բերում նաև զբոսաշրջությունը:
Պաշտոնական մայրաքաղաք Աբու Դաբին վերջին 30 տարիների ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների. այն ոչ միայն ԱՄԷ-ի, այլև աշխարհի ամենաարագ զարգացող  քաղաքներից է:

Հայերը ԱՄԷ-ում
Հայերի զանգվածային հոսքը ԱՄԷ սկսվել է 1975 թ-ին: Ազգային կյանքը կազմակերպելու նպատակով 1977 թ-ին հրավիրվել են ժողովներ ու հավաքույթներ, Դուբայի Սուրբ Երրորդություն անգլիկան եկեղեցում մատուցվել է հայերեն առաջին պատարագը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով տեղի հայությանը տրամադրվել է հողատարածք և եկեղեցի կառուցելու արտոնություն: 1998 թ-ին տեղի է ունեցել ԱՄԷ-ում առաջին հայկական՝ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը: 
Ներկայումս ԱՄԷ-ում հայերի թիվը շուրջ 2 հզ. է, հիմնականում կենտրոնացած են Շարժայում, Դուբայում, Աբու Դաբիում: Նրանց մեծ մասը գործարարներ են, բժիշկներ, ճարտարապետներ, արհեստավորներ: 
Գործում են Շարժայի և Աբու Դաբիի մեկօրյա վարժարանները, Հայ մշակութային ընկերակցությունը: