 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Բուենոս Այրես Տարածքը՝ 2.777 հզ. կմ2 Բնակչությունը՝ 39,1 մլն Պետական լեզուն՝ իսպաներեն Դրամական միավորը՝ պեսո |
 | Արգենտինայի ազգային գրադարանը Բուենոս Այրեսում |
 | Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցին |
Արգենտինայի Հանրապետություն Արգենտինան Հարավային Ամերիկայի մեծությամբ երկրորդ երկիրն է Բրազիլիայից հետո. գրավում է մայրցամաքի հարավարևելյան ու Հրո Երկրի արևելյան մասը և մոտակա կղզիները: XVI դարում, երբ իսպանացիները սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան, հարավում նրանց հիմնած գաղութներից մեկն Արգենտինան էր: Երկիրն Արգենտինա (Արծաթի երկիր, լատիներեն «արգենտում» նշանակում է արծաթ) անվանել է Սեբաստիան Կաբոտը 1526 թ-ին, երբ Լա Պլատայի գետաբերանի մոտ ապրանքներ է փոխանակել արծաթի հետ: Սակայն իսպանացիներն այդ երկրում ո՜չ արծաթ գտան, ո՜չ էլ ոսկի, և երեք հարյուրամյակ Արգենտինան լքված գաղութ էր: Երկրի ճակատագրում նկատելի փոփոխություն տեղի չունեցավ նաև անկախություն նվաճելուց (1816 թ.) հետո: Բայց արդեն XIX դարի 2-րդ կեսից Արգենտինան Արևմտյան Եվրոպայի համար դարձավ պարենամթերքի խոշոր մատակարար: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ երկիրը գտնվում է Հարավային կիսագնդում. երբ Եվրոպայում ձմեռ է, Արգենտինայում ամառ է, և հասունանում է բերքը: Ցորենի և եգիպտացորենի ցանքատարածություններով հարուստ է Պամպան (հնդկացիների լեզվով «պամպա» նշանակում է անտառազուրկ հող): XIX դարի վերջին Պամպայի այս արգավանդ հողերը յուրացնելու համար Եվրոպայի տարբեր երկրներից այստեղ խուժեցին բազմաթիվ գաղթականներ, հիմնականում իսպանացիներ ու իտալացիներ, գերմանացիներ, շոտլանդացիներ: Մեծ ձգվածության պատճառով (հյուսիսից հարավ՝ 4000 կմ) Արգենտինայի բնությունը խիստ բազմազան է. մերձարևադարձային շրջաններում կլիման տաք ու խոնավ է, իսկ Պատագոնիայում՝ երկրի հարավում, արդեն զգացվում է Անտարկտիկայի սառույցների ցուրտ շունչը: Հյուսիսում՝ արևադարձային գոտում, ընդհակառակը, շոգ ու խոնավ է: Արգենտինան Խաղաղ օվկիանոսից բաժանում են Անդերի բարձր լեռները, որոնք ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: Երկրի հյուսիսը ծածկված է մշտադալար անտառներով: Այստեղ աճող կեբրաչո ծառից ստանում են աղաղանյութեր, որոնցով մշակում են կաշին: Անդերի նախալեռներում, որն անվանում են «հանրապետության այգի», պտղատու և խաղողի այգիներ են: Այստեղ է աճում նաև «մատե» թեյը՝ արգենտինացիների ազգային ըմպելիքը: Այն փոքր-ինչ դառնահամ է, բայց շատ լավ հագեցնում է ծարավն ու թարմացնում: Արգենտինայի¬ գլխավոր գետը Պարանան է (գուպանի հնդկացիների լեզվով՝ Մեծ գետ), որի վտակները կրում են հարևան երկրների անունները՝ Ուրուգվայ և Պարագվայ: Պարանայի ստորին ավազանը կոչվում է Լա Պլատա, որի լայնությունը օվկիանոսամերձ գետաբերանում հասնում է 300 կմ-ի: Այստեղ են գտնվում մայրաքաղաքն ու այլ խոշոր քաղաքներ: Ժամանակակից Արգենտինան տարածաշրջանի առավել խոշոր և տնտեսապես զարգացած երկրներից է: Այստեղ արդյունահանում են անագ, ցինկ, նավթ, գազ, ուրան և այլ հանքաքարեր, ձուլվում է մետաղ, արտադրվում են ավտոմեքենաներ, տրակտորներ, ծովային նավեր, զանազան սարքավորումներ, այդ թվում՝ էլեկտրոնային տեխնիկա: 1974 թ-ին Արգենտինայում կառուցվել է Հարավային Ամերիկայում առաջին՝ Ադուջայի ատոմային էլեկտրակայանը: Պամպան աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական շրջաններից մեկն է: Այստեղ աճում են ցորեն, վուշ, արևածաղիկ, ծխախոտ, բրինձ, կերային մշակաբույսեր: Այդ երկրամասը ոչ միայն կերակրում է երկիրը, այլև արտահանում բերքի մի մասը: Պամպան ծովափնյա շրջանների հետ կապված է տասնյակ երկաթուղիներով ու խճուղիներով, որոնցով երկրի նավահանգիստներ են բերվում հացահատիկը, միսը, բուրդը, գյուղատնտեսական մյուս մթերքները և արտահանվում այլ երկրներ: Պատագոնիան բնական հարստությունների իսկական շտեմարան է: Այս կիսաանապատային տարածքում քիչ մարդ է ապրում, և մեծ քաղաքներ չկան: 1987 թ-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի որոշմամբ հանրապետության մայրաքաղաքը պետք է փոխադրվեր Պատագոնիա՝ Ռիո Նեգրո գետի գետաբերանում գտնվող Վիեդմա քաղաքը: Նպատակը երկրի հարավի զարգացումն էր ու Բուենոս Այրեսի ուրբանիզացման «հոգսերի» թեթևացումը, սակայն առայժմ երկրի մայրաքաղաքը շարունակում է մնալ Բուենոս Այրեսը, մինչև ավարտվի նոր մայրաքաղաքի կառուցումը: Երկրի բնակչության մեկ երրորդն ապրում է մայրաքաղաքում ու նրա մոտակայքում, որտեղ կենտրոնացված է նաև արդյունաբերական արտադրության կեսը: Արգենտինացիները, յուրացնելով բնիկ և եկվոր շատ ժողովուրդների ավանդույթները, ստեղծել են սեփական ինքնատիպ մշակույթ: Երկրի յուրօրինակ խորհրդանիշ են դարձել գաուչոները (հնդկացիների լեզվով նշանակում է թափառաշրջիկ, օտարական): Գաուչոները խիզախ ձիավորներ են և հմուտ հովիվներ: Նրանք հագնում են բրդե գունագեղ թիկնոցներ՝ պոնչոներ: Դրանց վրա քնում են, դրանցով ծածկվում: Գաուչոներն անբաժան են կիթառից, իսկ նրանց երգերը երգում է ողջ երկիրը: Արգենտինացիներն ընդհանրապես երաժշտասեր մարդիկ են: Նրանց երաժշտությունը հայտնի է ամբողջ աշխարհում, որն ակունքներով և ոճական բնորոշ գծերով կապված է իսպանական ժողովրդական երաժշտության հետ: Հատկապես տարածված է տանգո պարը՝ իր արգենտինական տարբերակով: Արգենտինայում նույնիսկ ազգային հատուկ տոն կա՝ Տանգոյի օր:
Հայերն Արգենտինայում Արգենտինահայ համայնքը սկսել է ձևավորվել դեռևս XIX դարի 80-ական թվականներին և ավելի ստվարացել հատկապես Առաջին (1914–18) և Երկրորդ (1939–45) համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվեց մեր հայրենակիցների կյանքը Թուրքիայում, ապա նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում: Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ են. մեծ մասամբ բնակվում են Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Ներկայումս Արգենտինայում բնակվում է մոտ 70 հզ. հայ: Մեծ մասը (60 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և նրա արվարձաններում: Նրանք զբաղվում են արհեստներով, առևտրով, քիչ չեն մտավորականները, ուսանողները, ձեռնարկատերերը: Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ: Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը: Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ: Արգենտինահայ գաղութն ապրում է աշխույժ հասարակական կյանքով: Այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային, երիտասարդական և այլ միություններ ու ընկերություններ, երգչախմբեր («Կոմիտաս», «Արաքս»), պարախմբեր («Գայանե», «Նաիրի»), «Թաթուլ Ալթունյան» նվագախումբը: Ճանաչված են հայ մշակույթի գործիչներ Լևոն Վարդապետյանը, Ժան Ալմուխյանը, Մարթա Վարդանյանը, Ալիսա Թերզյանը, երգչուհիներ Վիկտորյա Սևանը, Էլիզ Տիգրանյանը, դաշնակահարուհի Անթառամ Ահարոնյանը, քանդակագործ Հակոբ Յարումյանը, գեղանկարիչներ Խորխե Դեմիրճյանը, Սարգիս Աշքյանը և շատ ուրիշներ: Մեծ ճանաչում ունի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը (վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում): Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է հայազգի միակ պատգամավոր Ալեխանդրո Բալյանը, իսկ զինվորական ակադեմիայի հիմնադիր տնօրենը՝ հայազգի Յանոշ Ցեցը: Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները: Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ: Ներկայումս գործում են 9 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան: Այստեղ հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր: 2001 թ-ի դեկտեմբերին արգենտինահայ հայտնի գործարար, երկրի 33 օդանավակայանների հիմնական բաժնետեր, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի և ՀՀ Կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները 30 տարի ժամկետով կառավարման են հանձնվել Էռնեկյանի ընկերությանը:
|