Տարվա եղանակների փոփոխությունը պայմանավորված է Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխությամբ: Դրանք չորսն են՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ: Իր առանցքի շուրջը Երկրի օրական պտույտի (տևում է 24 ժամ) հետևանքով առաջանում են ցերեկ և գիշեր` երկրագնդի` դեպի Արեգակն ուղղված մասում ցերեկ է, իսկ հակառակ կողմում՝ գիշեր: Երկիրն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով, որի երկարությունը մոտ 940 մլն կմ է: Այդ ճանապարհը Երկիրն անցնում է 29,8 կմ/վ միջին արագությամբ՝ 365 օր և 6 ժամում (1 տարի): Երկրի պտտման առանցքն իր ուղեծրային հարթության նկատմամբ ունի 66օ30՜ թեքություն, որը տարվա եղանակների առաջացման ու հերթագայության հիմնական պատճառն է: Տարվա ընթացքում Երկիրն Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մե՜կ Հյուսիսային, մե՜կ Հարավային բևեռով: Ուստի Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մե՜րթ Հյուսիսային, մե՜րթ Հարավային կիսագունդը, ինչի հետևանքով, երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, ապա Հարավային կիսագնդում ձմեռ է, և հակառակը: Մարտի 21-ին Արեգակն իր տեսանելի շարժումով Երկրի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ՝ հատելով հասարակածի հարթությունը գարնանային գիշերահավասարի կետում (այդ օրը Երկրի բոլոր վայրերում գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասար են): Երկրի Հյուսիսային կիսագնդում սկսվում է գարունը (Հարավայինում՝ աշունը): Արեգակը 12 ժամ գտնվում է հորիզոնից վեր: Գարնան տևողությունը 92,8 օր է: Հունիսի 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիսային կիսագունդ է հեռանում առավելագույն չափով. խավարածիրը՝ Արեգակի տեսանելի շարժման ուղեծիրը, երկնային հասարակածի հետ կազմում է 22օ27՜ անկյուն, և Արեգակի ճառագայթները Երկրի վրա ընկնում են գրեթե ուղղահայաց. Երկրի 22օ27՜ հյուսիսային լայնության վայրերում Արեգակը կեսօրին լինում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր դիրքում՝ զենիթում: Սկսվում է ամառը (Հարավային կիսագնդում՝ ձմեռը), որը տևում է 93,6 օր: Հունիսի 22-ին (ամառային արևադարձի օր) Հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ Հարավային կիսագնդում՝ հակառակը: Ամռան ամիսներին Հյուսիսային բևեռի շուրջը լինում է երկարատև ցերեկ (բևեռում՝ 6 ամիս, 80օ-ում՝ 127 օր, 70օ-ում՝ մոտ 60 օր), իսկ Հարավային բևեռի շուրջը՝ երկարատև գիշեր: Սեպտեմբերի 23-ին Արեգակը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հյուսիսային կիսագնդից անցնում է Հարավային կիսագունդ: Հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը (Հարավային կիսագնդում՝ գարունը), որը տևում է 89,8 օր: Վերջապես, դեկտեմբերի 22-ին Արեգակը երկնային հասարակածից դեպի հարավ է գտնվում առավելագույն չափով՝ 23օ27՜: Նրա ճառագայթները թեք են ընկնում Հյուսիսային կիսագնդի վրա, և Արեգակը կարճ ժամանակով է գտնվում հորիզոնից վեր: Սկսվում է ձմեռը (Հարավային կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89 օր: Դեկտեմբերի 22-ին (ձմեռային արևադարձի օր) Հյուսիսային կիսագնդում լինում է ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ Հարավային կիսագնդում՝ հակառակը: Այդ ժամանակ Հյուսիսային բևեռի շուրջը լինում են երկարատև գիշերներ, իսկ Հարավայինում՝ երկարատև ցերեկներ: Տարվա եղանակները ցայտուն են արտահայտված բարեխառն լայնություններում, իսկ հասարակածային լայնություններում գրեթե արտահայտված չեն. այնտեղ միշտ տաք է: Մարդը հազարամյակների ընթացքում հարմարվել է տարվա եղանակներին և իր աշխատանքային գործունեությունը հարմարեցրել դրանց, թեև մեր ժամանակներում փոքրացել է եղանակի գործոնի դերը: Բուսական և կենդանական աշխարհները նույնպես ունեն սեզոնային վարք: Գարնանը բույսը ծլում է, աճում, զարգանում, աշնանը պտուղ է տալիս և մահանում (միամյա բույսեր): Բազմամյա բույսերը, պտղատու ծառերը գարնանը նորից զարթոնք են ապրում: Կան շատ կենդանիներ, որոնք ձմռանը քուն են մտնում, նրանց կենսագործունեությունն ակտիվանում է տարվա տաք կեսին: Շատ կենդանիներ միայն գարնանն են բեղմնավորվում, մյուսները փոխում են մորթը: Թռչուններն ամեն տարի աշնանը չվում են տաք երկրներ, գարնանը` վերադառնում: ՀՀ տարածքում տարվա եղանակները շատ ցայտուն են արտահայտված. ամառը շոգ է, ձմեռը՝ ցուրտ, մեծ մասամբ՝ ձյունածածկ, գարունը մեղմ է, իսկ աշունը՝ չափավոր տաք ու արևոտ: Մեր հանրապետությունում մեծ է նաև ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանների տարբերությունը:
|