Տափաստանային կատուն (մանուլ) կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: ՀՀ-ում տարածված է լեռնատափաստաններում, նախալեռնային կիսաանապատներում, քիչ քանակությամբ՝ Արաքս գետի հովտում: Բնակվում է այլ կենդանիների ստորգետնյա հին բներում, ծառերի փչակներում, ժայռաճեղքերում: Մարմնի երկարությունը 53–70 սմ է, պոչինը՝ 23–35 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–5 կգ: Մեջքը մոխրագույն է՝ սև բծերով, որովայնը՝ սպիտակավուն: Ծոծրակին կա սև շերտ, պոչին (ծայրը՝ սև)` 6–8 սև օղակներ: Ունի լավ հոտառություն և լսողություն: Սնվում է ավազամկներով, դաշտամկներով, թռչուններով, նրանց ձվերով ու ձագերով, երկկենցաղներով, միջատներով: Ունենում է 3–5 ձագ, որոնք 2–2,5 ամիս կերակրվում են կաթով, ապա վարում են ինքնուրույն կյանք: Տափաստանային կատուն հաճախ բեղմնավորվում է ընտանի կատվի հետ. ստացվում է խառնածին սերունդ: Մորթին սակավարժեք է: Որսն արգելված է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
|