 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Քաբուլ Տարածքը՝ 555 հզ. կմ2 Բնակչությունը՝ 31,1 մլն Պետական լեզուները՝ փուշթու, դարի Դրամական միավորը՝ աֆղանի |
Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն Աֆղանստանը լեռների և անապատային սարահարթերի երկիր է: Ամբողջ երկրով ձգվում են հավերժ սառցադաշտերով պատած Հինդուկուշ լեռնազանգվածի հզոր, փառահեղ, հովհարաձև տարածվող շղթաները: Միայն հատուկենտ լեռնանցքներով են անցնում արահետներ ու ճանապարհներ, բայց ձմռանը դրանք նույնպես անանցանելի են դառնում ձյան կուտակումների պատճառով: Այդ լեռների մեջ՝ գետահովտում, գտնվում է նաև մայրաքաղաք Քաբուլը: Կան նավթի, գազի, քարածխի, կապարի, ցինկի, ոսկու, երկաթի պաշարներ: Ամռանը Աֆղանստանում շատ շոգ է, ձմռանը խիստ սառնամանիք է լինում: Գետերն այստեղ ծանծաղ են և ոչ նավարկելի: Ամռանը դրանց ջրերը չքանում են ավազուտներում կամ օգտագործվում են դաշտերի ոռոգման համար: Լեռնային փրփրադեզ գետերի վրա կառուցվել են մի քանի էլեկտրակայաններ: Սարալանջերից շատերը լերկ են և զուրկ հողաշերտից, բայց Հյուսիսային Աֆղանստանի նախալեռները գարնանը ծածկվում են խոտով և ծառայում որպես արոտավայրեր ու խոտհարքներ: Անտառները երկրի տարածքի միայն 5%-ն են կազմում, հիմնականում՝ արևելքում, լեռներում: Այստեղ աճում են կաղնի, հիմալայան մայրի, սոճի, եղևնի, եղևին: Վայրի թփերից հավաքում են փշարմավ, մոշ, պնդուկ, մասուր, կծոխուր, մթերում են ընկույզ, խեժ, մեղր, մոմ: Աֆղանստանի կենդանական աշխարհը բավական հարուստ է: Լեռներում ապրում են վայրի այծեր ու ոչխարներ, դեռևս կարելի է հանդիպել ընձառյուծի, անհասանելի լեռնածերպերին՝ նաև պտուտակաեղջյուր այծերի: Ոչխարներից ամենախոշորը՝ վայրի խոյը, ունի հիասքանչ գալարապտույտ եղջյուրներ: Անտառներում դեռևս պահպանվել են արջերը: Հարթավայրերում արածում են վայրի էշեր, ջեյրաններ, այծքաղներ, վարազներ: Նախալեռներում և հարթավայրերում տարածված են բծավոր բորենիները, շնագայլերը, գայլերը, որոնք բավական շատ են: Լեռներում ու տափաստաններում շատ են թունավոր օձերը (կոբրա, գյուրզա, էֆա), կարիճները, մորմերը, որոնց խայթոցները վտանգավոր են մարդկանց կյանքի համար: Իսկ մորեխների «արշավանքները» երբեմն ոչնչացնում են գյուղացիների ամբողջ ցանքերը: Հին ժամանակներում Աֆղանստանի հողը բազմիցս ոտնակոխ են արել նվաճողների բանակները, այդ թվում նաև Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը, Չինգիզ խանի և Լենկթեմուրի հորդաները: Որպես կենտրոնացված պետություն՝ Աֆղանստանը պատմական ասպարեզ է իջել 1747 թ-ին՝ Դուրանի պետություն անվամբ: Մինչև XVIII դարի վերջն այն ուժեղ պետություն էր, բայց որոշ ժամանակ անց սկսեց տրոհվել իշխանապետությունների: XIX դարի ընթացքում Մեծ Բրիտանիան 2 անգամ փորձեց նվաճել երկիրը: Բայց 2 անգամն էլ, հանդիպելով ժողովրդի հուժկու դիմադրությանը, ստիպված եղավ հետ քաշել իր զորքերը: Եվ միայն 1919 թ-ին, երբ անհաջողության մատնվեց Աֆղանստանին տիրելու նրա 3-րդ փորձը, Մեծ Բրիտանիան ճանաչեց երկրի անկախությունը: Մինչև 1973 թ. երկիրը կառավարում էր թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակում էր խորհրդարանը: 1973 թ-ի հուլիսին թագավորը գահընկեց արվեց, և երկիրը հռչակվեց հանրապետություն: Սակայն 1978 թ-ի ապրիլի 27-ին Քաբուլում տեղի ունեցավ սպաների խռովություն` ժողովրդադեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, և կազմվեց հեղափոխական կառավարություն, որը սերտ հարաբերություններ հաստատեց Խորհրդային Միության հետ: Երկրում բռնկվեց քաղաքացիական պատերազմ: Խորհրդային Միության ղեկավարությունը փորձեց զինված միջամտությամբ պաշտպանել և արագացնել սոցիալիստական հեղափոխությունը Աֆղանստանում: Հակառակորդ կողմին օգնության եկավ ԱՄՆ-ը, և հեղափոխությունը ձախողվեց: Այդ չհայտարարված պատերազմը ծանր նստեց Խորհրդային Միության վրա՝ մոտ 14 հզ. սպանված և 50 հզ. վիրավոր, որոնց մեջ քիչ չէին նաև հայ զինվորները: 1988 թ-ին խորհրդային զորքերը դուրս բերվեցին Աֆղանստանից, սակայն եղբայրասպան պատերազմն այնտեղ շարունակվում է մինչև օրս: Աֆղանստանը բազմազգ երկիր է. տարբեր են նաև այնտեղ բնակվող ժողովուրդների և ազգությունների սովորույթներն ու ավանդույթները: Բնակչության կեսից ավելին աֆղաններ են (ինքնանվանումը՝ փուշթու): Նրանք ապրում են գլխավորապես երկրի հարավում և հարավ-արևելքում: Հիմնականում զբաղվում են խաշնարածությամբ ու երկրագործությամբ: Փուշթուները ռազմատենչ ժողովուրդ են: Երկրի տարածքում ապրում է տարբեր լեզվախմբերի պատկանող ավելի քան 20 ժողովուրդ: Տաջիկներն ապրում են կենտրոնում, հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում (զբաղվում են հողագործությամբ ու առևտրով), ուզբեկները՝ հյուսիսային նահանգներում (հիմնականում երկրագործներ են), մոնղոլ ռազմիկների սերունդներ համարվող խազարները՝ երկրի կենտրոնական շրջաններում: Այս բոլոր ազգություններին միավորողը մահմեդականությունն է, որը հռչակված է պետական կրոն: Սակայն պահպանվում են նաև մինչմահմեդական ծագում ունեցող առանձին սովորույթներ: Օրինակ՝ մոմի կրակը հանգցնում են ոչ թե փչելով, այլ ձեռքով, խարույկը ջրով չեն հանգցնում, այլ թողնում են, որ վառվի մինչև վերջ և այլն: Որոշ վայրերում հողագործությունն իր տեղը զիջում է անասնապահությանը, որի կարևորագույն և ապրանքային ճյուղը ոչխարաբուծությունն է (հատկապես կարակուլ ցեղի):
|