Այբուբեն
8ԵԾՇՐ
8'ԶԿՈՑ
AAAAAԷՀՉՈւ
BBBBBԸՁՊՓ
OWNEEԹՂՋՔ
ԱԺՃՌՕ
ԲԻՄՍՖ
' encԳԼՅՎ
' encԴԽՆՏ
Արագ Որոնում


Թումանյան  Հովհաննես
1869 թ., գ. Դսեղ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)
1923 թ., Մոսկվա 
(մարմինն ամփոփված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղում)
Հովհ. Թումանյանի հարթաքանդակը թանգարանի պատին (1969 թ., քանդակագործ՝  Ղուկաս Չուբարյան)
Հովհ. Թումանյանի թիֆլիսյան աշխատասենյակը Երևանի թանգարանում  
Հովհ. Թումանյանի թանգարանը 
(1969 թ.) Երևանում
Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում
Հովհ. Թումանյանի թանգարանի «Վերնատուն» սրահը
Հովհ. Թումանյանի հուշարձանը Երևանի Թատերական հրապարակում (1957 թ., քանդակագործ՝ Արա Սարգսյան)
«Անուշն ու Սարոն». քանդակը Երևանում (քանդակագործ` Լևոն Թոքմաջյան)

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա՝ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1883–87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: 
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության  դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում: «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է: «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է: Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով:
Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն): Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը»  պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները:
«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո  հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը: 
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ: Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Տիեզերքում աստվածային 
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին 
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել 
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար 
արդեն խորթ է իմ հոգին:

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը: «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է: Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ  երազանքների փլուզումը:
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր: Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին: 
Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905–06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ:
1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ: Առաջին համաշխարհային պատերազմում (1914– 1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919–20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ:
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը:  1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին:  
Թումանյանը  մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը: Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի  և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին: Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից:
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի: Նրա գործերի հիման վրա  Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը»)  ֆիլմեր:
Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով:
Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը,   փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողների միության  Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957 թ-ին  օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև` Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը:
ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը:

   «... Թումանյանի պոեզիան Հայաստանն ինքն է՝ հնադարյան և նոր, հարություն առած և բանաստեղծությամբ արտահայտված՝ մեծ վարպետի ձեռքով»:
Վալերի Բրյուսով
   Ես կարդում եմ նրան ու ասում.
– Այս հմո՛ւտ, հանճարեղ 
Լոռեցին 
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է 
քեֆի, 
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու 
առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ 
խնջույքի նստելիս:
Եղիշե  Չարենց
   «Նրա կախարդական գրիչը ուր որ դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպագրություն:
.... Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը լեհերի համար»:
Ավետիք Իսահակյան