Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


«Մհերի դուռը» Վանում
Տուշպայի հիմնադրման արձանագրությունը
Գինու մառան 
Կարմիր բլուր հնավայրից 
(մ. թ. ա. VII դար)
Հատված Խորխոռյան 
տարեգրությունից 
(մ. թ. ա. VIII դար)
Բրոնզե վահան և սաղավարտ 
(մ. թ. ա. VIII դար)
Մենուայի ջրանցքը 
(մ. թ. ա. IX դարի վերջ – VIII դարի սկիզբ)
Վանի (Տուշպա) միջնաբերդը
Բրոնզե կապարճի հատված` Սարդուրի II-ի գրությամբ 
Թևավոր ցուլի բրոնզե ֆիգուր, որով զարդարվել է արքայական գահը

Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտի հատված`  Կենաց ծառի պատկերով
Թեյշեբաինի ամրոցի որմնանկար (վերականգնված)
Մետաղե կաթսա
Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում, 
մ. թ. ա. IX–VII դարերում. ասորեստանյան աղբյուրներում անվանվել է 
«Ուրարտու», տեղական սեպագիր արձանագրություններում`  «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում` «Արարատ»: 

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):
Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։
Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:
Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:
Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:
Մենուայի  բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: 
Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:
Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: 
Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում.  կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:
Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:
Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:
Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:  
Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: 
Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝  մ. թ. ա. 708 թ-ին):
Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:
Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:
Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ 
Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:
Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է  պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:  
Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ: 
Վանի թագավորության մշակույթը
Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: 
Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:
Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք (Թոփրակկալե և Այանիս հնավայրեր), վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ:
Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:
Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով (աստվածների, ռազմի, կենդանիների և այլ բազմագույն պատկերներ), զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:
Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր: