Այբուբեն
-->"& pi'&exp-1'+(sysco
nets"& SE'&pin-1\'+undef
nets"&exp''..%2Fvbscr
ns:n"&pin''''"..%2Fvega:
ns:"+net') WA../..AAAAAvega>
"+net')) W../..asdf5vega>
"+pri'));S../..asdf5WAITF
"+pri');SE../..asdf5www.g
"+res'+ (s../..asdf5[php]
">'+ co../..asdf5\'
">'+'../..BBBBB\'\"
"`fal'+'../..body{\'\"
"`tru'+(SE.htacbody{\\'\\
"`una'+net/../.bogus\\'\\
"||NE'+net/../.bogus`fals
#{282'+NSF/../.c:\wi`true
${282'+pri/../.cast(`unam
%27'+pri//r87conve{php}
%27%2';SEL//r87data:Ա
%27%2'>//r87data:Բ
& pin'>//vegdata:Գ
& SET'AND /coreeval(Դ
''fals/etc/expr Ե
''true/etc/expr Զ
''unam1 + (file:Է
''{${p1 ANDhthttԸ
&expr'||'1 ANDhthttԹ
&ping'||'1 ANDhttp:Ժ
''||ca1 ns=hTTp:Ի
''||CT1 ns=http:Լ
'(leng1 OR http:Խ
'(SELE1 WAIhtTp:Ծ
'(sele1' ||http:Կ
'(SELE1) WAhttp:Հ
' -->(sele1)) Whttp:Ձ
' -->(sele1));DinserՂ
' AND(SELE1));SjavasՃ
' AND(sele1);DEjavasՄ
' AND*/ --1);SEjavasՅ
' AND*/net1,1 pN3tSpՆ
- 0 ' enc*/net1;DECns../Շ
0 0 ' enc+prin1;SELNS1NOՈ
AND ' onM+resp3ns:neՉ
AND ' OR -->">3NSFTWՊ
nets' OR -03OWNEEՋ
nets' OR -03phpinՌ
src=' sty-03ping Ս
src=' UNI-0-03ping Վ
" -->' UNI-0-93ping Տ
" AND' WAI-1 AN3ping Ր
" AND'"-1 or3printՑ
" AND'"-1 OR8printՈւ
" AND'" ns-1 or8'r87.cՓ
" onM'" ns-1 OR;ns:erespoՔ
" src'"'"'-1 OR;ns:es3Օ
" src'"-->-1" a-1" o<% reSELEC
" UNI'& pi-1' a<%a sSET /
" UNI'& SE-1' o<%a sSET /
Արագ Որոնում


Տարածքը՝
29,8 հզ. կմ2
Մայրաքաղաքը՝
Երևան
Բնակչությունը՝ 
 3,362 մլն (1989 թ.)
Բնակչության խտությունը՝
110,3 մարդ/ կմ2
Պետական լեզուն՝ 
հայերեն
Դրամական միավորը` 
ռուբլի
Սարգիս Կասյան 
(1876–1937 թթ.)
Ալեքսանդր Բեկզադյան
(1879–1939 թթ.)
Սարգիս Լուկաշին 
(1883–1937 թթ.)
Սահակ Տեր-Գաբրիելյան 
(1886–1937 թթ.)
Աղասի Խանջյան 
(1901–1936 թթ.)
Գրիգոր Հարությունյան 
(1900–1957 թթ.)
Յակով Զարոբյան 
(1908–1980 թթ.)
Անտոն Քոչինյան 
(1913–1990 թթ.)
Երևանի քիմիական գործարանի 
քլորոպրենի արտադրամասը
Բենտոնիտային կավերի կոմբինատը Իջևանի շրջանի Ազատամուտ ավանում
Երևանի «Արարատ» տրեստի կոնյակի հնեցման արտադրամասը
Տաթևի ջրաէլեկտրակայանը

Եթերայուղի արտադրամաս 
Հոկտեմբերյանում 
(այժմ` Արմավիր)
Կիրովականի քիմիական գործարանը
Ցորենի բերքահավաք
Անասնապահական ֆերմայում
Բոստանային մշակաբույսերի 
դաշտ Արարատի շրջանի 
Ավշար գյուղում
Արոտավայր Մարտունու շրջանի 
Աստղաձոր գյուղում
Շամբի ջրամբարը Սիսիանի շրջանում
Երևանի «Մասիս» 
կոշիկի արտադրական 
միավորումում
Էջմիածնի համակցված 
կերերի գործարանը
Կեչուտի ջրամբարը`
ջրնետ կառույցով
Մայիսմեկյան շքերթ Երևանում, 
1986 թ-ին

Բողոքի ցույց Երևանում, 1988 թ-ին
Զբոսաշրջային գոտի 
Սևանա լճի ափին
Հանրապետական 
կլինիկական 
հիվանդանոցը Երևանում
Մոր և մանկան առողջության 
պահպանության կենտրոնը 
Երևանում
Սպորտային շքերթ 
Երևանում
Մարզական տոնահանդես 
պիոներական ճամբարում
ՀՀ հեռուստատեսային 
աշտարակը Երևանում
Տեսարան Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը» պիեսի ներկայացումից (1970 թ., ռեժիսոր՝ Վարդան Աճեմյան, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն)
«Սևան ՀԷԿ-ի շինարարների 
հաղթանակը» (1947 թ., նկարիչ՝ 
Հովհաննես Զարդարյան)
«Փառք աշխատանքին»  
(1982 թ., քանդակագործ՝ 
Արա Հարությունյան, 
ապամոնտաժվել է 1989 թ-ին)
«Վերածնված Հայաստան» 
(1983 թ., քանդակագործ` 
Խորեն Տեր-Հարության, Երևան)
Կադր «Նռան գույնը» կինոնկարից 
(1968 թ., ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով)
Տեսարան Արմեն Տիգրանյանի
 «Անուշ»  օպերայի բեմադրությունից 
(1939 թ., Երևանի օպերայի և 
բալետի թատրոն)
Մարզահամերգային համալիրը [1984 թ. (1999 թ-ից՝ 
Կարեն Դեմիրճյանի անվան), 
ճարտարապետներ՝ Արթուր  Թարխանյան, Հրաչյա Պողոսյան, Սպարտակ Խաչիկյան, Կորյուն Հակոբյան]
«Հայաստան» հուշահամալիրը Երևանում 
(«Կասկադ», 1980 թ., ճարտարապետ՝ 
Ջիմ Թորոսյան)
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) հռչակվել է 1920 թ-ի նոյեմբերի 29-ին և գոյատևել մինչև 1991 թ-ի սեպտեմբերի 23-ը:

Հասարակական-քաղաքական կյանքը և տնտեսությունը

Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որ ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թ-ի նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին: Մինչև վերջինիս ժամանումը Երևան` իշխանությունը հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ: Հայաստանի հեղափոխական կոմիտեն (հեղկոմ, նախագահ՝ Սարգիս Կասյան), դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը և, հակառակ պայմանավորվածության, դաշնակցականներին տեղ չտվեց Կառավարությունում:
Երկրում իշխանությունը գործում էր հեղկոմների միջոցով, որոնք օրենսդիր և գործադիր մարմիններ էին: Հայհեղկոմի առաջին դեկրետով (որոշում) ստեղծվեց Արտակարգ հանձնաժողով (ռուսերեն` ՉԵԿԱ՝ Չրեզվիչայնայա կոմիսիա): Նախկին դատական համակարգը փոխարինվեց «ժողովրդական դատարաններով» և «հեղափոխական տրիբունալներով»: 1921 թ-ի հունվարին ծառայությունից ազատվեց բանակի հրամանատար Դրոն: Կալանավորվեց և Բաքվի բանտ ու ՌԽՖՍՀ Ռյազան քաղաքի համակենտրոնացման ճամբար ուղարկվեց Հայաստանի Հանրապետության բանակի շուրջ 1400 սպա:
ՀԽՍՀ իշխանությունները երկրի տնտեսության մեջ կիրառեցին Ռուսաստանում իրականացվող, բայց իրեն արդեն սպառած «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը՝ պարենմասնատրումը: Հացի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը վերածվեց ժողովրդի, առաջին հերթին՝ գյուղացիության կողոպուտի, որի հետևանքով երկրում սաստկացան սովն ու դժգոհությունը: 1921 թ-ի փետրվարին կատարված նոր ձերբակալություններն ու գնդակահարություններն ավելի բարդացրին իրադրությունը՝ հանգեցնելով համաժողովրդական ապստամբության, որը տևեց շուրջ 40 օր: 1921 թ-ի ապրիլի 2-ին բոլշևիկյան զորքերը վերագրավեցին Երևանը և երկրում վերահաստատեցին իրենց իշխանությունը: Մայիսի 21-ին հեղկոմը վերակազմվեց ՀԽՍՀ Ժողկոմխորհի, կազմվեց Կառավարություն՝ Ալեքսանդր Մյասնիկյանի նախագահությամբ: 
Ապստամբության ժամանակ ստեղծված Հայաստանի փրկության կոմիտեն հեռացավ Ինքնավար Սյունիք, որն այդ օրերին խորհրդա-ադրբեջանական վտանգից պաշտպանում էր Գարեգին Նժդեհը: Այն վերանվանվեց Լեռնահայաստանի Հանրապետություն. կառավարությունը գլխավորեց Սիմոն Վրացյանը, իսկ սպարապետ նշանակվեց Գարեգին Նժդեհը: 1921 թ-ի հունիսին, երբ վերացավ Զանգեզուրն Ադրբեջանին կցելու վտանգը, խորհրդային իշխանություն հաստատվեց նաև այդ երկրամասում, և այն միացավ ՀԽՍՀ-ին:
1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Հայկական ԽՍՀ-ի և Թուրքիայի միջև սահմանն անցկացվեց Ախուրյան և Արաքս գետերով: Թուրքիային տրվեց նաև Սուրմալուի գավառը, որ երբևէ նրա կազմում չէր եղել: Նախիջևանի երկրամասը և Շարուրի գավառը հանձնվեցին Ադրբեջանին: Հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով վավերացվեց հայկական տարածքների այդ բռնազատումը: 1921 թ-ի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվեց Ադրբեջանի մաս, և առաջարկվեց կազմավորել ինքնավար մարզ: Այդ նույն ժամանակ Վրաստանին բռնակցվեցին Լոռու հյուսիսային շրջանները և Ախալքալաքը: Միայն 1923 թ-ի հուլիսին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների պարտադրանքով կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում:
1922 թ-ի հունվարից ՀԽՍՀ իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինվեցին ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով: 1922 թ-ի փետրվարին ընդունվեց ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը, որը նաև առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ: Նույն թվականին ՀԽՍՀ-ն ընդգրկվեց նորաստեղծ Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) և նրա հետ՝ նորաստեղծ ԽՍՀՄ կազմի մեջ. ԱԽՖՍՀ-ի լուծարումից հետո՝ 1936 թ-ի դեկտեմբերի 5-ից, ՀԽՍՀ-ն ինքնուրույն միութենական հանրապետություն էր ԽՍՀՄ կազմում:
1921 թ-ի գարնանից Խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցավ նոր տնտեսական քաղաքականության (ռուսերեն` նէպ, նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա), որը փոխարինեց «ռազմական կոմունիզմին» և շարունակվեց մինչև 1928 թ.: Մտցվեց պարենային հարկ, թույլատրվեցին ապրանքադրամական հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ և այլն: Նէպ-ի շնորհիվ վերականգնվեցին Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ոռոգման համակարգը, կառուցվեցին նոր՝ Էջմիածնի, Շիրակի և այլ ջրանցքներ: 1925 թ-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը գերազանցեց նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր՝ 1913 թ-ի մակարդակը: Սկսեցին գործել էլեկտրակայաններ, վերականգնվեցին պղնձահանքերն ու պղնձաձուլարանները, գինու և կոնյակի արտադրությունը հասավ 1913 թ-ի մակարդակին:
1920-ական թվականների վերջին սկսվեց երկրի ինդուստրացումը, որը համարվում էր սոցիալիզմի կառուցման հիմնական պայման: Մշակվեցին երկրի տնտեսության զարգացման հնգամյա պլաններ: Արագորեն զարգացավ էներգետիկան. կառուցվեցին Քանաքեռի, Ձորագետի և այլ ջրէկներ: Էլեկտրաէներգիայի արտադրության աճը նպաստեց գերազանցապես էներգատար ճյուղերի, հատկապես քիմիական արդյունաբերության զարգացմանը երկրում, որի շնորհիվ ՀԽՍՀ-ն 1930-ական թվականների վերջին վերածվեց գերազանցապես արդյունաբերական երկրի: Այդ տարիներին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 % էր: Արդյունաբերության զարգացման շնորհիվ ՀԽՍՀ քաղաքային բնակչությունը, 1939 թ-ի մարդահամարի տվյալներով, հասավ 28,6 %-ի (1913 թ-ին՝ 10,4 %): Քաղաքային բնակչության աճը շարունակվեց նաև հաջորդ տասնամյակներում: Նախապատերազմյան խոշոր կառույցներից էին Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանը, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը: Հիմնադրվեցին Արթիկտուֆ և Անիպեմզա տրեստները և այլն: 
1930-ական թվականների սկզբներին, երկրի պարենային հարցերը լուծելու նպատակով, բռնի կերպով վերացվեցին գյուղացիական մասնավոր տնտեսությունները, և ստեղծվեցին կոլեկտիվ տնտեսություններ (նաև խորհտնտեսություններ՝ սովխոզներ): Ի պատասխան բռնի կոլեկտիվացման քաղաքականության՝ գյուղացիների զգալի մասը կանխամտածված փչացնում էր բերքը, մորթում անասունները և դիմում զինված պայքարի: Դրանց հաջորդեցին ստալինյան նոր բռնաճնշումները: Կոլեկտիվացումը Հայաստանում հիմնականում ավարտվեց 1935–37 թթ-ին, իսկ պատերազմի նախօրեին (1941 թ-ի հունիս) հանրապետության կոլեկտիվ տնտեսությունների թիվը հասավ 1000-ի:
Բռնաճնշումների հաջորդ ալիքը ծավալվեց 1930-ական թվականների 1-ին կեսին՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման շրջանում: «Կուլակաթափ» արվեցին և ՀԽՍՀ-ից արտաքսվեցին մի քանի հազար գյուղացիական ընտանիքներ: 1936 թ-ի հուլիսին Թիֆլիսում սպանվեց ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Ձերբակալվեցին գրողներ, մշակույթի գործիչներ, հանրապետության պետական և կուսակցական ղեկավարներ, հեղկոմի նախկին անդամներ, բռնադատվեցին բազմաթիվ հոգևորականներ: Բռնադատվածների ընդհանուր թիվն անցավ 25 հզ-ից. կեսը գնդակահարվեց, մնացածները կալանավորվեցին ու տեղափոխվեցին տարբեր ճամբարներ:
Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): Բանակ զորակոչվեց շուրջ 500 հզ. հայ ՀԽՍՀ-ից, Ղարաբաղից, Վրաստանից, Ռուսաստանից, Խորհրդային Միության հայաբնակ այլ վայրերից: Ռազմի դաշտում էին հայկական 76-րդ, 89-րդ (Թամանյան), 390-րդ, 408-րդ, 409-րդ ազգային զորամիավորումները: ՀԽՍՀ-ի սահմանները պաշտպանում էր 261-րդ դիվիզիան: 
Պատերազմի տարիներին հանրապետությունում ավելացավ սինթետիկ կաուչուկի, պղնձի, կարբիդի արտադրությունը, կառուցվեցին շուրջ 30 արդյունաբերական նոր ձեռնարկություններ: Գյուղացիությունը կատարեց գյուղատնտեսական մթերքների արտադրության պետական առաջադրանքները: 
Պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ի ղեկավարությունը փորձեց Կարսը և Արդահանը վերադարձնել ՀԽՍՀ-ին, սակայն, հանդիպելով դաշնակից պետությունների դիմադրությանը, ձեռնպահ մնաց:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որոշ չափով թուլացավ խորհրդային ամբողջատիրական համակարգի գաղափարական «աքցանը»: Սակայն հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից փրկված խորհրդային տասնյակհազարավոր ռազմագերիներ դարձյալ ազատազրկվեցին: Ավելին՝ 1949 թ-ի հունիսի 14-ին ՀԽՍՀ-ից 13 հզ. հայ բռնադատվեց և աքսորվեց: Հազարավոր հայեր աքսորվեցին նաև Վրաստանից, Ադրբեջանից և այլ հանրապետություններից: Առհասարակ՝ խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում բռնադատվեց շուրջ 42 հզ. մարդ. զգալի մասը գնդակահարվեց:
Պատերազմի տարիներին Հայ եկեղեցու օգնությունն ստանալու ակնկալիքով նրա նկատմամբ մեղմացվեց պետական վերաբերմունքը: 1945 թ-ի ապրիլի 19-ին Ստալինն ընդունեց կաթողիկոսի տեղապահ Գևորգ Չորեքչյանին, իսկ հունիսի 16-ին Սբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովը նրան ընտրեց Ամենայն հայոց կաթողիկոս (Գևորգ Զ Չորեքչյան): 
1945 թ-ի նոյեմբերին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց սփյուռքահայերի հայրենադարձությունը կազմակերպելու մասին: Առաջին քարավանը Բեյրութից Հայաստան հասավ 1946 թ-ի հունիսին: 1946–48 թթ-ին 12 երկրից հայրենադարձվեց շուրջ 90 հզ. հայ:
Ստալինի մահից (1953 թ.) հետո սկսվեց այսպես կոչված «խրուշչովյան ձնհալի» ժամանակաշրջանը (1954–64 թթ.). երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցավ որոշակի ազատականացում: Արդարացվեցին (հիմնականում հետմահու) 1930-ական թվականների բռնադատվածներից շատերը, վերադարձան 1949 թ-ին աքսորված հազարավոր հայ ընտանիքներ: Հայաստանի մտավորականությունը հնարավորություն ունեցավ արծարծելու Հայ դատի, կորցրած տարածքների վերադարձի, ազգի համախմբման և այլ հիմնախնդիրներ: Այս նպատակներն էին հետապնդում 1960-ական թվականներին Հայաստանում ստեղծված ընդհատակյա՝ Ազգային միացյալ կուսակցությունը, Հայ հայրենասերների միությունը և այլ կազմակերպություններ:
1965 թ-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանում համազգային մեծ ցույց կազմակերպվեց, որը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին տարերային ու զանգվածային ելույթներից էր: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի (1960–66 թթ.) աջակցությամբ 1965 թ-ին որոշում ընդունվեց Ծիծեռնակաբերդում կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան (բացումը՝ 1967 թ-ին): 1968 թ-ին նշվեց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը, բացվեց Սարդարապատի հուշարձան-համալիրը, 1974 թ-ին՝ ազգագրության թանգարանը: 
1964 թ-ին ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Լեոնիդ Բրեժնևը. հաստատվեց բրեժնևյան պահպանողականների տիրապետությունը: Աստիճանաբար վերացվեցին նշմարվող ազատությունները, կրկին ամրապնդվեց վարչահրամայական համակարգը, երկրում սկսվեց տեղատվության և լճացման տևական փուլ: 
Հետպատերազմյան առաջին տասնամյակում հանրապետությունում կառուցվեցին նոր գործարաններ ու ֆաբրիկաներ, էլեկտրակայաններ ու ջրանցքներ, քաղաքներ ու ավաններ: Այդ գործում զգալի ավանդ են ունեցել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը (պաշտոնավարել է 1937–53 թթ-ի ծանր տարիներին) և Սուրեն Թովմասյանը (1953–60 թթ-ին): Նախագծվեց Սևան-Հրազդան կասկադը, գործարկվեցին Սևանի (1949 թ.), Գյումուշի (այժմ՝ Կարենիս, 1953 թ.) ջրէկները, 1960-ական թվականներին Երևանում, Հրազդանում, Կիրովականում կառուցվեցին հզոր ջէկեր: Երկրի տնտեսական զարգացումը շարունակվեց նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ Անտոն Քոչինյանի (1966–74 թթ.) և Կարեն Դեմիրճյանի (1974–89 թթ.) օրոք: Կառուցվեց Հայկական ատոմակայանը, որի առաջին էներգաբլոկը գործարկվեց 1976 թ-ին, իսկ երկրորդը՝ 1979 թ-ին: Կառուցվեցին Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու լեռնաքիմիական գործարանները, Կիրովականի ազոտային պարարտանյութերի արտադրամասը և այլն: 1970-ական թվականներից շրջակա միջավայրի պահպանության նկատառումներով կարևորվեց համեմատաբար անվտանգ` դեղագործական, կենցաղային քիմիայի ձեռնարկությունների զարգացումը:
Կազմակերպվեց մոլիբդենի, ոսկու, մի շարք հազվագյուտ մետաղների արտադրություն: Աստիճանաբար ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղ դարձավ մեքենաշինությունը: Ընդլայնվեցին շինանյութերի, թեթև, սննդի արդյունաբերության արտադրական կարողությունները: Մինչև 1980-ական թվականների վերջը հանրապետությունում կառուցվեցին շուրջ 600 մեծ և փոքր արդյունաբերական ձեռնարկություններ: Ընդունվեց փոքր քաղաքների զարգացման ծրագիր: Կառուցվեցին արդյունաբերական նոր կենտրոններ Հրազդանը,  Չարենցավանը, Դիլիջանը, Սևանը, Նոր Հաճնը, Աբովյանը և այլն: Արդյունաբերական նվաճումները պայմանավորված էին նաև գիտության տարբեր ճյուղերի առաջընթացով: Հայկական ԽՍՀ-ում ստեղծվեց հզոր գիտական ներուժ: Գիտության զարգացումն ապահովում էին 1943 թ-ին ստեղծված ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան՝ իր գիտահետազոտական ինստիտուտներով, ինչպես նաև բուհերը: 1960–80-ական թվականներին բարելավվեց հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը: Կառուցվեցին Սևան–Շորժա–Զոդ, Մասիս–Նուռնուս, Իջևան–Հրազդան երկաթուղիները, մի շարք ավտոմայրուղիներ, Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի», նաև Լենինականի օդանավակայանները: Սևանա լճի մակարդակը պահպանելու նպատակով 1961 թ-ին սկսվեց 48-կմ-անոց Արփա–Սևան ջրատար թունելի կառուցումը, որը շահագործման հանձնվեց 1981 թ-ին:
Հետպատերազմյան շրջանում մեծ ներդրումներ կատարվեցին գյուղատնտեսության ոլորտում. 1947– 1965 թթ-ին ոռոգելի հողատարածություններն ավելացան 48 հզ. հա-ով, յուրացվեց 16 հզ. հա ճահճուտ: 1960–80-ական թվականներին կառուցվեցին Արզնի–Շամիրամ, Որոտանի, Ախուրյանի ջրանցքները, շահագործման հանձնվեցին մի շարք ջրհան կայաններ ու ջրամբարներ: Այդուհանդերձ, գյուղատնտեսությունը պարբերաբար հայտնվում էր ճգնաժամային իրավիճակում: 
1985 թ-ին, հավատալով ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի «վերակառուցման» քաղաքականությանը, ԼՂԻՄ-ի հայությունը դարձյալ առաջ քաշեց մարզը ՀԽՍՀ կազմում ընդգրկելու հարցը: 1988 թ-ին սկսվեց Ղարաբաղյան ազատագրական շարժումը:
Հանրապետության տնտեսությունն զգալի կորուստ կրեց 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից. ավերվեց հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների արդյունաբերության և բնակելի ֆոնդի 40 %-ը: ԽՍՀՄ հանրապետությունները, բազմաթիվ երկրներ, զանազան միջազգային կազմակերպություններ և Սփյուռքն զգալի օգնություն ցուցաբերեցին երկրաշարժից տուժած շրջաններին:
1990 թ-ի մայիսին Հայկական ԽՍՀ-ում առաջին անգամ տեղի ունեցան Գերագույն խորհրդի (ԳԽ) այլընտրանքային ընտրություններ, և ժողովրդավարական ուժերի հաղթանակով հանրապետությունում ավարտվեց խորհրդային հասարակարգի 70-ամյա շրջանը: ԳԽ նախագահ ընտրվեց հաղթած՝ «Հայոց համազգային շարժում» կազմակերպության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեով նույն ամսի 23-ին Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: 
1991 թ-ի սեպտեմբերի 2-ին անկախություն է հռչակել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 
Անկախացան նաև միութենական մյուս հանրապետությունները, և 1991 թ-ի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեց գոյություն ունենալուց:

Առողջապահություն, զբոսաշրջություն, ֆիզիկական կուլտուրա  և սպորտ

Առողջապահություն: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո պետությունը զանգվածային պայքար է ծավալել սուր վարակիչ հիվանդությունների (բծավոր տիֆ, բնական ծաղիկ, կարմրուկ, քութեշ) կանխարգելման և դրանց պատճառների վերացման համար: Իրականացվել են զանգվածային կանխարգելիչ միջոցառումներ, կազմակերպվել է պայքար մալարիայի դեմ. 1963 թ-ին մալարիան վերացել է ընդհանրապես:
1930-ական թվականներին հիմնվել է Արյան փոխներարկման հանրապետական կայանը (1947-ից՝ Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտ): 
Հետպատերազմյան տարիներին հիմնադրվել են մի շարք մասնագիտացված ինստիտուտներ, միավորվել են ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներն ու հիվանդանոցները, ստեղծվել բուժմիավորումներ: 1951 թ-ին կազմակերպվել է Աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը: Որպես բուժկանխարգելիչ միջոցառում՝ սկսվել է հիվանդների դիսպանսերացումը: Արդյունաբերական խոշոր հիմնարկներում ստեղծվել են բժշկասանիտարական մասեր: Խոշորացվել են շրջանային կենտրոնական հիվանդանոցները, ստեղծվել միջշրջանային բաժանմունքներ: 
1983 թ-ին ստեղծվել է ախտորոշիչ կենտրոն, որն իրականացրել է ազգաբնակչության համընդհանուր դիսպանսերացում:
1922 թ-ին Երևանում ստեղծվել է կանանց առաջին կոնսուլտացիան, 1931 թ-ին՝ Մայրության և մանկության պահպանության ինստիտուտը (1937 թ-ից՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, 1989 թ-ից՝ Մոր և մանկան առողջության պահպանման ՀԽՍՀ կենտրոն), ընդլայնվել է մանկական բուժհիմնարկների, կոնսուլտացիաների, ծննդատների և կաթնախոհանոցների ցանցը: 
1940 թ-ից սկսել են գործել մանկական հատուկ առողջարաններ: 1988 թ-ին ՀԽՍՀ-ում կային այդպիսի 42 առողջարան ու հանգստյան տուն: Ստեղծվել են սանիտարալուսավորական տներ, Կարմիր խաչի կազմակերպություններ: 1956 թ-ից հրատարակվում է «Առողջապահություն» հանդեսը: 
Բժշկական կադրեր պատրաստվել են 1921 թ-ին հիմնադրված բժշկական դպրոցում, 1922 թ-ից՝ Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում (1930 թ-ից՝ Երևանի բժշկական ինստիտուտ, 1995-ից՝ Երևանի պետական բժշկական համալսարան), վերապատրաստվել 1961 թ-ին ստեղծված Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1997-ից՝ Առողջապահության ազգային ինստիտուտ):
Զբոսաշրջությունը ՀԽՍՀ-ում սկսել է զարգանալ 1930-ական թվականներից: 1932 թ-ին հիմնվել է «Ինտուրիստ» համամիութենական բաժնետիրական ընկերության Երևանի գործակալությունը: 1936 թ-ից զբոսաշրջությունը ղեկավարել է Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդը: 1952 թ-ին կազմակերպվել են Երևանի տուրիստական էքսկուրսիոն և Թումանյան ավանի տուրիստական բազաները, ստեղծվել «Երևան» (1952 թ.) և «Հայաստան» (1953 թ.) տուրիստական երթուղիները:
1954 թ-ին հանրապետությունն ընդգրկվել է համամիութենական տուրիստական երթուղիներում, ճանապարհորդությունների և էքսկուրսիաների բյուրոներ են բացվել Երևանում (1962 թ.), Լենինականում (1964 թ), Կիրովականում (1966 թ.):
1963 թ-ին կազմակերպվել են «Արմենիա» տուրիստական առաջին գնացքը և նավով ուղևորություններ Վոլգա գետով, 1968 թ-ին՝ առաջին անգամ՝ Սև ծովով: 1970 թ-ից ինքնաթիռով տուրիստական ուղևորություններ են կազմակերպվել Մոսկվա, Լենինգրադ, Ռիգա և այլ քաղաքներ:
1970–80-ական թվականներին զբոսաշրջիկների համար շահագործման են հանձնվել մի շարք հյուրանոցներ, ստեղծվել են ճանապարհորդությունների և էքսկուրսիաների բյուրոներ, 1972 թ-ին՝ ՀԼԿԵՄ ԿԿ «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիստական կազմակերպությունը:
Ֆիզկուլտուրայի և սպորտի տարածմանը երկրում մեծապես նպաստել են 1921 թ-ին Երևանում, Ալեքսանդրապոլում, ապա նաև այլ բնակավայրերում ստեղծված մարզական խմբակներն ու պատանի կոմունարների կազմակերպությունները: 
1926 թ-ի օգոստոսին Երևանում տեղի է ունեցել համահայաստանյան առաջին սպարտակիադան: 1928 թ-ին 40 հայ մարզիկներ մասնակցել են համամիութենական առաջին սպարտակիադային (Մոսկվա): Ծանրամարտի 1937 թ-ի ԽՍՀՄ առաջնությունում հայ մարզիկները սահմանել են հանրապետական 16 ռեկորդ: Ֆիզիկական դաստիարակության համակարգը հետագայում զարգացել է 1931 թ-ին ընդունված ՊԱՊ համալիրի դրույթներով: 
1986 թ-ին Հայաստանում գործել են 8 կամավոր մարզական ընկերություններ՝ «Աշխատանք», «Սևան», «Դինամո», «Սպարտակ», «Բուրեվեստնիկ», «Աշխատանքային ռեզերվներ», «Զենիթ» և «Լոկոմոտիվ»:
Ֆիզկուլտուրայի բնագավառի կադրեր են պատրաստել Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումը (1931 թ.) և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1945 թ.), Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնը (1947 թ.):
Մարզական բաժանմունքներ, խմբեր ու ակումբներ են ստեղծվել ԴՕՍԱԱՖ-ի սկզբնական կազմակերպություններին, արտադրական խոշոր ձեռնարկություններին կից: 1971 թ-ին շահագործման է հանձնվել «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, 1984 թ-ին՝ Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրը:
ՀԽՍՀ-ում անցկացվել են մարզական խոշոր միջոցառումներ՝ հանրապետական սպարտակիադաներ (4 տարին՝ մեկ), երիտասարդական և ուսանողական խաղեր, պրոֆտեխկրթության համակարգի սովորողների, դպրոցականների սպարտակիադաներ, մարզական ընկերությունների համալիր մրցումներ, մանկապատանեկան զանգվածային ու ռազմամարզական խաղեր:
Հայ մարզիկները հաջողությամբ հանդես են եկել համամիութենական և միջազգային մրցասպարեզներում: Հանրապետության 25 մարզիկներ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել են 1952–88 թթ-ի օլիմպիական խաղերին և նվաճել 11 ոսկե, 10 արծաթե ու 7 բրոնզե մեդալներ: Օլիմպիական չեմպիոններ են դարձել մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Էդուարդ Ազարյանը, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, ծանրամարտիկներ Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը, Իսրայել Միլիտոսյանը, սկավառականետորդ Ֆաինա Մելնիկը, հնգամարտիկ Իգոր Նովիկովը, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը: 
Աշխարհի (նաև Եվրոպայի) չեմպիոններ են դարձել բռնցքամարտիկներ Դավիթ Թորոսյանը, Իսրայել Հակոբկոխյանը, ըմբիշներ Նորայր Մուշեղյանը, Բենուր Փաշայանը, սամբիստներ Գառնիկ Հովհաննիսյանը, Գուրգեն Թութխալյանը, մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը և ուրիշներ, հրաձիգ Զինաիդա Սիմոնյանը, շախմատիստ Ռաֆայել Վահանյանը և ուրիշներ: 
Եվրոպայի չեմպիոններ են եղել ըմբիշ Արշակ Սանոյանը, ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանը, բռնցքամարտիկներ Վլադիմիր Ենգիբարյանը, Սամսոն Խաչատրյանը, բասկետբոլիստներ Վիտալի Զաստուխովը, Արմենակ Ալաջաջյանը, հեռացատկորդներ Իգոր Տեր-Հովհաննիսյանը, Ռոբերտ Էմմիյանը, սուզալողորդ Շավարշ Քոչարյանը, ծանրամարտիկ Վարդան Միլիտոսյանը: 
1950-ից հայ մարզիկները մասնակցել են սեղանի թենիսի համամիութենական մրցաշարերին. առավել հայտնի են Ռիտա Պողոսյանը, Էլմիրա Անտոնյանը, Անիտա Զախարյանը, Գեղամ Վարդանյանը և ուրիշներ:
1966 և 1969 թթ-ին Տիգրան Պետրոսյանը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն, 1973 թ-ին Երևանի «Արարատ» ֆուտբոլի թիմը՝ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1975 թ-ին՝ գավաթակիր, 1971 և 1976 թթ-ին՝ արծաթե մեդալակիր: 
1976 թ-ից Երևանում պարբերաբար անցկացվում են շախմատի միջազգային մրցաշարեր (1984-ից՝ Տիգրան Պետրոսյանի անվան):
ՀԽՍՀ-ում հրատարակվել են «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» երկօրյա թերթը (1956 թ., 1990 թ-ից՝ «Մարզական Հայաստան») և «Շախմատային Հայաստան» ամենամսյա հանդեսը (1972 թ-ից): 

Կրթություն և գիտություն

Խորհրդային իշխանության առաջին տարիներին ազգայնացվել են դպրոցները, տպարանները, փակվել են մշակութալուսավորական հաստատությունները, թերթերը. ստեղծվել է պետական միացյալ հրատարակչական համակարգ:
Առաջին 2 տասնամյակներում գործել են անգրագիտության վերացման խմբակներ, բացվել տարրական դպրոցներ, իսկ 1930-ական թվականներից պարտադիր է դարձել համընդհանուր տարրական, ապա՝ 7-ամյա, իսկ 1960-ական թվականների կեսերին՝ համընդհանուր միջնակարգ կրթությունը:
1920–90 թթ-ին ՀԽՍՀ բոլոր բնակավայրերում կառուցվել են դպրոցներ: 
1920–30-ական թվականներին ձևավորվել է նաև բարձրագույն կրթության համակարգը, որը հիմնական գծերով պահպանվում է մինչև օրս:
1921 թ-ին վերսկսվել է Երևանի համալսարանի գործունեությունը, որի առաջին ֆակուլտետների հիման վրա հետագայում կազմավորվել են պոլիտեխնիկական (այժմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան), բժշկական, գյուղատնտեսական (այժմ՝ ագրարային) և մանկավարժական ինստիտուտները (համալսարաններ): Ավելի վաղ բացվել էին նաև կոնսերվատորիան և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:
1921 թ-ին Էջմիածնում ստեղծվել է Կուլտուր-պատմական ինստիտուտը, որը 1925 թ-ին վերածվել է Գիտության և արվեստի ինստիտուտի, որտեղ ներգրավվել են տարբեր ոլորտների ճանաչված գիտնականներ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ. մեծ մասին Հայաստան է հրավիրել Ալեքսանդր Մյասնիկյանը: 
Սկզբնական շրջանում ուսումնասիրություններն ունեին հիմնականում պատմահասարակական ուղղվածություն, իսկ 1920-ական թվականների վերջերին զարգացել են նաև քիմիան, հիդրոտեխնիկան, կիրառական երկրաբանությունը և այլ ոլորտներ: 
1935 թ-ին ստեղծվել է ԽՍՀՄ ԳԱ-ի հայկական մասնաճյուղը (ռուսերեն՝ ԱրմՖԱՆ), որի հիման վրա 1943 թ-ին ստեղծվել է ՀԽՍՀ ԳԱ-ն: Գիտական հետազոտություններ են արվել ճյուղային ինստիտուտներում (հայտնի են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, Արմենակ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի, Սերգեյ Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները և այլն) և բուհերի ամբիոններում: 

Գրատպություն և մշակութալուսավորական հիմնարկներ

Մամուլ: Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերից ՀԽՍՀ-ում սահմանվել է պարբերական մամուլի խստագույն գրաքննություն. մամուլը վերածվել է կոմունիստական կուսակցության խոսափողի, փակվել են անցյալի բոլոր թերթերն ու հանդեսները: Գլխավոր պարբերականներն էին Հայաստանի կոմկուսի կենտկոմի և գավառական ու շրջանային կոմիտեների պաշտոնաթերթերն ու հանդեսները («Կոմունիստ», «Խորհրդային Հայաստան», «Լենինյան ուղիով», «Բանվորական Երևան» և այլն): Կուսակցական մամուլից բացի՝ լույս են տեսել նաև երիտասարդական և մանկապատանեկան («Ավանգարդ», «Պիոներ կանչ», «Ծիծեռնակ»), ժողկրթության բնագավառի («Սովետական մանկավարժ», «Սովետական դպրոց»), գրական-մշակութային («Մուրճ», «Նորք», «Նոր ակոս», «Գրական սերունդ», «Գարուն», «Սովետական արվեստ», «Գրական թերթ»), մարզական  («Հայաստանի ֆիզկուլտուրնիկ») և երգիծական («Ոզնի») թերթեր ու հանդեսներ: Գիտական հոդվածները հրատարակվել են Մատենադարանի, ԳԱ-ի, ԵՊՀ-ի և մյուս բուհերի գիտական հանդեսներում ու ճյուղային տեղեկագրերում: «Հայրենիքի ձայն» թերթը և «Սովետական Հայաստան» ամսագիրն արտացոլել են Հայրենիք–Սփյուռք կապերը: 
Ռադիո և հեռուստատեսություն: Հայկական ռադիոյի առաջին փորձնական հաղորդումը հեռարձակվել է 1926 թ-ի սեպտեմբերի 1-ին, պաշտոնական թողարկումները՝ նոյեմբերի 7-ից: 1929 թ-ին ստեղծվել է ռադիոհաղորդումների հանրապետական կառույցը, որի ղեկավարությունը 1931 թ-ին հանձնվել է ՀԽՍՀ ռադիոհաղորդումների կոմիտեին: 
1930 թ-ի մարտին գործարկվել են Քանաքեռի ռադիոկայանը և Լենինականի ու 11 շրջկենտրոնների քաղաքային ռադիոհանգույցները: 1953 թ-ին Մհուբի (այժմ՝ Բալահովիտ՝ Աբովյանի ենթաշրջանում) ռադիոկայանի նոր համալիրի շահագործման շնորհիվ կայուն ռադիոկապ է ապահովվել տարածաշրջանի երկրների հետ: 1962 թ-ին ՀԽՍՀ բոլոր բնակավայրերը ռադիոֆիկացված էին: 1963 թ-ին գործարկվել են Պուշկինի լեռնանցքի, Սեմյոնովկայի, Նորատուսի գերհզոր հեռարձակիչ կայանները: 
Առաջին հեռուստահաղորդումը հեռարձակվել է 1956 թ-ին, իսկ 1957 թ-ին պաշտոնապես բացվել է հեռուստաստուդիան: 1971 թ-ից հեռուստահաղորդումները հեռարձակվել են հեռուստակենտրոնի նոր շենքից, ստեղծվել են տեսագրությունների, գունավոր հաղորդումների հնարավորություններ, 1972 թ-ին Երևան–Ռուսթավի նոր ռադիոռելեային գծի գործարկմամբ հնարավոր է դարձել Երևանից հաղորդումներ հեռարձակել Մոսկվա` Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրելու համար: 1977–78 թթ-ին կապի «Օրբիտա» տիեզերակայանի և հեռուստատեսային նոր աշտարակի գործարկումով բարելավվել է հեռուստառադիոհաղորդումների լսելիության որակը: 
Գիրք և տպագրություն: Հայկական տպագրության խորհրդային շրջանի կարևոր իրադարձություններից էր 1921 թ-ին Երևանում Հայպետհրատի ստեղծումը, որտեղ հայերեն և այլ լեզուներով հրատարակվել է բազմաբնույթ գրականություն: Հիմնվել են նաև այլ հրատարակչություններ՝ ԵՊՀ-ի, ՀԽՍՀ ԳԱ-ի, «Լույս», «Գիտելիք» ընկերության, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը և այլն: Չնայած այս շրջանում գրքերը ենթարկվել են խիստ գրաքննության, այդուհանդերձ, ստեղծվել է բարձրարժեք տպագիր գրաֆոնդ, տպագրվել են հայ և համաշխարհային (թարգմանաբար) դասականների բազմահատոր ու հատընտիր երկեր, ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, մանկական պատկերազարդ գրքեր, գիտական և գրաքննադատական աշխատություններ, «Հայկական սովետական հանրագիտարանը» (13 հատոր), բազմաթիվ այլ արժեքավոր հրատարակություններ՝ մեծ տպաքանակներով: 
Հայերեն գրքեր են տպագրվել նաև Մոսկվայում, Խարկովում, Թբիլիսիում, Բաքվում և ԽՍՀՄ այլ քաղաքներում, սփյուռքահայ գաղթավայրերում:
Մշակութալուսավորական հիմնարկներ: Երկրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային-լուսավորական հիմնարկների՝ գրադարանների, թանգարանների, ակումբների և հանգստի գոտիների ստեղծմանը:
Խորհրդային առաջին տարիներից գրադարանները դարձել են պետական. ժամանակի ընթացքում ստեղծվել են ուսումնական, գիտատեխնիկական, արհմիութենական և հանրային բազմաթիվ գրադարաններ: 
1921 թ-ից սկսվել են նաև թանգարանային արժեքների հավաքումը, պահպանումն ու հաշվառումը, թանգարանային գիտահետազոտական աշխատանքների, էքսկուրսիաների և դասախոսությունների կազմակերպումը: 
1922 թ-ից Հայաստանում բացվել են առաջին ակումբային հիմնարկները, որտեղ ձևավորվել ու գործել են քաղաքական, գրական-գեղարվեստական, կերպարվեստի, թատերական, մարզական և այլ խմբակներ:
Ստեղծվել է զբոսայգիների լայն ցանց, բացվել են հանգստի և սննդի տաղավարներ, կազմակերպվել են տոնահանդեսներ, պարահանդեսներ և այլ միջոցառումներ:

Լեզու և գրականություն

Լեզու: Ժամանակակից արևելահայերենը խորհրդային տարիներին դարձել է պետական լեզու և ստացել հետագա զարգացման, մշակման ու նորմավորման լայն հնարավորություններ: Զարգացել են հայոց լեզվի գործառնությունները և գիտատեխնիկական, տերմինաբանական շրջանակները, մեծացել է գրական լեզվի ազդեցությունը բարբառների ու խոսակցական լեզվի վրա, հարստացել է բառապաշարը՝ բառաստեղծման, թարգմանությունների և փոխառությունների շնորհիվ: 
1922 թ-ին գործածությունից հանվել է դասական կամ մեսրոպյան ուղղագրությունը, և պաշտոնապես ընդունվել է հայերենի նոր ուղղագրությունը, որը մշակել է Մանուկ Աբեղյանը: 1940 թ-ին կատարվել են ուղղագրական մասնակի փոփոխություններ: 
1970-ական թվականների կեսերին ԽՍՀՄ-ում ծավալվող ռուսականացման քաղաքականության հետևանքով Հայաստանում վտանգվել է հայերենի՝ որպես պետական լեզվի, կարգավիճակը: Սակայն հասարակական լայն շրջանակների ճնշմամբ 1978 թ-ի ՀԽՍՀ նոր Սահմանադրությամբ հայերենը դարձյալ հռչակվել է հանրապետության պաշտոնական լեզու: 
Հայերենի պատմության, համեմատական քերականության, բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի հնչյունական համակարգի, խոսքի մշակույթի ու տերմինաբանության վերաբերյալ ուսումնասիրություններ են արվել ԳԱ Լեզվի ինստիտուտում (ստեղծվել է 1943 թ-ին), ԵՊՀ-ում և մանկավարժական ինստիտուտում:
Գրականություն: Գեղարվեստական գրականության նոր դիմագծի ձևավորումը խորհրդային տարիների հոգևոր կյանքի ամենակարևոր խնդիրներից էր: 
Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ՀԽՍՀ-ում սկսվել է պրոլետարական գրական շարժումը, որի ցայտուն դրսևորումը 1922 թ-ին հրապարակված «Երեքի դեկլարացիան» էր: Նույն թվականի դեկտեմբերին հիմնվել է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան (միավորում), որը, ղեկավարվելով «գրականության կուսակցականության» սկզբունքով, անդամագրում էր միայն բանվորական միջավայրից ելած գրողներին: Ինչպես պրոլետկուլտականներն ու ֆուտուրիստները (ապագայապաշտներ), այնպես էլ «Երեքի դեկլարացիայի» շուրջ համախմբված գրողները մերժում էին անցյալի գրական-գեղարվեստական ժառանգությունը: 1920-ական թվականների վերջերին և 1930-ականների սկզբներին գրական այդ խմբակցությունները միավորվեցին, և 1934 թ-ին ստեղծվեց Հայաստանի գրողների միությունը: 
Հայ գրողներին առաջադրվեցին «նոր հասարակական-բարոյահոգեբանական» գեղարվեստական գրականության ստեղծման խնդիրներ: Գերիշխում էին Խորհրդային Հայաստանին, երկրի արդյունաբերությանը և կոլտնտեսային շարժմանը նվիրված ստեղծագործությունները: 
Պրոլետարական գրողներն առաջնորդվում էին դասակարգային պայքարի, հայրենիքի պատմական անցյալի ուրացման, ազգային առանձնահատկությունների անտեսման ապազգային գաղափարներով: Նրանք սիրերգությունը համարեցին անհատապաշտություն, հայրենասիրությունը՝ ազգայնամոլություն, պատմության վերհուշը՝ անցյալի իդեալականացում: Այսպիսի ծանր պայմաններում են ստեղծագործել նաև ազգային ընդգծված նկարագիր ունեցող գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, Վաղարշակ Նորենցը, Լեռ Կամսարը և ուրիշներ, որոնք 1937 թ-ին անհիմն զրպարտությունների պատճառով աքսորվել են կամ գնդակահարվել: 
Հետագա տարիներին հայ գրականությունը զարգացել է այսպես կոչված սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներով: Խորհրդային գրականության ելակետը կյանքի սոցիալիստական վերափոխման իդեալն էր, ըստ որի՝ սոցիալիստական իրականությունը և մարդկային հարաբերությունները դիտարկվում էին հեղափոխական զարգացման մեջ: 
1960–70-ական թվականներին գրական մթնոլորտը փոքր-ինչ մեղմացել է: Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Համո Սահյանը, Սիլվա Կապուտիկյանը, Խաչիկ Դաշտենցը, Հրանտ Մաթևոսյանը, Մուշեղ Գալշոյանը և ուրիշներ խորհրդային գաղափարական գրաքննության պայմաններում կարողացել են ստեղծել խորապես ազգային մտածողությամբ ու հոգեբանությամբ հագեցած գրականություն: Թեպետ սոցիալիստական ռեալիզմը կաշկանդում էր գրականության զարգացումը, բայց և այնպես խորհրդային տարիներին ստեղծվել են համաշխարհային նշանակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Հ. Շիրազի, Պ. Սևակի, Հ. Սահյանի, Հ. Մաթևոսյանի և ուրիշների ստեղծագործությունները: 
Հայ բանահյուսության, հին և միջնադարյան, նոր և նորագույն ու սփյուռքահայ գրականությունների ուսումնասիրման, բնագրագիտական, գրականագիտական, գրական տեսական աշխատանքներ են կատարվել ՀԽՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտում (ստեղծվել է 1938 թ-ին), ԵՊՀ-ում և Մանկավարժական ինստիտուտում: 

Արվեստ, ճարտարապետություն և քաղաքաշինություն

Կերպարվեստ: 1920–30 թթ-ին երկրում հիմնադրվել են գեղարվեստական միավորումներ ու կազմակերպություններ, որոնք պետք է նպաստեին աշխատավորների և խորհրդային մարդկանց երջանիկ կյանքն արտացոլող կտավների ու քանդակների ստեղծմանը: 
Քաղաքներում ու գյուղերում կանգնեցվում էին հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանները: Սկզբնավորվել է «արդյունաբերական» ժանրը՝ վերակառուցվող երկրի հաջողությունները պատկերելու համար (Գաբրիել Գյուրջյան, «Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը», 1926 թ., Փանոս Թերլեմեզյան, «Ղափան. պղնձաձուլական գործարան», 1929 թ., և այլն): 
1950-ական թվականներին թեմատիկան դարձել է բազմազան. ստեղծվել են «Սասունցի Դավիթ» (1959 թ., քանդակագործ՝ Երվանդ Քոչար), «Միքայել Նալբանդյան» (1966 թ., քանդակագործ՝ Նիկողոս Նիկողոսյան) արձանները, «Անի» (1967 թ., նկարիչ՝ Հենրիկ Սիրավյան) կտավը և այլ գործեր: 1953 թ-ից (Իոսիֆ Ստալինի մահից հետո) Հայաստանում զարթոնք է ապրել վերածնության ոգին, հատկապես 1960-ական թվականներից ծաղկել է կերպարվեստը,  ձևավորվել է այսպես կոչված «կոշտ» ոճը, որի հետևորդները (Հակոբ Հակոբյան, Մինաս Ավետիսյան և ուրիշներ) քննադատում էին արվեստի ազատ զարգացման խոչընդոտները:
Հայ արվեստագետները, որոշակիորեն զերծ մնալով սոցիալիստական ռեալիզմի ազդեցությունից, ստեղծել են համաշխարհային նշանակության գործեր: Հայ գեղանկարչության նոր դպրոցի ձևավորմանն ու կերպարվեստի զարգացմանը նպաստել են նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Ստեփան Աղաջանյանը, Գ. Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Սեդրակ Առաքելյանը, Գրիգոր Խանջյանը, Մ. Ավետիսյանը, քանդակագործներ Ե. Քոչարը, Խորեն Տեր-Հարությանը, Հակոբ Գյուրջյանը, Արա Սարգսյանը, Արա Հարությունյանը, Արտաշես Հովսեփյանը և ուրիշներ, ինչպես նաև սփյուռքահայ մի շարք նկարիչներ ու քանդակագործներ:
Թատրոն: Խորհրդահայ թատրոնի պատմությունն սկսվում է 1918 թ-ից, երբ Պյատիգորսկում (Ռուսաստան), Օվի Սևումյանի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Ազգությունների կոմիտեն կազմակերպել է հայկական առաջին պետական դրամատիկական թատրոնը: 1919 թ-ին ՌԽՖՍՀ Ժողկոմխորհի որոշմամբ Մոսկվայում հիմնադրվել է Հայկական դրամատիկական ստուդիան (ղեկավար՝ ռեժիսոր Սուրեն Խաչատրյան), իսկ 1920 թ-ին Դոնի Նախիջևանում՝ Ալեքսանդր Աբելյանի նախաձեռնությամբ՝ Հայկական դրամատիկական թատրոնը, որոնք դարձել են ազգային թատրոնի նախահիմքը: 
Խորհրդային թատրոնն առաջին հերթին դիտարկվել է որպես սոցիալիստական հեղափոխության նվաճումների քարոզչության, մարքս-լենինյան տեսադրույթների տարածման, աշխատավորության գեղագիտական հայացքների ձևավորման հզոր լծակ: «Ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստական» մշակույթի ու գրականության հիմնադրույթը, որը պետության գլխավոր գաղափարախոսական արժեքներից էր, արտացոլվել է նաև թատրոնում: Չնայած գերիշխող սոցիալիստական ռեալիզմի մեթոդին՝ 1920–91 թթ-ին հայ թատերարվեստն ունեցել է նաև կարևոր ձեռքբերումներ: Խորհրդային շրջանի թատրոնի տեսական հիմքը Կոնստանտին Ստանիսլավսկու թատերական բարենորոգումներն էին, որոնք նպաստել են ազգային թատերարվեստի զարգացմանը:
Գլխավոր ձեռքբերումը պետական-խաղացանկային թատրոնների համակարգի ստեղծումն էր, որի շնորհիվ զարգացել են ազգային ռեժիսորական և դերասանական արվեստները, ձևավորվել է անսամբլային թատրոնի գաղափարը, մշակվել և կենսագործվել են գեղարվեստական բազմաթիվ ծրագրեր: Արտասահմանյան թատերական նորարարություններն արտացոլվել են հայկական թատրոնում և նպաստել խաղացանկային ճշգրիտ ու բազմակողմանի քաղաքականության ձևավորմանը: ՀԽՍՀ-ում ստեղծվել են Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (1921 թ.), Պատանի հանդիսատեսի (1929 թ.), Մաքսիմ Գորկու անվան բանվորական (1931 թ.), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի (1932 թ.), Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային (1935 թ.), Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական (1937 թ.), Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1942 թ.), Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական (1968 թ.), Կամերային (1979 թ.), Երիտասարդական-փորձարարական (1979 թ.), Մնջախաղի (1979 թ.) և այլ թատրոններ: 
Թատերական կյանքը զարգանում էր նաև մայրաքաղաքից դուրս. 1951 թ-ին ՀԽՍՀ-ում գործում էին 28 շրջանային թատրոններ: Հայաստանում ստեղծվել են նաև ազգային փոքրամասնությունների (1928–89 թթ-ին՝ Երևանի Ջաբար Ջաբարլու անվան ադրբեջանական, 1937–47 թթ-ին` Հայաստանի քրդական պետական) թատրոններ: 
Ազգային թատրոնի առաջընթացը պայմանավորվել է Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Դավիթ Մալյանի, Լևոն Զոհրաբյանի, Ցոլակ Ամերիկյանի, Արուս Ոսկանյանի, Հասմիկի, Օլգա Գուլազյանի, Վաղարշ Վաղարշյանի, Արուս Ասրյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Բաբկեն Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Սոս Սարգսյանի` դերասանական, Արմեն Գուլակյանի, Արշակ Բուրջալյանի, Լևոն Քալանթարի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի, Վահե Շահվերդյանի և ուրիշների ռեժիսորական վարպետությամբ:
Թատերարվեստին զուգահեռ զարգացել է նաև կրկեսային արվեստը՝ իր լավագույն ավանդույթներով: 1956 թ-ին ստեղծվել է Հայկական կրկեսի կոլեկտիվը, որի նպատակն ազգային ինքնատիպ կրկես ստեղծելն էր: Այդ բնագավառում իրենց զգալի ավանդն ունեն Վարդանովների ընտանիքը, Վաղարշակ Արզումանյանը, Լևոն Հայկազունին, Ելենա Ավանեսովան, Նազի Շիրայը, Ստեփան Իսահակյանը, Հմայակ Խազխազյանը, Լեոնիդ Ենգիբարյանը, Սոս Պետրոսյանը և ուրիշներ:
Կինո: Ունենալով հանդիսատեսի լայն լսարան՝ կինոն առանձնահատուկ դեր է ունեցել խորհրդային գաղափարախոսական համակարգում, որի հիմնական մեթոդը սոցիալիստական ռեալիզմն էր: 1923 թ-ին լուսժողկոմատի համակարգում ստեղծվել է Պետֆոտոկինոն:
Խորհրդահայ առաջին կինոնկարը «Խորհրդային Հայաստան» (1924 թ.) փաստագրական ֆիլմն է: 1925 թ-ին Հայաստան է հրավիրվել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը, որը մշակել է ազգային ուրույն կինոմտածողություն: Հայկինոյի առաջին գեղարվեստական ֆիլմը Բեկնազարյանի «Նամուսն» է (1925 թ.): Ազգային կինոն նախ հաջողության է հասել կատակերգության ժանրում («Շոր և Շորշոր», 1926 թ., «Մեքսիկական դիվանագետներ», 1931 թ., «Կիկոս», 1931 թ., և այլն): 
1935 թ-ին Բեկնազարյանն ստեղծել է առաջին հնչուն՝ «Պեպո» ֆիլմը, ապա` «Զանգեզուրը» (1938 թ.), որն ազգային պատմության սուբյեկտիվ արտացոլումն է: Նկարահանվել են նաև «Կարո» (1937 թ., ռեժիսոր՝ Արտաշես Հայ-Արտյան), «Լեռնային արշավ» (1939 թ., ռեժիսոր՝ Ստեփան Կևորկով), «Սևանի ձկնորսները» (1939 թ., ռեժիսոր՝ Ամասի Մարտիրոսյան), «Լեռնային հեղեղ» (1939 թ., ռեժիսոր՝ Պատվական Բարխուդարյան), «Անձամբ ճանաչում եմ» (1958 թ., ռեժիսորներ՝ Ս. Կևորկով և Էրազմ Մելիք-Քարամյան) և այլ ֆիլմեր, որտեղ շեշտադրված են ժողովրդի հեղափոխական պայքարն ու հաղթանակի գաղափարը:
Բեկումնային էր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ.) ֆիլմը, որով սկզբնավորվել է հայկական կինոյի նոր ժամանակաշրջանը: Հետագա տարիներին նա նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկա» (1972 թ.), «Երկունք» (1976 թ.), «Մենավոր ընկուզենի» (1986 թ.) կինոնկարները: 
Նկարահանվել են «Եռանկյունի» (1967 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ., չորսն էլ՝ ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան), «Արևիկ» (1979 թ., ռեժիսոր՝ Արկադի Հայրապետյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975 թ.), «Երջանկության մեխանիկա» (1982 թ., երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), «Հնձան» (1973 թ.), «Տերը» (1983 թ., երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Բագրատ Հովհաննիսյան), «Հեղնար աղբյուր» (1970 թ., ռեժիսոր՝ Արման Մանարյան), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ., երեքն էլ՝ ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան), «Տղամարդիկ» (1972 թ.), «Հուսո աստղ» (1978 թ., երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան), «Մարդը «Օլիմպոսից»» (1984 թ., ռեժիսոր՝ Դմիտրի Կեսայանց), «Քամին ունայնության» (1989 թ., ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան), «Ձայն բարբառոյ...» (1991 թ., ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան) և այլ գեղարվեստական ֆիլմեր, որոնք ունեն ազգային հստակ նկարագիր ու գեղարվեստական արտահայտչականություն: Ստեղծվել են նաև հեռուստատեսային, վավերագրական ու մուլտիպլիկացիոն ֆիլմեր:
Երաժշտություն: Խորհրդային 70-ամյա ժամանակահատվածում մեծ առաջընթաց է ունեցել նաև հայ մասնագիտական երաժշտությունը: Կոմիտասի ստեղծած ազգային երաժշտական լեզվամտածողության հիմքով կազմավորվել և զարգացել են հայկական երաժշտության բոլոր ժանրերը՝ օպերան, բալետը, սիմֆոնիկ ժանրի տարատեսակները, երգը, ռոմանսը և այլն:
Համաշխարհային երաժշտական արտահայտչամիջոցների համակարգը ստեղծագործաբար միահյուսելով ազգային լեզվամտածողության առանձնահատկություններին` հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչները այսպես կոչված «կուլտի երաժշտության» կողքին ստեղծել են ժամանակի և իրականության ճշմարիտ, առողջ կենսասիրությամբ երկեր, որոնք ազգային դասական երաժշտության մնայուն արժեքներից են:
Ազգային երաժշտարվեստի զարգացմանը մեծապես նպաստել են կոմպոզիտորներ Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, ապա՝ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի և ուրիշների բարձրարժեք ստեղծագործությունները: Ազգային երաժշտարվեստում ինքնատիպ գործեր են ստեղծել նաև Գրիգոր Եղիազարյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը, Արամ Խուդոյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Կոնստանտին Օրբելյանը: 
XX դարի ազգային ու համաշխարհային երաժշտության նոր համադրումներով են բնորոշվում Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի և ուրիշների երկերը:
Ճարտարապետություն: 1920-ական թվականներից, տնտեսության վերականգնմանը զուգընթաց, սկսվել է բնակելի ու հասարակական շենքերի, ջրէկների, ջրանցքների, գործարանների, ֆաբրիկաների և այլ կառույցների շինարարությունը, կազմվել են քաղաքների ու գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերը, կառուցվել են քաղաքներ և բազմաթիվ գյուղեր: Քաղաքաշինական նոր սկզբունքները (բնակավայրի բոլոր մասերի միասնություն, կենտրոնի ու ծայրամասերի ներդաշնակություն, ռելիեֆի հետ օրգանական կապ և այլն) առաջին անգամ դրսևորվել են 1924 թ-ին՝ Ալեքսանդր Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագծում: Բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման հիմքում արդյունաբերական ու քաղաքացիական շինարարության համաչափ տեղաբաշխման, բնակչության բարեկեցիկ կյանքի ստեղծման, տրանսպորտային, կոմունալ և այլ ծառայությունների զարգացման խնդիրներն էին: 
1920–30-ական թվականները նշանավորվել են կառույցերի նոր տիպերի (բանվորական ու կոլտնտեսային ակումբներ, բազմաբնակարան շենքեր, մշակույթի պալատներ, ուսումնական, մանկական, առողջապահական, մարզական և այլ շինություններ) ստեղծմամբ: Այդ շրջանի ճարտարապետությանը բնորոշ են կլասիցիզմի ձևերի և հայ ճարտարապետության ավանդույթների ստեղծագործական կիրառումը, մասամբ՝ նաև մոդեռն ուղղության ազդեցությունը, որոնք առավել նկատելի են հասարակական շենքերում: Հետպատերազմյան տարիներին  տարածված էր հատկապես բնակելի թաղամասերի համալիր կառուցապատումը: 1955 թ-ից խորհրդային ճարտարապետության մեջ սկսվել է ստեղծագործական, ոճական առանձնահատկություններով ու շինարարության ծավալով զգալիորեն տարբերվող նոր փուլ, որը պայմանավորված էր տիպային նախագծման և զանգվածային շինարարության անհրաժեշտությամբ: Քաղաքների կառուցապատման գործընթաց են ներառել քաղաքաշինական նոր խնդիրներ և սկզբունքներ, սակայն տիպային նախագծերի կիրառումը հնարավորություն չի տվել ստեղծելու ուշագրավ ու բազմազան բնակելի զանգվածներ. կառուցվել են նույնանման շենքեր՝ ճակատային սխեմատիկ լուծումներով:
Մայրաքաղաքի գլխավոր հատակագծից զատ՝ կազմվել են Արզնիի, Ջերմուկի, Հանքավանի, Ծաղկաձորի, Դիլիջանի, Արզականի առողջարանային համալիրների կառուցապատման նախագծերը, կառուցվել են հանգստյան տներ: Աշխատանքներ են կատարվել պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման, դրանք բնակավայրերի կառուցապատման շրջանակ ներառելու համար: Մշակվել և գործողության մեջ են դրվել Էջմիածնի, Լենինականի, Գորիսի, Դիլիջանի և այլ պատմամշակութային գոտիների նախագծերը, որոնց հիմքի վրա կազմվել են զարգացման նոր՝ ժամանակակից նախագծեր: 
Տես նաև Գեղանկարչություն, Գծանկար, Գրաֆիկա, Դեկորատիվ և դեկորատիվ-կիրառական արվեստ, Դիզայն Դիմապատկեր Խեցեգործություն ԽճանկարՈրմնանկարչություն, Քանդակագործություն, Ազգային ակադեմիական թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան, Բեկնազարյան Համո, ԹատրոնԺոնգլյոր, Լարախաղաց, Ծաղրածու, Կինո, Կրկես, Մնջախաղ, Մուլտիպլիկացիոն կինո, Ռեժիսոր, Տիկնիկային թատրոն,  Բալետ, Դիրիժոր, Երաժշտական գործիքներ, Երաժշտություն, Երգ, Երգչախումբ, Նվագախումբ, Օպերա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան, Թամանյան Ալեքսանդր, Ճարտարապետություն: