Այբուբեն
BBBBBԷԿՇՏ
OWNEEԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
AAAAAԶԾՆՎՖ
Արագ Որոնում


Թովմա Աքվինացի (1225–1274 թթ.), 
միջնադարյան փիլիսոփա
Սոկրատեսն աշակերտների հետ. հատված Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» 
որմնանկարից (1510–11 թթ.)
Ռենե Դեկարտ 
(1596–1650 թթ.), 
ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս-բնագետ
Արթուր  Շոպենհաուեր (1788–1860 թթ.), 
գերմանացի փիլիսոփա
Եզնիկ Կողբացի
[մոտ 380 թ., գ. Կողբ (Այրարատի նահանգի Ճակատք գավառ) – 
450 թ.], իմաստասեր, աստվածաբան

Մանրանկարը` Ղրիմում պատկերազարդված ժողովածուից (XIV դար, Մատենադարան)
Փիլիսոփայությունը հասարակական ինքնագիտակցության հատուկ ձև է՝ 
աշխարհայացքի միջուկը. ուսումնասիրում է բնության, հասարակության և մտածողության առավել ընդհանուր օրինաչափությունները:

Փիլիսոփայությունը (իմաստասիրություն)` որպես անհատական ինքնագիտակցության ձև, սկզբնավորվել է Չինաստանում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Բաբելոնում, Հունաստանում և Հռոմում՝ ստրկատիրական կարգերի ձևավորմանը  զուգընթաց: 
Սկզբնական շրջանում փիլիսոփայությունը ներառել է Տիեզերքին ու բնությանը, մարդուն ու հասարակությանը վերաբերող ամենաընդհանուր հարցեր և խնդիրներ` կապված մնալով  դիցաբանական մտածողությանն ու կրոնական պատկերացումներին: 
Փիլիսոփայության չինական, հնդկական և եգիպտա-բաբելական դրսևորումները տարբերվել են հունա-հռոմեականից՝ կարծիքի սկզբունքայնության և երևույթների քննադատական հիմնավորման առումով:
Հունա-հռոմեական փիլիսոփայական ավանդույթների վրա են ձևավորվել հիմնական փիլիսոփայական դպրոցներն ու ուսմունքները, որոնք առավել էական ազդեցություն են ունեցել ժամանակակից քաղաքակրթության, գիտության և մշակույթի վրա:
Փիլիսոփայության հիմնական հարցը  կեցության նկատմամբ գիտակցության, մատերիայի (նյութի) նկատմամբ մտածողության հարաբերության հարցն է, որը քննվում է երկու տեսանկյունից. նախ՝ ո՞րն է առաջնայինը՝ բնությո՞ւնը, թե՞ ոգին, մատե՞րիան, թե՞ գիտակցությունը, և երկրորդ՝ աշխարհի մասին եղած իմացությունն ինչպե՞ս է հարաբերվում բուն այդ աշխարհին, կամ համապատասխանո՞ւմ է արդյոք գիտակցությունը կեցությանը, ընդունա՞կ է արդյոք այն ճիշտ  արտացոլելու աշխարհը: 
Կան այդ հարցերի մեկնաբանման  տարբեր մոտեցումներ` մոնիստական (մեկ նախահիմքով), դուալիստական (երկու նախահիմքով) և պլյուրալիստական (բազմանախահիմքով բացատրող) ուսմունքներ: Մոնիստական ուսմունքը որպես նախասկիզբ ընդունում է մեկ հիմք` կա՜մ նյութական (մատերիալիստներ), կա՜մ գաղափարական (իդեալիստներ): Մատերիալիստների համար նախասկզբնականը մատերիան է, իսկ գաղափարականը՝ իդեականը (գիտակցություն, կամք, մտածողություն), նյութի զարգացման արդյունք է, նրա ածանցյալը: Իդեալիստները, ընդհակառակը, գաղափարականը համարում են առաջնային, իսկ նյութական աշխարհը՝ բնությունը, «բացարձակ գաղափարի, գերբանականության» արգասիք:
Դուալիստական ուսմունքը, ի հակակշիռ մոնիզմի, հավասարազոր և անբաժանելի է համարում նյութական (մատերիական) և հոգևոր (գաղափարական) հիմքերը: Դուալիզմին բնորոշ է նաև մատերիալիզմի և իդեալիզմի հաշտեցման փորձը: Ըստ պլյուրալիստների՝ ամեն գոյություն ունեցող երևույթ բաղկացած է հավասարազոր և մեկուսացված էությունների բազմությունից, որը չի հանգեցվում միասնական նախասկզբի:
Սկզբնական շրջանում փիլիսոփայությունը միասնական ու ամբողջական ուսմունք էր աշխարհի մասին, բայց հետագա զարգացման ընթացքում փիլիսոփայական հիմնահարցերի ճշտումը հանգեցրել է փիլիսոփայության մեջ տարբեր ոլորտների առանձնացմանը՝ որպես քիչ թե շատ ինքնուրույն, երբեմն նաև արմատապես տարբերվող բաժինների. դրանց մի մասը վերածվել է փիլիսոփայության առանձին բաժինների կամ ինքնուրույն գիտության, օրինակ` գոյաբանությունը (օնթոլոգիա)՝ ուսմունք գոյի մասին, իմացաբանությունը (գնոսեոլոգիա)՝ ուսմունք ճանաչողության մասին կամ ճանաչողության տեսություն, ինչպես նաև տրամաբանությունը, բարոյագիտությունը, գեղագիտությունը, հոգեբանությունը, սոցիոլոգիան, փիլիսոփայության պատմությունը, պատմության փիլիսոփայությունը և այլն:  
Աշխարհի ճանաչելիության հարցի  նկատմամբ դիրքորոշումով ձևավորվել են տարբեր ուղղություններ: Միանշանակ, առանց վերապահումների աշխարհի ճանաչելիությունն ընդունում է մատերիալիզմը, որի համար ճանաչողության միակ աղբյուրն իրականությունն է, իսկ ճշմարտության չափանիշը՝ պրակտիկան: Կան նաև ուղղություններ, որոնք լիովին կամ մասնակիորեն ժխտում են աշխարհի ճանաչելիության հնարավորությունը (ագնոստիցիզմ), կասկածի ենթարկում իրականության մասին ճշմարիտ գիտելիք ունենալու հնարավորությունները (սկեպտիցիզմ) կամ ճանաչողության գլխավոր աղբյուր ու ճշմարտության չափանիշ են համարում բանականությունը (ռացիոնալիզմ` բանապաշտություն), ինտուիցիան, բնազդը, զգացումը (իռացիոնալիզմ), զգայությունը, փորձը (սենսուալիզմ) և այլն: 
Փիլիսոփայական տեսական հարցերին զուգահեռ ձևավորվել ու զարգացել է նաև փիլիսոփայական մեթոդը` իրականության տեսական հետազոտման առավել ընդհանուր սկզբունքների համակարգը (ինդուկցիա, դեդուկցիա, դիալեկտիկա և այլն): 
Փիլիսոփայական մտքի զարգացման ընթացքում հիմնական ուղղությունները հաճախ ձևափոխվել են՝ ձեռք բերելով նոր երանգներ ու գծեր:

Փիլիսոփայության զարգացման փուլերը

Հին հունական փիլիսոփայություն՝ անտիկ փիլիսոփայություն (մ. թ. ա. V– 
մ. թ. V–VI դարեր). վաղ շրջանը կոչվում է բնափիլիսոփայություն, երբ ուսումնասիրության հիմնական առարկան եղել է  բնությունը, որից աստիճանաբար անցում է կատարվել մարդու մասին դատողություններին: Հույն փիլիսոփա Պյութագորասը (մ. թ. ա. 580–500 թթ.), որ առաջինն է օգտագործել «փիլիսոփայություն»  հասկացությունը, փիլիսոփա համարել է այն մարդկանց, ովքեր կարողացել են դատողություններով բացահայտել ներհակ ճշմարտությունները:
Սոկրատեսը (մ. թ. ա. 469–399 թթ.) փիլիսոփայության հիմնական խնդիրը համարել է մարդուն ճանաչելը, իսկ ըստ Պլատոնի (մ. թ. ա. 427–347 թթ.)՝ փիլիսոփայությունը  «իրերի բուն էության ու մարդկային հարաբերությունների մեջ մտքով ներթափանցելու արվեստն է»:
Արիստոտելը (մ. թ. ա. 384–322 թթ.), համակարգելով ողջ նախընթաց հունական փիլիսոփայությունը, այն վերածել է գիտության, մշակել նրա առարկան ու մեթոդաբանությունը:
Եվրոպական միջնադարի փիլիսոփայություն (V–XIV դարեր). աստվածակենտրոն և հավատապաշտական բնույթի փիլիսոփայություն էր. հիմնական խնդիրը Հայտնության ճշմարտությունների ընկալումն ու մեկնաբանումն էր: Հավատը գերակա էր համարվում բանականությունից: XIII դարում Թովմա Աքվինացին փորձել է հաշտեցնել փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը և ստեղծել է համադրական մի ուսմունք՝ թոմիզմ:
Վերածննդի փիլիսոփայություն (XV– XVI դարեր). Վերածննդի դարաշրջանում եվրոպական երկրների մշակույթում և փիլիսոփայության մեջ (Նիկոլայ Կուզացի, Լեոնարդո դա Վինչի, Մարտին Լյութեր, Նիկոլո Մաքիավելի, Թոմաս Մոր և ուրիշներ) տեղի են ունեցել արմատական փոփոխություններ. սկսվել է աշխարհականացման գործընթաց, ձևավորվել է հումանիստական և անհատապաշտական մի աշխարհայացք, որի կենտրոնում գործունյա, արժանապատիվ, երկրային գործերի և հաճույքների մեջ իր գոյության նպատակն ու իմաստը փնտրող, բազմակողմանի զարգացած անհատի իդեալն է: Փիլիսոփայությունը տարանջատվել է կրոնական գաղափարախոսությունից, հոգևոր կյանքում կրոնի և աստվածաբանության փոխարեն գերագույն դատավորի գործառույթն իրականացրել են գիտությունն ու փիլիսոփայությունը: 
Լուսավորականության ժամանակաշրջանի և նոր ժամանակների փիլիսոփայություն (XVII–XIX դարի 1-ին կես). XVII–XVIII դարերում սկզբնավորվել են Լուսավորական շարժումն ու գաղափարախոսությունը (Ջոն Լոկ, Թոմաս Հոբս, Դենի Դիդրո, Ֆրանսուա Վոլտեր, Ժան-ժակ Ռուսո, Գոտհոլդ Լեսինգ, Իոհան Հերդեր, Վոլֆգանգ Գյոթե և ուրիշներ),  բանականությունը հռչակվել է ամեն ինչի դատավոր: Ձևավորվել է 2 ուղղություն՝ ռացիոնալիզմը և էմպիրիզմը, որոնք վիճարկել են գիտելիքի աղբյուրի, ճանաչողության ձևերի ու հնարավորությունների, հավաստի գիտելիքի հիմնավորման հարցերը:
Նոր ժամանակների եվրոպական փիլիսոփայության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն գերմանացի մտածողներ Իմանուիլ Կանտի, Յոհան Ֆիխտեի, Ֆրիդրիխ Շելլինգի, Գեորգ Հեգելի փիլիսոփայական ուսմունքները, որոնց ամբողջությունն ընդունված է  անվանել «գերմանական դասական փիլիսոփայություն»: 
XIX–XX դարերի փիլիսոփայություն. գերիշխող դասական փիլիսոփայական համակարգից (որի ավարտական փուլը գերմանական իդեալիստական փիլիսոփայությունն է) անցում է կատարվել առաջին ոչ դասական փիլիսոփայական ուսմունքներին: XIX դարի 40-ական թվականներին ձևավորվել է մարքսիզմը՝ դիալեկտիկական և պատմական մատերիալիզմը (Կարլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս), որը շուտով դարձել է փիլիսոփայության ամենատարածված ու ազդեցիկ ուղղություններից և հանդես է եկել որպես պրոլետարիատի՝ բանվոր դասակարգի գաղափարախոսություն (Վլադիմիր Լենին և ուրիշներ): Այդ գաղափարախոսության նպատակը կապիտալիստական հասարակարգի կործանումն էր և անդասակարգ, համայնական հասարակության ստեղծումը:
Եթե XVII–XVIII դարերում փիլիսոփայությունը և մյուս գիտությունները միասնաբար պայքարում էին սխոլաստիկական մտածողության դեմ, փիլիսոփայության առաջնահերթ խնդիրը գիտության համար գիտական մեթոդաբանություն մշակելն էր ու ճանապարհ հարթելը, ապա XIX դարի վերջին և XX դարում, երբ մեծացել է հավատը գիտության անսահմանափակ հնարավորությունների ու կարողությունների նկատմամբ (պոզիտիվիզմ), տարբեր դիրքերից վերանայվել և վերաիմաստավորվել են դասական փիլիսոփայության հիմնական սկզբունքները, առաջ է քաշվել գիտապաշտական (սցիենտիստական) ուղղության այն դրույթը, թե գիտությունն այլևս փիլիսոփայության կարիքը չի զգում, և յուրաքանչյուր գիտություն պետք է ունենա իր փիլիսոփայությունը:
XX դարի 2-րդ կեսից գիտապաշտական ուղղության դիրքերը թուլացել են. պարզվել է, որ գիտությունը միայնակ անզոր է լուծելու մարդկության առջև ծառացած սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական խնդիրները: Ձևավորվել են հակագիտապաշտական ուղղություններ («կյանքի փիլիսոփայություն», էկզիստենցիալիզմ, պերսոնալիզմ, ստրուկտուրալիզմ, պոստմոդեռնիզմ և այլն), որոնք կասկածի տակ են առնում միայն գիտության միջոցով մարդկային գոյության հիմնահարցերի լուծման հնարավորությունը, նախապատվությունը տալիս են արտատրամաբանական ձևերին՝ ինտուիցիային, զգացմունքին, բնազդին և այլն:
Ժամանակակից արևմտյան փիլիսոփայությունը (XX դարի 2-րդ կես – XXI դարի սկիզբ) ոչ դասական փիլիսոփայական ուղղությունների (էկզիստենցիալիզմ, հոգեվերլուծության փիլիսոփայություն, փիլիսոփայական մարդաբանություն և այլն) յուրատեսակ համադրում է: 

Հայ փիլիսոփայական միտքը

Հայ փիլիսոփայական միտքն իր տիպաբանական առանձնահատկություններով պատկանում է իմաստասիրության եվրոպական տիպին, հետևաբար եվրոպական փիլիսոփայության բաղկացուցիչ մասն է: Գտնվելով տարբեր մշակույթների  խաչմերուկում՝ հայ փիլիսոփայական միտքը ժամանակի ընթացքում կրել է թե՜ արևելյան, թե՜ արևմտաեվրոպական փիլիսոփայական ուսմունքների բարերար ազդեցությունը և ստեղծել է մնայուն արժեքներ:
Հայ ինքնուրույն փիլիսոփայությունն սկզբնավորվել է V դարում, որի հիմնական ուղղություններն են եղել քրիստոնեական ջատագովությունը (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Եղիշե և ուրիշներ), նորպլատոնականությունը, որի արիստոտելյան թևի ականավոր ներկայացուցիչներից էր Դավիթ Անհաղթը (վերջինիս շնորհիվ հայ միջնադարյան փիլիսոփայությունը ժառանգել և պահպանել է անտիկ փիլիսոփայության նվաճումները), և բնափիլիսոփայական ուղղությունը, որի հիմնադիրը VII դարի մաթեմատիկոս, տոմարագետ, աշխարհագետ Անանիա Շիրակացին էր: Նրանց ավանդույթը շարունակել են զարգացած ավատատիրության շրջանի՝ XI–XIV դարերի մտածողները (Հովհաննես Սարկավագ, Վահրամ Րաբունի, Գրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի), որոնք ոչ միայն զարգացրել են ժամանակի առաջադեմ՝ նոմինալիստական ուղղությունը, այլև առաջադրել են եվրոպական փիլիսոփայության ոգուն համահունչ իդեալներ և բնափիլիսոփայական գաղափարներ: Միջնադարյան հայ փիլիսոփաները մասնակցել են կրոնադավանաբանական խնդիրների քննությանը՝ դրսևորելով 2 միտում. մի կողմից պայքարել են օտար նվաճողների հավատափոխական նկրտումների դեմ (Եզնիկ Կողբացի, Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի, Առաքել Սյունեցի և ուրիշներ), մյուս կողմից՝ արտահայտել հասարակական ներքին հակամարտությունները, որոնք միջնադարում կրոնական-հերձվածողական բնույթ էին ստանում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Գոշ, պավլիկյաններ, թոնդրակեցիներ և ուրիշներ):
Պատմության փիլիսոփայության և սոցիալական փիլիսոփայության հուզող խնդիրներ են արծարծվել հայ պատմիչների (Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Մովսես Կաղանկատվացի, Կիրակոս Գանձակեցի) երկերում: Մշակութային մնայուն հուշարձաններ են անտիկ և միջնադարյան հեղինակների (Պլատոն, Արիստոտել, Զենոն, Փիլոն Ալեքսանդրացի, Պորփյուր, Յամբլիքոս, Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացի, Հովհաննես Դամասկացի, Թովմա Աքվինացի, Պետրոս Արագոնացի և ուրիշներ) փիլիսոփայական դասական երկերի հայերեն թարգմանություններն ու մեկնաբանությունները: 
XVI–XVII դարերի հայ փիլիսոփայական միտքը (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Սիմեոն Ա Երևանցի և ուրիշներ) միջնադարյան փիլիսոփայության հետաքրքրությունների և հարցադրումների շրջանակում էր: 
XVIII դարի 70-ական թվականներին Մադրասի խմբակն առաջադրել է ազգային-ազատագրական և լուսավորական գաղափարներ:
XIX դարում ի հայտ է եկել լուսավորական դեմոկրատիզմը՝ իրեն բնորոշ ազատախոհությամբ, ազգային և սոցիալական ազատագրության հարցերը լուսավորության միջոցով լուծելու գաղափարներով (Խաչատուր Աբովյան, Ստեփանոս Նազարյան, Նահապետ Ռուսինյան, Ռեթեոս Պերպերյան, Մինաս Չերազ, Եղիա Տեմիրճիպաշյան, Ինտրա (Տիրան Չրաքյան), Նիկողայոս Զորայան, Մատթեոս Մամուրյան և ուրիշներ): Հեղափոխական դեմոկրատիզմին (Միքայել Նալբանդյան, Հարություն Սվաճյան և ուրիշներ) բնորոշ էին մատերիալիզմը, սոցիալիստական հեղափոխության գաղափարները: Կղերական ուղղությունը (Պողոս Էմմանուելյան, Ավքսենտիոս Գուրգենյան և ուրիշներ) նոր պայմաններում  աշխատել է գիտությունը և լուսավորությունը հաշտեցնել կրոնի հետ՝ այս գաղափարական կողմնորոշմանը համապատասխանեցնելով օբյեկտիվ իդեալիստական փիլիսոփայության համակարգերը: 
XVIII–XIX դարերում մեծ տեղ են գրավել պատմափիլիսոփայությունը և սոցիալական փիլիսոփայությունը, որոնք մշակվել են ոչ միայն փիլիսոփայական, այլև պատմագիտական երկերում, մի շարք գրողների (Միքայել Չամչյան, Մեսրոպ Թաղիադյան, Ղևոնդ Ալիշան, Ստեփան Պալասանյան, Մաղաքիա Օրմանյան, Րաֆֆի և ուրիշներ) ստեղծագործություններում: XIX դարի 2-րդ կեսի հայ փիլիսոփայության, հատկապես Գալուստ Կոստանդյանի, Երվանդ Ֆրանգյանի, Անտոն Գարագաշյանի, Գրիգոր Արծրունու հայացքների վրա մեծ էր պոզիտիվիզմի ազդեցությունը: 
Ազգային և համամարդկային հոգևոր ժառանգության հիմքի վրա հանդես են եկել «մեհենականները» (Դանիել Վարուժան, Հակոբ Օշական, Գեղամ Բարսեղյան, Ահարոն Տատուրյան և Կոստան Զարյան): Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի ազգակենտրոն գաղափարների ի հայտ գալուց առաջ հայ իմաստասիրական մտքի հետեղեռնյան մտածումի կրողը Շահան Պերպերյանն էր:
XIX դարի վերջին հայ հեղափոխական միջավայրում առավել տարածվել է մարքսիզմը (Ստեփան Շահումյան, Բոգդան Կնունյանց, Սուրեն Սպանդարյան և ուրիշներ):
Խորհրդայնացումից հետո Հայաստանում փիլիսոփաների արժեքավոր ավանդը եղել և մնում է հայ ժողովրդի փիլիսոփայական ժառանգության ուսումնասիրությունը: Վերջին շրջանում հայ փիլիսոփայական միտքը հարստացել է հատկապես Էդուարդ Աթայանի և Էդմոն Ավետյանի իմաստասիրական և նշանագիտական (լեզվի փիլիսոփայություն) աշխատություններով
Հայաստանի Հանրապետությունում փիլիսոփայական հետազոտությունները կատարվում են ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում, ԵՊՀ և մյուս բուհերի փիլիսոփայության ամբիոններում: Փիլիսոփայության մասնագետներ պատրաստվում են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում:

   Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունը հայ աստվածաբանական-իմաստասիրական մտքի և դասական ջատագովության կարևոր սկզբնաղբյուրներից է:
   «Եթե կասկածում եմ, ուրեմն մտածում եմ, եթե մտածում եմ, ուրեմն՝ գոյություն ունեմ»:
   Ռենե Դեկարտ, 
   ֆրանսիացի փիլիսոփա
   «Ովքեր գեթ մեկ անգամ փիլիսոփայական խոսք են տենչում և պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակելու նրա քաղցրությունը, նրանք, բոլոր երկրավոր հոգսերին «մնաք բարյավ» ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան»:
   Դավիթ Անհաղթ, 
   փիլիսոփա