Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Մարզպանական Հայաստանը Սասանյան Իրանի (Երանշահր) գերիշխանությանը ենթակա վարչական միավոր էր V–VII դարերում: Կառավարիչը մարզպանն էր՝ արքայից արքայի տեղապահը: Հայոց մարզպաններ նշանակվել են թե՜ պարսիկ, թե՜ հայ իշխաններ:

Մարզպանական Հայաստանը հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք (հաճախ՝ նաև Արցախ) նահանգները՝ 134 հզ. կմ2 (Արցախի հետ՝ շուրջ 145 հզ. կմ2) տարածքով և շուրջ 3 մլն բնակչությամբ: Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև Մեծ Հայքի թագավորության առաջին բաժանումից (387 թ.) առաջ արդեն անջատել էին Հայոց ծայրամասային նահանգները՝ Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Նոր Շիրականը (Պարսկահայք), Կորճայքը, Աղձնիքը, Հայոց Միջագետքը: 387 թ-ին Մեծ Հայքի Ծոփք և Բարձր Հայք նահանգներն անցել են Հռոմին, մյուսները՝ Պարսկաստանին: Արշակունի թագավորները շարունակել են իշխել Հայաստանի բյուզանդական հատվածում մինչև 389 թ., պարսկական հատվածում՝ մինչև 428 թ.: 
Մարզպանական Հայաստանն ինքնավար երկիր էր, որի փաստացի տերերը հայ նախարարներն էին. հայկական զորաբանակը մնացել է Հայոց սպարապետի տնօրինության ներքո, ճանաչվել են եկեղեցու իրավունքներն ու արտոնությունները: Սասանյան արքունիքին տրվել են միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն են ունեցել Արշակունի վերջին թագավորների ժամանակ:
Մինչև V դարի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, այնուհետև՝ Դվինը: Մարզպանը պարտավոր էր կառավարման պաշտոնները՝ գործակալությունները, հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց ժառանգական իրավունքի դարավոր սկզբունքը: Երկրի սպարապետությունը շարունակում էին վարել Մամիկոնյանները, հազարապետությունը՝ Ամատունիները, մաղխազությունը՝ Խորխոռունիները (Խորխոռունի նահապետը նոր պայմաններում մարզպանի թիկնազորի պետն էր): Պահպանվում էր Մեծ դատավարության գործակալությունը՝ Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: 
Պարսիկ Վեհմիրշապուհից (428–443 թթ.) հետո արքայից արքա Հազկերտ II-ը (439–459 թթ.) Հայոց մարզպան է նշանակել Վասակ Սյունուն (443–451 թթ.). նրա օրոք, Այրարատի որոշ բերդերում տեղակայված «կայենական» կոչվող պարսկական զորամասերից բացի, որոնք նույնպես ենթարկվել են Վասակ Սյունուն, Սասանյան իշխանության այլ ներկայացուցիչ չի եղել: 
Մարզպանական Հայաստանը բաղկացած էր խոշոր ու մանր տիրույթներից. յուրաքանչյուրում ժառանգաբար իշխում էր «տերը»՝ նախարարը, որն ուներ իր զորքը, տոհմական զինանշանն ու դրոշը: Ստեղծվել էր պետական կառավարման ընդհանուր կառույց՝ նախարարների և հոգևորականության խորհրդակցական ու օրենսդրական մարմնով՝ Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվող ժողովով և նախարարական հեծելազորի (Հայոց այրուձի) ու հետևազորի միասնական ռազմական կազմակերպությամբ, որը գլխավորել է Հայոց սպարապետը:
Սակայն Սասանյան արքունիքն աստիճանաբար սկսել է վարել երկիրը սովորական պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն. հող է նախապատրաստել պարսիկների հետ հայերին ձուլելու համար: Հազկերտ II-ի գլխավոր թիրախը Հայ եկեղեցին էր, որը դեռևս չէր բաժանվել Տիեզերական եկեղեցուց և դիտվում էր որպես Բյուզանդիայի քաղաքական շահերի արտահայտիչ: Հաջորդ քայլը հայ բնակչության ընդհանուր «աշխարհագիրն» էր՝ հարկահանման ենթակաների հաշվառումը, որի հետևանքով զգալիորեն բարձրացել են հարկերը: Երրորդը հայ նախարարների ռազմական ուժերի չեզոքացումն էր: 
Միջին Ասիայից ներխուժող հոների դեմ կռվելու պատրվակով, Հազկերտ II-ի կարգադրությամբ, հայկական հեծելազորը հանվել է Հայաստանից և ուղարկվել Մարվիռոտում (Մերվի Օազիս) նոր հիմնված ռազմակայանը: 449 թ-ին Սասանյանների հազարապետ Միհրներսեհն արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջել է ուրանալ քրիստոնեական կրոնը և ընդունել զրադաշտականություն: Արտաշատի ժողովը մերժել է պարսից հրովարտակի պահանջները, որի համար նախարարական տների գլխավոր ներկայացուցիչներին կանչել են մայրաքաղաք Տիզբոն: Հայ-պարսկական այդ հակամարտությունն ավարտվել է Վարդանանց պատերազմով (450–451 թթ.): Ավարայրի հերոսամարտը (451 թ-ի մայիսի 26-ին) Սասանյաններին հարկադրել է որոշ զիջումներ անել. վերականգնել են կրոնական ազատությունը, թեթևացրել հարկերը և հրաժարվել բռնի ազգաձուլման քաղաքականությունից:
Սակայն ժամանակ անց Սասանյան Իրանը վերստին սաստկացրել է ազգահալած գործողությունները Հայաստանում, Վիրքում ու Աղվանքում: Ղազար Փարպեցին վկայում է, որ տանուտերությունը և ժառանգական այլ պաշտոններ հայ նախարարները կարող էին ստանալ հավատուրացության գնով, իսկ հայրենի ուխտին հավատարիմ նախարարներին դարձյալ ճնշում, հալածում կամ ոչնչացնում էին:
482–484 թթ-ին Մարզպանական Հայաստանում բռնկվել է հերթական հակասասանյան ապստամբությունը՝ սպարապետ Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ, որն ավարտվել է հայերի լիակատար հաղթանակով: 484 թ-ի աշնանը կնքված Նվարսակի հաշտության պայմանագրով՝ Պարսից արքայից արքա Վաղարշը ստիպված ճանաչել է Հայաստանի ներքին ինքնուրույնությունը: Սպարապետ Վահան Մամիկոնյանը, որին ժողովուրդը ճանաչել էր Տանուտեր Հայոց, 485 թ-ին արքայից արքայի հատուկ հրամանագրով նշանակվել է Հայաստանի տանուտեր և սպարապետ: Իսկ նույն թվականի աշնան վերջին արքայից արքա Վաղարշը նրան ճանաչել է Հայաստանի կառավարիչ-մարզպան: Այնուհետև Մարզպանական Հայաստանը հայոց մեջ կոչվել է «Տանուտերական երկիր», իսկ հայ մարզպանը՝ «Տանուտեր Հայոց»: Սասանյանների հանդուրժողական քաղաքականությունն այս ժամանակաշրջանում մասամբ պայմանավորված էր նաև նրանով, որ Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո Հայաստանյայց առաքելական եկեղեցին մնացել է միաբնակ և վրաց ու աղվանից եկեղեցիների հետ որոշ հարցերում հակադրվել է բյուզանդական եկեղեցուն: 501 թ-ին Սասանյանները ճանաչել են Հայոց միաբնակ եկեղեցու ինքնուրույն գոյությունը:
Հայերի վիճակը վերստին վատթարացել է Պարսից արքայից արքա Խոսրով I Անուշիրվանի (531–578 թթ.) նոր աշխարհագրի, վարչական փոփոխությունների ու հարկային նոր կարգի հետևանքով: Չդիմանալով հարստահարումներին՝ ժողովուրդը 571–572 թթ-ին Վարդան Մամիկոնյանի (Կարմիր կամ Կրտսեր Վարդան) գլխավորությամբ ապստամբել է և դիմել Բյուզանդիայի օգնությանը: Ապստամբությունը հետզհետե վերածվել է պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի և ավարտվել 591 թ-ին՝ Հայաստանի նոր բաժանմամբ: Բյուզանդական կայսրությունն իր սահմաններն ընդլայնել է մինչև Դվինի մատույցները և Վանա լիճը: Մարզպանական Հայաստանի կազմում մնացել են Դվինի Ոստան գավառը, Վասպուրական և Մոկք նահանգները, 572 թ-ի ապստամբության ժամանակ Սյունիքն անջատվել էր Մարզպանական Հայաստանից և, իբրև առանձին շահր (վարչական միավոր), մտցվել Ատրպատականի կազմի մեջ: 
Պարսկա-բյուզանդական պատերազմները շարունակվել են մինչև արաբական արշավանքները (628 թ.): Երկարատև պատերազմները 2 կողմերին էլ ուժասպառ են արել՝ հեշտացնելով արաբների հաղթանակը և ամբողջ Առաջավոր Ասիայում ու Հյուսիսային Աֆրիկայում նրանց գերիշխանությունը տարածելու հնարավորությունը: 
Բյուզանդական գերիշխանության պայմաններում մարզպանի փոխարեն նշանակվում էր երկրի կառավարիչ, որը կրում էր Հայոց իշխան կամ պատրիկ տիտղոսը, և ճանաչվում էր նախկին Մարզպանական Հայաստանի կարգավիճակը՝ իբրև վասալ պետություն: Չնայած երկիրը դարձել էր արաբա-բյուզանդական պատերազմների ռազմաբեմ, այդուհանդերձ, արաբները Հայաստանի 2 մասերում կարողացել են իրենց գերիշխանությունը հաստատել միայն 706 թ-ին: