Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Պո Էդգար Ալան
1809 թ., Բոստոն, ԱՄՆ
1849 թ., Բալթիմոր, ԱՄՆ
Է. Պոյի «Սև կատուն» գրքի շապիկը
Տիկնիկներ. «Էդգար Պո և Աննաբել»
Ամերիկացի գրող, քննադատ Էդգար Պոն դետեկտիվ ժանրի ու 
«սարսափի նովելի» հիմնադիրն է և գիտաֆանտաստիկ ժանրի 
սկզբնավորողներից համաշխարհային գրականության մեջ:

Էդգար Պոն 2 տարեկանում զրկվել է ծնողներից. նրան որդեգրել է Ջոն Ալանի ընտանիքը՝ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից: 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա և սովորել Լոնդոնի պանսիոններից մեկում: Վաղ տարիքից գրել է և նկարել: 1820 թ-ին վերադարձել է ԱՄՆ: 
1826 թ-ին ավարտել է Ռիչմոնդի քոլեջը, 1826–27 թթ-ին սովորել է Ռիչմոնդի համալսարանում, 1830–31 թթ-ին՝ Վեստ Փոյնթի զինվորական ակադեմիայում: 1827–29 թթ-ին ծառայել է բանակում: 
Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններն ամփոփված են «Թամեռլան և այլ բանաստեղծություններ» (1827 թ.), «Ալ-Աարաաֆ, Թամեռլան և փոքրիկ բանաստեղծություններ» (1829 թ.), «Բանաստեղծություններ» (1831 թ.) ժողովածուներում, որոնք նկատելի հաջողություն չեն ունեցել: 1833–40 թթ-ին Պոն աշխատել է Ռիչմոնդի, 1841–43 թթ-ին՝ Բալթիմորի պարբերականներում:
Գրողի ստեղծագործության մեջ առանձնանում են արձակ գործերը: 1833 թ-ին հրատարակել է առաջին՝ «Ձեռագիրը շշի միջից» պատմվածքը, 1835 թ-ին՝ «Ոմն Հանս Պֆայլի արտասովոր արկածները», 1838 թ-ին՝ «Արթուր Գորդոն Պիմի արկածների պատմությունը» պատմվածքները, որտեղ մղձավանջայինը, երևակայականն ու անբնականը միահյուսված են սարսափազդու իրականության հետ: Պոյի միստիկական ու սահմռկեցուցիչ ստեղծագործությունների մեջ մարդն անզոր էակ է ինչ-որ առեղծվածային ուժերի ձեռքին («Սև կատուն», 1843 թ., «Այլասերվածության դևը», 1844 թ.): Ըստ գրողի՝ արգահատելի դաժանությունը, անբարոյականությունը մարդու խեղված էության բնորոշ գծերից են («Էշերների տան կործանումը», 1839 թ., «Անժամանակ թաղում», 1844 թ.): Առանձին պատմվածքներում («Տապալում Մալստրեմում», 1841 թ., «Ջրհորը և ճոճանակը», 1843 թ.) սարսափի և տառապանքի նկարագրություններն ուղեկցվում են կերպարների վերլուծական մեկնություններով:
«Սպանություն Մորգ փողոցում» (1841 թ.), «Գողացված նամակներ» (1842 թ.), «Ոսկե բզեզ» (1843 թ.), «Մարի Ռոժեի գաղտնիքը» (1845 թ.) դետեկտիվ ժանրի պատմվածքներում Պոն առաջին անգամ նկարագրում է վտանգներով ու փորձություններով լի հանցագործության բացահայտումը: Հետագայում Պոյի ավանդները շարունակել են Արթուր Կոնան Դոյլը, Հիլբերտ Քիտ Չեստերտոնը և ուրիշներ:
Պոյի հասուն տարիքի ամենանշանավոր՝ «Ագռավ և այլ բանաստեղծություններ» (1845 թ.), ինչպես նաև «Աննաբել Լի» (1849 թ.) ժողովածուների հիմքում ողբերգական սիրո թեման է. գրողը նկարագրել է սիրած էակին կորցրած հուսահատ մարդու տառապանքները: 1848 թ-ին տպագրել է «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմը, որը գիտագեղարվեստական ժանրի առաջին գործերից է համաշխարհային գրականության մեջ: 
Պոյի ստեղծագործություններին հատուկ միստիկան և հիվանդագին վիճակների նկարագրության հակումը հիմք են դարձել գրականության մեջ անկումային տրամադրությունների արտահայտման:
Երգիծական պատմվածքներում («Դևը զանգակատանը», 1839 թ., «Գործարար մարդ», 1840 թ., «Էսկվայր Կավկաս Թամի գրական կյանքը», 1844 թ.) նա ծաղրել է հասարակության քաղքենի ու ծախու խավին: 
Պոն ԱՄՆ-ի առաջին գրաքննադատներից է. քննադատական հոդվածներ է գրել Ֆենիմոր Կուպերի, Ջեյմս Լոուելի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների ստեղծագործությունների մասին:
Պոն իր գեղագիտական տեսական հայացքներն արտահայտել է «Իրադարձության փիլիսոփայություն» (1840 թ.), «Ստեղծագործության փիլիսոփայություն» (1846 թ.) և «Բանաստեղծական սկզբունք» (1850 թ.) աշխատություններում. կոպիտ ու վանող իրականությանը հակադրել է ռոմանտիկական գեղեցկության իդեալը, պոեզիայի հիմնական թեման համարել է գեղեցկությունը:
Պոյի ոճը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում՝ հատկապես սիմվոլիստական և դեկադենտական (անկումային) գրականության մեջ:
Պոյի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ («Կենդանի թաղվածը», 1962 թ., «Ագռավ», 1963 թ., «Կախարդված ամրոցը», 1963 թ., «Կարմիր մահվան դիմակը», 1964 թ., «Ջրհորը և ճոճանակը», 1990 թ., և այլն):
Էդգար Պոյի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: 

   «Պոն չի ապրել Ամերիկայում, նա այնտեղ մահացել է»:
Բեռնարդ Շոու, 
անգլիացի գրող
   1949 թ-ից՝ ամեն տարի ծննդյան օրը (հունվարի 19-ին) Էդգար Պոյի գերեզմանին անհայտ մեկը ծաղիկներ է դնում: