Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Սիրանույշ
1857/1862 թ., 
Կոստանդնուպոլիս
1932 թ., Կահիրե 
(թաղված է հայկական գերեզմանատանը)
Սիրանույշը Համլետի 
դերում (Վ. Շեքսպիրի «Համլետ»)
Սիրանույշը հայ թատրոնի ամենախոշոր դեմքերից է. հզոր խառնվածքը, անմիջականությունն ու անկեղծությունը վարպետորեն զուգակցել է 
դերասանական բարձր տեխնիկային: Նրա անվան հետ է կապված 
հայ թատրոնի պատմության մի ողջ շրջան:

Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում: 1873 թ-ից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում» (Կեկել՝ Սունդուկյանի «Պեպո», Ամալյա՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», և այլն), 1874 թ-ից՝ Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում». հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի՝ հայկական և թուրքական ներկայացումներում: 1878 թ-ին Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր: 
1879–81 և 1891–92 թթ-ին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»), Օֆելյա (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Յուլինկա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Անանի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլն: 1881 թ-ին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թ-ին կրկին հրավիրվել է Ս. Պենկլյանի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել Հունաստան և Եգիպտոս. հռչակվել է Ֆաթիմեի (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ: 
1895 թ-ից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել Բուլղարիայում, Ռումինիայում և Եգիպտոսում: 1897 թ-ին նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբը, որտեղ հանդես է եկել դրամատիկական, հիմնականում` ողբերգական դերերով: Հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերը (1901 թ., Թիֆլիս, այդ դերում նրան նախորդել էին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ): 
Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր՝ Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Թերեզա (Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Հովհաննա, Մարի Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»), Մեդեա (Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա»), Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Իզեիլ (Արման Սիլվեստրի և Էռնեստ Մորանի «Իզեիլ»), Զեյնաբ (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Պորցիա (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Իշխանուհի (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Մարգարիտ (Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ») և այլն: Սիրանույշի դերերից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից են: Նա հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, 1907–08 թթ-ին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի քաղաքներում, 1910 թ-ին՝ Կոստանդնուպոլսում:
1912 թ-ին Թիֆլիսի հայ թատրոնի լավագույն դերասանները, Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ, ելույթներ են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Սիրանույշին համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ: 
1918–21 թթ-ին շրջագայել է Պարսկաստանում, 1922 թ-ին հրաժեշտի ներկայացումներով հանդես եկել Թիֆլիսում: 
Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932 թ-ին, Ալեքսանդրիայում՝ Մարգարիտ Գոթիեի դերով: 
Մահացել է տունդարձի ճանապարհին:
Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր: Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ բեմում հասել է ցնցող ազդեցության: Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել XX դարի առաջին 2 տասնամյակների հայ դերասանական արվեստում: 
Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում. նրա կարծիքով՝ մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը:
Տես նաև Թատրոն:



















Սիրանույշը Օֆելյայի (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Անանիի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Արծվիկի (Ֆրանց Ռոստանի «Արծվիկ») և Մեդեայի (Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա») դերերում

   «Տաղանդներ կան, որոնց համար երևակայությունը շոշափելի իրականություն է... Այդպես էր Սիրանույշը: 
   ...Սիրանույշին գիտեն, ովքեր տեսան: Տեսա նրան և ես: Եվ միակ հնարավոր բացատրությունը նրա արվեստի մասին, ըստ իս, մի երկյուղած լռություն է...»:
Վահրամ Փափազյան, 
դերասան
«Ոչ ոք չգիտե հայ լեզուն այնքան նուրբ արտասանել ու մինչև անգամ գեղեցկացնել, որքան տիկին Սիրանույշը»:
Ալեքսանդր Շիրվանզադե, 
դրամատուրգ