Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Պարթենոնի տաճարը Աթենքի Ակրոպոլիսում 
(մ. թ. ա. 447–438 թթ.)
Մոսկվայի Կրեմլը (XIV դար)
Լևոնբերդ ամրոցի   (Կիլիկիա) միջնաբերդի հարավային մուտքը
Ակրոպոլիսը միջնաբերդի հունարեն անվանումն է. բառացի նշանակում է վերին քաղաք: Առավել հայտնի է Աթենքի Ակրոպոլիսը՝ կառուցված մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբներին:

Հնում քաղաքները հիմնականում եռամաս էին՝ բաղկացած միջնաբերդից, բնակելի թաղամասերից և արվարձաններից: Միջնաբերդը բնակավայրի բարձրադիր, պարսպապատ, անառիկ մասն էր, որտեղ վտանգի ժամանակ ապաստանում էին բնակիչները: Միջնաբերդեր ունեցել են արևմտաեվրոպական, ռուսական, միջինասիական, հայկական և միջնադարյան այլ քաղաքներ: Հին Հունաստանում միջնաբերդը կոչվում էր ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիտոլիում, Ռուսաստանում՝ կրեմլ: Միջնադարյան Հայաստանում առավել նշանավոր էին Անիի, Դվինի, Լոռեբերդի, Վանի, Կարսի միջնաբերդերը:
Ակրոպոլիսը գտնվում է Աթենքի  բարձր բլուրներից մեկի վրա, չափերը` 300x130 մ, մ. թ. ա. 449 թ-ին վերակառուցվել է Պերիկլեսի օրոք՝ ամրոցից վերածվելով Փառքի և Աթենքի հովանավոր Աթենաս աստվածուհու վեհության խորհրդանիշի: Արևմուտքից թեք ու ժայռոտ տեղանքով միակ ճանապարհը տանում է դեպի Ակրոպոլիսի սյունազարդ մուտքը՝ Պրոպիլեոնը (մ. թ. ա. 437–432 թթ., ճարտարապետ՝ Մնեսիկլես), որից աջ՝ Պիրգոս կոչվող բարձր հարթակի վրա, եղել է Նիկե Ապտերոսի փոքրաչափ տաճարը, դիմացն Աթենաս Պարթենոսի արձանն էր, աջում՝ Պարթենոնի տաճարը, իսկ ձախում՝ Էրեքթեոնի նրբակերտ տաճարը (մ. թ. ա. 421–406 թթ.). կառուցվել է Պոսեյդոնի, Աթենասի և Ատտիկայի թագավոր Էրեքթեոնի պատվին: Հետաքրքրական է, որ տաճարի հարավային սյունասրահի ծանրությունը կրում են 6 կարիատիդներ (կանանց արձաններ):
Ակրոպոլիսի համալիրի հորինվածքային մտահղացումը կապված էր 4 տարին մեկ կազմակերպվող համաժողովրդական տոնի՝ Համաաթենական հանդիսավոր երթի հետ, որը, սկսվելով Աթենքի Ագորայից (գլխավոր հրապարակ), հասնում էր մինչև Պարթենոն: 
Աթենաս Պարթենոսի արձանն ունեցել է 12 մ բարձրություն. դեմքը և ձեռքերը եղել են փղոսկրից, հագուստը և զենքը՝ ոսկե բարակ թերթերից, իսկ աչքերը՝ թանկարժեք քարերից:  Ըստ Փավսանիոս պատմիչի՝ Նիկե Ապտերոսի տաճարի (մ. թ. ա. 421 թ., ճարտարապետ՝ Կալիկրատես) սրբարանում (նաոս) դրված է եղել հաղթանակի աստվածուհու՝ Նիկեի անթև արձանը (որպեսզի հաղթանակը «չթռչի» հեռանա աթենացիներից): Ակրոպոլիսի գլխավոր տաճարը Պարթենոնն է (մ. թ. ա. 447–432 թթ., ճարտարապետներ՝ Իկտինոս և Կալիկրատես), որն աչքի է ընկնում մեծ չափերով (69,9 x 30,9 մ) և ներդաշնակ համաչափություններով: Տաճարի արևմտյան ճակտոնի բարձրաքանդակները ներկայացնում են ծովերի աստված Պոսեյդոնի և Աթենաս Պարթենոսի վեճը Ատտիկային տիրելու համար, արևելյան ճակտոնին պատկերված է հելլենական մի առասպել, ըստ որի՝ Աթենասը ծնվել է Զևսի գլխից: Տաճարի պատերը ողջ շրջագծով գոտևորել է ֆրիզը՝ պատված պատկերաքանդակներով, որոնց հիմքում Աթենքի մասին առասպելներն են` աստվածների և տիտանների պայքարը, Տրոյայի ավերումը, կենտավրոսների և հերոսների գոտեմարտը: Պարթենոնի քանդակների հեղինակը մ. թ. ա. V դարի նշանավոր քանդակագործ Ֆիդիասն է: 
Թուրքերի տիրապետության ժամանակ Պարթենոնը վերածվել է վառոդի պահեստի (XIV դար), ապա՝ մզկիթի: Այն կանգուն էր  մինչև XVIII դարի վերջը. թուրքերը  Ակրոպոլիսի պարսպապատերը պաշտպանական նպատակով ամրացնելու համար քանդել են տաճարը և քարերն օգտագործել հողապատնեշի լիցքի համար: Հունաստանի ազատագրումից հետո տաճարի մասերը և քանդակները հանվել են հողային լիցքից, իսկ 1835–36 թթ-ին տաճարը վերաշարվել է և ստացել ներկայիս տեսքը: XIX դարի սկզբին Պարթենոնի շատ քանդակներ տարվել են Մեծ Բրիտանիա. գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Իր չափերի, դիրքի և կառուցիկ հատկանիշների շնորհիվ տաճարն իշխող է ոչ միայն Ակրոպոլիսի համակառույցի, այլև ողջ Աթենքի համայնապատկերի վրա: