Այբուբեն
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
ԶԾՆՎՖ
ԷԿՇՏ
ԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
Արագ Որոնում


Աղայան Ղազարոս
1840 թ., գ. Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանի Բոլնիսի շրջանում)
1911 թ., Թիֆլիս
Այս տանը ծնվել է Ղազարոս Աղայանը:
Ղազարոս Աղայանի տուն-թանգարանի ցուցասրահում (Բոլնիս-Խաչեն)

Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի 
լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:

Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861–62 թթ-ին եղել է գրաշար Թիֆլիսում, 1862–67 թթ-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867 թ-ին վերադարձել է հայրենիք. նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, 1869–70 թթ-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը:
Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: 
Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:
Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը: 
Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը: 
Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:
Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: 
Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը:
«Արություն և Մանվել» վեպի 1-ին հրատարակության շապիկը (1867 թ.)
Մանի՜ր, մանի՜ր, ի՜մ ճախարակ,
Մանիր սիպտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:
Ղ. Աղայան















   «Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ»,– Աղայանի մասին ասել է Ավետիք Իսահակյանը: