 | Ավետիսյան Ավետ 1897 թ., Թիֆլիս 1971 թ., Երևան |
 | Ա. Ավետիսյանը Զամբախովի (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») դերում |
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Ավետ Ավետիսյանը ռեալիստական ուղղության խոշոր վարպետներից է հայ թատրոնում: Անգերազանցելի են Սաղաթելի և Զամբախովի նրա դերակատարումները:
Ավետ Ավետիսյանը (իսկական ազգանունը՝ Ոսկանյան) մինչև հինգերորդ դասարանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա կտորեղենի խանութում եղել է աշակերտ և գործակատար: Առևտրական աշխարհում նա ծանոթացել է այն հերոսներին ու բարքերին, որոնք տարիներ անց պիտի ներկայացներ բեմում: 1918 թ-ին մեկնել է Բաքու, ընդունվել Հովհաննես Աբելյանի թատերախումբ. առաջին դերը Ոսկանն էր՝ Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսում: 1919–21 թթ-ին` Թիֆլիսի հայոց դրամատիկական թատերախմբում, Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)՝ Ամո Խարազյանի և այլ շրջիկ թատերախմբերում Ավետիսյանը մարմնավորել է իրեն ծանոթ ու հարազատ դերեր, որոնցով ձևավորվել և հասունացել է նրա արվեստը: 1922 թ-ին Ավետիսյանն ընդունվել է Երևանի նորաստեղծ Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն): Նրա խաղացանկն ընդգրկել է հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1920-ական թվականներին հայ դրամատուրգիայում Ավետիսյանը հայտնի է դարձել Սաքոյի, Զամբախովի (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա») դերերով: Ժամանակի հայ թատրոնում լինելով Գ. Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբաններից` դերասանը նրանց ներկայացրել է երգիծական շեշտված գծերով: Հիշարժան են Զամբախովի և Փարսիղի, Սարգսի դերակատարումները «Խաթաբալայում», «Քանդած օջախում» և «Էլի մեկ զոհում»: Բեմական անձնավորման լավագույն օրինակներ են Ավետիսյանի Միկիտան Սաքոն (Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»), Շպրիխը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Յագոն (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Սաղաթելը, Մարութխանյանը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»): Պարզ, ցայտուն, տպավորիչ արտահայտչաձևերով, հստակ ու հատու բեմական խոսքով նա իր անձնավորած կերպարներին հաղորդել է հավաստի, ճշմարտացի նկարագիր: Ավետիսյանի վերջին դերակատարումը թատրոնում ծերունի Անտոնիոն էր՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» պիեսում: Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում: Հիշարժան կինոդերերից են Հայրապետը («Նամուս», 1925 թ.), Բազազ Արտեմը («Գիքոր», 1934 թ.), Զիմզիմովը («Պեպո», 1935 թ.), Սպարապետը («Զանգեզուր», 1938 թ.), Սաղաթելը («Պատվի համար», 1956 թ.), Ավետ աղան («Սայաթ-Նովա», 1960  | Ա. Ավետիսյանը Սաղաթելի (Ա. Շիրվանզադեի «Պատվի համար») դերում |
թ.), Մինթոևը («Մորգանի խնամին», 1970 թ.) և այլն:  | Ա. Ավետիսյանը Զիմզիմովի («Պեպո» կինոնկար, 1935 թ.) դերում |
|