Այբուբեն
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
ԶԾՆՎՖ
ԷԿՇՏ
ԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
Արագ Որոնում


Իսահակյան Ավետիք
1875 թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)
1957 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
Ավետիք Իսահակյանը  (ձախից) Հովհաննես Իսակովի և Մարտիրոս 
Սարյանի հետ (1955 թ.)
Ավետիք Իսահակյանի հուշարձանը Երևանում (1965 թ., քանդակագործ՝ Սերգեյ Բաղդասարյան)
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանում

Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը 
ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:

Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է  Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների: 
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք: 
Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: 
Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը» (1898 թ.), նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ։ Գրքի հիմնական թեմաները՝  հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների համար։
Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի.

Վառ աստղերը երկնից ընկան,
Վարդ ու շուշան թառամեց,
Ախ, իմ կյանքս, անուշ կյանքս
Կտոր, կտոր փշրվեց...

Իսահակյանի պոեզիան իր քնարական ներշնչմամբ, բացառիկ մեղեդայնությամբ և զգացմունքների մաքրությամբ նոր բարձունքի է հասցրել հայ քնարերգությունը: Նրա շնորհիվ հայ մարդու վիշտն ու թախիծը, բերկրանքն ու կարոտը հասկանալի դարձան աշխարհի ժողովուրդներին։ Նա դարձավ իր ժողովրդի ազատաբաղձ հոգու և արդարության դարավոր կարոտի թարգմանը: 
Իսահակյանը մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): 
Իսահակյանի պոեմներից յուրաքանչյուրը խոհափիլիսոփայական մի աշխարհ է՝ կերտված բանաստեղծական հանճարի բացառիկ ուժով։ «Ալագյազի մանիները» (1895–1917 թթ.) պոեմը հայրենի բնաշխարհի հավերժության արտացոլումն է, երիտասարդ Ավետիքի և Զարոյի զուլալ սիրո պատմությունը: «Իմ կարավանը» (1906 թ.) պոեմ է հայոց անցյալի փառքի մայրաքաղաք Անիի մասին։ Բանաստեղծը հիանում է մեր հերոսական պատմությամբ և ոգեկոչում պայքարի նոր գաղափարներ։
Իսահակյանը պանդխտության և մայրական սիրո թեմային անդրադարձել է բազմաթիվ բանաստեղծություններում: Հաճախ պանդխտության երգը միաձուլվել է մոր կերպարին: «Մայրիկիս» բանաստեղծության մեջ հայրենիքից հեռացած, մորից բաժանված պանդուխտը խոսում է իր անհուն կարոտի մասին.

Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ, 
Սրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՜մ ու խնդա՜մ, մայրի՜կ ջան... 

Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: 
Հայրենասիրական թեման միշտ առկա է նրա ստեղծագործություններում: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926 թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: 
Իսահակյանի «Մասըսա Մանուկը» (1895–1905 թթ.)  վիպասքը, որտեղ պատկերված են XIX դարի վերջի հայ իրականությունը, ժողովրդի ազատասիրական ուժերի պայքարն օսմանյան բռնակալության դեմ` հայդուկների գլխավորությամբ, հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Մասըսա Մանուկը մեր օրերի Սասունցի Դավիթն է՝ հայ ժողովրդի ապստամբ ոգու հավաքական կերպարը: Սա  դասական էպոսի ավանդույթներով ստեղծված, սակայն նոր բովանդակությամբ հերոսական ասք է: 
Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910 թ.)։ Հանձին X դարի արաբ բանաստեղծի կերպարի` Իսահակյանը վերհանել է ու պարզել ոչ այնքան միջնադարի արաբ հեղինակի կյանքի պատմությունը, որքան իր անձնական խոհերն ու տագնապները, մտորումներն ու ապրումները հարազատ ժողովրդի ողբերգական ճակատագրի վերաբերյալ։ «Աբու-Լալա Մահարին» Իսահակյանի արձագանքն է ժամանակի դաժան ու տմարդի իրականությանը։ Պոեմի հերոսի ճախրանքը դեպի արևը հնի մերժումն է ու դատափետումը, նոր կյանքի, նոր գաղափարների հաստատումը: 
Վերջին՝ «Սասմա Մհերը» (1922 թ.) պոեմում բանաստեղծը յուրովի է ներկայացնում Փոքր Մհերին. Իսահակյանի մեկնաբանությամբ՝ հենց նա պետք է հագեցներ հայ ժողովրդի հոգում կուտակված արդարության և հավասարության դարավոր ծարավը։ Մհերը փորձում է իր օրինակով ոգևորել ընչազուրկին և ռամիկին, պայքարել  տերերի ու իշխանների դեմ, սակայն մենակ է մնում իր պայքարում և, զայրացած այս ամենից, կամավոր փակվում է Ագռավաքարում։ 19 տարի անց Իսահակյանն «ազատագրում» է իր հերոսին կապանքներից և տեր հռչակում իր հացին ու վաստակին։ 
Հայ արձակի լավագույն գործերից է Իսահակյանի «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ-ին). այն օսմանյան լծից Հայաստանի ազատագրմանը ձոնված երկ է, որտեղ հեղինակը ներկայացրել է հայ մարդու հոգեբանության և բնավորության ճշմարիտ ու ամբողջական պատկերը։
Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Իսահակյանը գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում («Հիշատակարան», հրատարակվել է 1977 թ-ին), մանրապատումներ և այլն, ունի օրագրային գրառումներ։ 2001 թ-ին լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը: 
Իսահակյանի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կատարելությամբ, փիլիսոփայական հնչողությամբ համամարդկային են։
ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ:
Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ ՀՀ-ում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում:
ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Իսահակյանի դիմանկարը:

   «Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»:
Ալեքսանդր Բլոկ
բանաստեղծ