Այբուբեն
BBBBBԷԿՇՏ
OWNEEԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
AAAAAԶԾՆՎՖ
Արագ Որոնում


«Արմենիա» հասարակական, քաղաքական, գրական շաբաթաթերթի (լույս է տեսել 1885–1923 թթ-ին) գլխագիրը
Արփիար Արփիարյան (1851–1908 թթ.)
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության 
զինանշանը
«Հնչակ» պաշտոնաթերթի (լույս է տեսել 1887–1940 թթ-ին) գլխագիրը
Ավետիս Նազարբեկյան (1866–1939 թթ.)
Մկրտիչ Փորթուգալյան (1848–1921 թթ.)
Գաբրիել Կաֆյան 
(1860–1930 թթ.)
Ռուբեն Խանազատ 
(Նշան Կարապետյան, 1862–1929 թթ.)
Փարամազ 
(Մատթեոս Սարգիսյան, 1863–1915 թթ.)
Միհրան Տամատյան (1863–1945 թթ.)
ՀՀԴ զինանշանը
«Հայրենիք» պաշտոնաթերթի (լույս է տեսնում 
1899 թ-ից) գլխագիրը
ՀՀԴ-ի «Դրոշակ» պաշտոնաթերթի (լույս է տեսնում 
1894 թ-ից) գլխագիրը
Սիմոն Զավարյան 
(1865–1913 թթ.)
Ստեփան Զորյան 
(Ռոստոմ, 1867–1919 թթ.)
Քրիստափոր Միքայելյան
(1859–1905 թթ.)
ՌԱԿ-ի զինանշանը
Հայ ազգային կուսակցություն ավանդաբար համարվում են Արմենական, Հնչակյան (ՍԴՀԿ), 
Դաշնակցություն (ՀՀԴ) և Ռամկավար ազատական (ՌԱԿ) կուսակցությունները: Որպես 
քաղաքական կազմակերպություններ՝ նրանք հրապարակ եկան ազգային-ազատագրական 
պայքարը ղեկավարելու և կազմակերպված հունի մեջ դնելու համար: Անկախ հիմնադրման վայրից (Վան, Ժնև, Թիֆլիս, Կոստանդնուպոլիս)՝ բոլորն էլ ունեին համահայկական նշանակություն:

Արմենական կուսակցություն (արմենականներ)

Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:
Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 
1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը: Կուսակցության ձախ թևը խրախուսում էր ֆիդայական շարժումը, չափավոր թևը՝ Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ, անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե և որդեգրեց Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:
Կուսակցությունն իր մասնաճյուղերն ուներ Հայաստանում և գաղթավայրերում: Արմենականները գործուն մասնակցել են Վանի 1896 և 1915 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին: Կուսակցությունն զգալիորեն նպաստել է հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության տարածմանը և հասարակական մտքի զարգացմանը:
1908 թ-ի հոկտեմբերին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) արմենականները, միավորվելով վերակազմյալ հնչակյանների հետ, կազմել են Սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որը, ի թիվս այլ կուսակցությունների, 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվել է Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ):

Հնչակյան կուսակցություն (Սոցիալ-դեմոկրատական 
հնչակյան կուսակցություն, ՍԴՀԿ)

Հիմնադրել են կովկասահայ մի խումբ ուսանողներ՝ Նազարբեկը (Ավետիս Նազարբեկյան), Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլուր: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ հանրապետության ստեղծումը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր: Այդ գաղափարի առկայությունը կուսակցության ծրագրում պառակտման պատճառ է դարձել: 1896 թ-ի հունվարին Լոնդոնի համագումարում անջատվել և ձևավորվել է առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը:
Ծրագրի համաձայն՝ հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր: XIX դարի 90-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ծավալելով լայն գործունեություն՝ նրանք համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարն անիրականանալի է, ուստի համատեղել են  քաղաքական ցույցերն ու հայդուկային ելույթները: 1890-ական թվականներին հնչակյանները Սասունում կազմակերպել են զինված ելույթներ և չնայած պարտություն են կրել (1894 թ.), սակայն եվրոպական պետություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարենորոգումների ծրագիր, որը թուրքական կառավարությանն է ներկայացվել 1895 թ-ի մայիսի 11-ին (ծրագիրը կոչվեց Մայիսյան): 1890-ական թվականների կեսին Զեյթունում, Վանում, Սասունում մասնակցել են արևմտահայության ինքնապաշտպանական կռիվներին:
1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հնչակյանները որդեգրել են երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվել են զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից՝ հայտարարելով, որ իրենց առաջնային նպատակը Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս կախյալ ժողովուրդների ինքնավարությունն է, Թուրքիայում սահմանադրական կարգի հաստատումը:
1912 թ-ին, երբ վերստին արծարծվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, հնչակյանները հանդես են եկել Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով: Սակայն շուտով սահմանադրական պատրանքները ցրվել են, երբ ակնհայտ է դարձել, որ երիտթուրքերը Հայկական հարցում շարունակում են Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը: 
Հնչակյանների գործունեության մեջ առաջնային են դարձել զինված ընդդիմությունը և ինքնապաշտպանությունը, որոնք, սակայն, չի հաջողվել իրականացնել: Երիտթուրքերը ոչնչացրել են Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ղեկավար գործիչներից 20-ին [Փարամազ, Վանիկ (Գեղամ Վանիկյան) դոկտոր Բեննե և ուրիշներ] 1915 թ-ին կախաղան հանել Կոստանդնուպոլսում: Չնայած դրան՝ որոշ վայրերում հնչակյանները կարողացել են կազմակերպել ինքնապաշտպանություն: 
Առաջին աշխարհամարտի (1914– 1918 թթ.) ժամանակ մասնակցել են ռուսական բանակում  հայկական կամավորական ջոկատների, Հայկական լեգեոնի (Արևելյան լեգեոն) կազմակերպմանը (1916–20 թթ.): 1918 թ-ի մայիսի 21–29-ը հնչակյանների ջոկատը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: 1920 թ-ի օգոստոսին նրանց ջանքերով հռչակվել է Կիլիկիայի անկախությունը, կազմավորվել է հայկական կառավարություն՝ Միհրան Տամատյանի ղեկավարությամբ:
Ռուսաստանում 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունն են հայտնել Ժամանակավոր կառավարությանը, ընդունել են բոլշևիկյան հեղաշրջումը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (հռչակագիր): ՍԴՀԿ ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտել են Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ էին ՀՀԴ-ի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (Սփյուռքի հնչակյանները ողջունել են այն): Հայաստանի խորհրդայնացումից (1920 թ-ի դեկտեմբեր) հետո ԽՍՀՄ տարածքում հնչակյան կազմակերպությունները լուծարվել են. մի մասն անդամագրվել է ՌԿ(բ)Կ-ին: Սփյուռքում հնչակյան կազմակերպությունների գերխնդիրը հայապահպանությունն էր: 
ՍԴՀԿ հովանավորությամբ գործում են «Նոր սերունդ» մշակութային միությունը (1955 թ-ից) և Հայ մարմնամարզական միությունը (1921 թ-ից), որոնք մասնաճյուղեր ունեն գրեթե բոլոր խոշոր հայ համայնքներում: Լույս են տեսնում ՍԴՀԿ կենտրոնական վարչության «Արարատ» պաշտոնաթերթը (Բեյրութ), Արևմտյան Ամերիկայի կազմակերպության «Մասիս» շաբաթաթերթը (Փասադենա), «Ջահակիր» պարբերականը (Կահիրե) և այլն:
1991 թ-ից Հայաստանում գործում է Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը:
2001 թ-ին Լառնակայում (Կիպրոս) գումարվել է ՍԴՀԿ 17-րդ համագումարը: 

Վերակազմյալ հնչակյաններ, 1898 թ-ից` Վերակազմյալ 
հնչակյան կուսակցություն 

Վերակազմյալ հնչակյանների կամ արփիարականների գործիչները՝ Միհրան Տամատյանը, Արփիար Արփիարյանը, Միհրան Սվազյանը, Լևոն Մկրտիչյանը և ուրիշներ, համոզված, որ Թուրքիայում արդյունաբերական պրոլետարիատի բացակայության պայմաններում սոցիալական պայքարն անհեռանկար է և այլևս «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես են եկել միայն ազգային-ազատագրական պայքար մղելու պահանջով՝ միաժամանակ ձգտելով Հայկական հարցը լուծել՝ ըստ հնչակյան կուսակցության ծրագրի: 
1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերակազմյալ հնչակյանների գործունեության հիմնական վայրը Թուրքիան էր: Նրանք հրաժարվել են համազգային ապստամբության և անկախ Հայաստանի գաղափարից, առաջ քաշել սահմանադրական Թուրքիայում Հայաստանի ինքնավարության պահանջը: Սակայն իրենց դեմոկրատ հորջորջած երիտթուրքերը 1914–15 թթ-ին կոտորեցին նրանցից շատերին: Վերակազմյալ հնչակյանները 1921 թ-ին միացան Ռամկավար ազատական կուսակցությանը:

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ, մինչև 1892 թ-ը՝ 
Հայ հեղափոխականների դաշնակցություն)

Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): 1890 թ-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական ազատություն ձեռք բերելը: Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ-ին՝ կուսակցության առաջին ընդհանուր ժողովում, հրապարակվել է 1894 թ-ին «Դրոշակ» պաշտոնաթերթում:
Դաշնակցությունը դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, մարտավարության և ռազմավարության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ինքնավարությունը): Նպատակին հասնելու հիմնական միջոցը ՀՀԴ-ն համարում էր զինված գործողություններն ու ահաբեկչությունը, քաղաքական աշխատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Ծրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և մշակողին ապահովել հողից օգտվելու կարելիությունը»: 
Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ են ստեղծվել Արևելյան Հայաստանում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Ղարաբաղ), Անդրկովկասի հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան), Արևմտյան Հայաստանում (Մուշ, Սասուն, Վան), Թուրքիայում (Կոստանդնուպոլիս, Իզմիր), Կիլիկիայում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում: ՀՀԴ-ն զբաղվել է արևմտահայերին զինելու և ինքնապաշտպանության նախապատրաստելու, Արևմտյան Հայաստան զինատար և մարտական խմբեր առաքելու առաջնահերթ խնդիրներով:
Հայկական հարցը լուծելու խնդրում ՀՀԴ-ն կարևորում էր արևմտյան տերությունների դերը: «Դրոշակի» շուրջ համախմբված գործիչները (կոչվել են նաև դրոշակականներ) կապ էին հաստատել եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանակների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերարծարծել և ապա լուծել Հայկական հարցը: Եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցին բևեռելու նպատակով ՀՀԴ-ն 1896 թ-ին կազմակերպեց Բանկ Օտոմանի (Օսմանյան բանկ) գրավումը Կոստանդնուպոլսում: XIX դարի սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայության  հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ` հատկապես Հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին 1903 թ-ի հունիսի 12-ի հրամանագրից հետո: 1905–06 թթ-ին Անդրկովկասում հրահրված  հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՀԴ-ն բազմաթիվ վայրերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, ահաբեկեց ցարական անընդունելի իշխանավորների: Ռուսական կառավարությունը դատական գործ հարուցեց ՀՀԴ-ի դեմ, բանտարկեց կուսակցության ակտիվ անդամներին:
Առաջին աշխարհամարտի տարիներին ՀՀԴ-ն գործուն մասնակցություն ունեցավ հայկական կամավորական շարժման կազմակերպմանը: Մարտական գործողությունները ղեկավարեցին Անդրանիկը (Ա. Օզանյան), Դրոն (Դրաստամատ Կանայան), Համազասպը (Հ. Սրվանձտյան), Վարդանը (Վ. Մեհրաբյան), Քեռին (Արշակ Գաֆավյան) և ՀՀԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ: 1915 թ-ին` Մեծ եղեռնի ժամանակ, նրանցից շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան: Պատերազմի տարիներին և հատկապես Ռուսաստանում 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո, աջակցելով Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը, դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը. ազդեցիկ դիրք ուներ  Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում: 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ՀՀԴ-ն մասնակցեց Անդրկովկասյան իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը: Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով 1918 թ-ի մայիսի 26-ին ԱԴՖՀ-ն տրոհվեց. կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) անկախ հանրապետությունները:
Հայաստանի Հանրապետությունը (1918–20 թթ.) բազմակուսակցական,  ժողովրդավարական պետություն էր, որի առաջատար քաղաքական ուժը ՀՀԴ-ն էր. նրա ներկայացուցիչներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համազասպ Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը: 1919 թ-ի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց Միացյալ և Անկախ Հանրապետություն:
Նույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովի ընդունած նոր ծրագիրը վերահաստատել է Արևմտահայերի 2-րդ համագումարի և Հայաստանի խորհրդարանի` Միացյալ և Անկախ Հայաստան կերտելու գերխնդիրը, որը որպես վերջնանպատակ էր նաև 1982  և 1998 թթ-ին ընդունած ծրագրերում:
Դառնալով իշխող կուսակցություն՝ ՀՀԴ-ն քայլեր կատարեց երկրի տնտեսությունը վերականգնելու, հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու, լուսավորության գործը կարգավորելու համար: Սակայն հանրապետության ներքին ու արտաքին ծանր  կացությունը հնարավորություն չտվեց շարունակել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանության դրսևորումները: Դրությունն ավելի բարդացավ Թուրքիայի և Ադրբեջանի մահմեդական բնակչության հրահրած խռովությունների պատճառով: Ակնհայտ  էր  Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը: 1920 թ-ի աշնանը թուրքական բանակը ներխուժեց Հայաստան: Հանրապետությունը մեկուսացվեց, արևմտյան դաշնակիցները նրան լքեցին, նորաստեղծ Ազգերի լիգան չօգնեց: Ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը: Պատերազմում պարտված Հայաստանը 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ կրելով տարածքային մեծ կորուստներ. Կարսի մարզը և Արդահանի գավառը հանձնեցին Թուրքիային: Միաժամանակ ՀՀ կառավարությունն ինքնակամ իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Մինչ այդ՝ 1920 թ-ի նոյեմբերի 25-ին Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն: 
1921 թ-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից (ապրիլի 2) հետո ՀՀԴ-ն իր գործունեությունը շարունակեց արտասահմանում: 1923 թ-ի նոյեմբերին խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՀԴ-ն ԽՍՀՄ-ում լուծարվեց, իսկ 1933 թ-ին կուսակցության 12-րդ ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր ընդհատակյա կազմակերպությունը Հայաստանում:
ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովից հետո կուսակցությունը հետևողականորեն իրականացնում էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչների՝ երիտթուրք պարագլուխների ահաբեկման «Նեմեսիս» պատժիչ գործողությունը: Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին ՀՀԴ առանձին ղեկավարներ, դեպի Արևելք Հիտլերի զորքերի առաջխաղացման մեջ տեսնելով ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնման հնարավորություն, համագործակցեցին հիտլերականների հետ: Սակայն ՀՀԴ-ին ենթակա որևէ հայկական զորամաս չմասնակցեց ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտին ՀՀԴ-ն պաշտպանեց Կարսի մարզը և Արդահանի գավառը ՀԽՍՀ-ին միավորելու ԽՍՀՄ պահանջը: 1947 թ-ին ՀՀԴ 15-րդ ընդհանուր ժողովին ներկայացրած իր զեկուցման մեջ ՀՀԴ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ: Սակայն ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ-ն փոխեց իր դիրքորոշումը և որդեգրեց հակախորհրդային կողմնորոշում:
ՀՀԴ-ի և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը Եվրախորհրդարանում (1987 թ-ի հունիս) հարցի քննարկմանը` ԱՄՆ-ի Սենատում և այլուր:
Հայաստանի Հանրապետության հռչակումից և Ղարաբաղյան ազգայինազատագրական շարժման ծավալումից հետո՝ 1988 թ-ին, ՀՀԴ 24-րդ ընդհանուր ժողովն առաջադրեց «Դեպի երկիր» կարգախոսը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել Հայաստանի բարգավաճմանը:  1988 թ-ի հոկտեմբերին ՀՀԴ-ն, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը համատեղ հայտարարությամբ արդարացի համարեցին Հայաստանի հետ վերամիավորվելու Արցախի հայության պահանջը: 1990 թ-ի օգոստոսի 8-ին ՀՀԴ-ն բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում: Սակայն 1994 թ-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՀԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին  օրենքը խախտելու մեղադրանքով: ՀՀ Գերագույն դատարանը հաստատեց ՀՀ նախագահի հրամանագիրը, որը, սակայն, 1998 թ-ին նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ հայտարարեց: 
Լույս են տեսնում կուսակցության պաշտոնաթերթեր «Դրոշակը» (Երևան), «Ասպարեզը» (Լոս Անջելես), «Հուսաբերը» (Կահիրե), «Ազդակը» (Բեյրութ), «Ալիքը» (Թեհրան), «Արմենիան» (Բուենոս Այրես), «Ազատ օրը» (Աթենք), «Հորիզոնը» (Մոնրեալ), «Երկիրը» (Երևան):

Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ)

Հիմնադրվել է 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում՝ Սահմանադրական ռամկավար կուսակցության, Վերակազմյալ հնչակյանների, Հայ ժողովրդական կուսակցության, անհատ սփյուռքահայերի և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ջանքերով: 1921 թ-ին ՌԱԿ-ի ընդունած ծրագրում շարադրված է կուսակցության նպատակը՝ հասնել անկախ հայկական պետության ստեղծման՝ հիմնված ազատ տնտեսության, մասնավոր սեփականության, անձնական ձեռներեցության, աշխատանքի, քաղաքացիական իրավունքների ազատության և օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության վրա: ՌԱԿ-ն իր ծրագրում առանցքային է համարում Հայ դատը:
Կուսակցության գլխավոր խնդիրներից են ազգապահպանությունը Սփյուռքում, հայ համայնքների և ՀՀ-ի միջև մշակութային կապերի ամրապնդումը, հայրենիքում ազգային համախմբմանն աջակցելը և այլն: ՌԱԿ-ի 1947 թ-ի 7-րդ համագումարում  ընդունված հայտարարության մեջ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է  ռամկավար ազատական գաղափարներին: ՌԱԿ-ի կենտրոնական վարչությունը ողջունել է 1990 թ-ի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը: 
Կուսակցության նախաձեռնությամբ Սփյուռքում ստեղծվել և գործում են մեծ թվով մշակութային, բարեգործական, մարզական, կրթական հաստատություններ: ՌԱԿ-ն իր տեղական կազմակերպություններն ունի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլուր:
ՌԱԿ-ի պաշտոնաթերթերից են «Զարթոնքը» (Բեյրութ), «Նոր օրը» (Ֆրեզնո),  «Պայքարը» (Բոստոն, ապա՝ Երևան, այժմ չի հրատարակվում) և այլն:
1990 թ-ին Երևանում հիմնադրվել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ, գրանցվել է 1991 թ-ի հուլիսի 4-ին):

   1890-ական թվականների վերջերին դաշնակցությունը հայ հասարակական-քաղաքական կյանքում դարձել էր  գերիշխող կուսակցություն: