Ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը բացահայտել է, որ Տիեզերքի գալակտիկաներն իրարից հեռանում են, այսինքն՝ Տիեզերքն ընդարձակվում է:
Էդվին Հաբլը 1914–17 թթ-ին աշխատել է Յերքի (Չիկագոյի համալսարան), 1919 թ-ից՝ Մաունթ Վիլսոնի (Կալիֆոռնիա) աստղադիտարաններում: 1927 թ-ին ընտրվել է Վաշինգտոնի գիտությունների ակադեմիայի անդամ: 1922 թ-ին նա ապացուցել է, որ դիտվող արտագալակտիկական միգամածություններն ունեն աստղային բնույթ, այսինքն՝ գալակտիկաներ են, իսկ գալակտիկական միգամածությունները գազափոշուց առաջացած գոյացություններ են:
1924–28 թթ-ին Հաբլին հաջողվել է աստղային երկնքի լուսանկարների վրա հայտնաբերել աստղեր, որոնցից կազմված են մեզ ամենամոտ գտնվող որոշ գալակտիկաներ: Նա ապացուցել է, որ դրանք մեր Գալակտիկայի նման աստղային համակարգեր են: Հիմք ընդունելով ֆիզիկայում հայտնի Դոպլերի էֆեկտը, որի համաձայն՝ դիտորդի նկատմամբ շարժվող աղբյուրի ալիքի երկարությունը կամ հաճախությունը փոխվում է՝ շարժման արագությունից կախված, 1929 թ-ին Հաբլը ցույց է տվել, որ գալակտիկաների կարմիր շեղումները (լուսարձակման սպեկտրի գծերի շեղումները՝ ալիքի հաճախության փոփոխությունները դեպի սպեկտրի կարմիր մասը) աճում են մինչև այդ գալակտիկաները եղած հեռավորություններին համեմատ (Հաբլի օրենք): Այս երևույթը վկայում է, որ այդ գալակտիկաները շարժվում են վիթխարի արագություններով. փաստորեն, Հաբլն ապացուցել է, որ դրանք իրարից հեռանում են: