Երբ համակարգչով տեքստ եք հավաքում, բանկի ձեր հաշվից դրամ եք հանում, խանութում մթերք եք գնում, կերակուր պատրաստելիս միկրոալիքային վառարանի գործելակարգն (ռեժիմ) եք սահմանում, դուք օգտվում եք տեղեկատվական տեխնոլոգիաներից: Այդ տեխնոլոգիաները կոչվում են տեղեկատվական, որովհետև համապատասխան շարժընթացները կառավարվում են հատուկ ծրագրերով, որոնք իրականացվում են տեղեկութային (ինֆորմացիոն) ազդանշան-հրահանգներով: Այդ տեխնոլոգիաները ներառում են համակարգիչների ամենաբազմապիսի կիրառություններ՝ արդյունաբերական աշխատանքների ղեկավարումից մինչև ամենատարբեր խաղերը: Գործարար կենտրոնները, դպրոցները, բանկերն ու առանձին անհատներ համակարգիչներն օգտագործում են մեծ ծավալով տվյալներ (անուններ ու հասցեներ, քննության արդյունքներ ու բանկային գործառույթների մանրամասներ) պահելու համար: Այդ տվյալները հնարավոր է ցուցադրել համակարգչի էկրանի վրա, փոփոխել, տպագրել թղթի վրա կամ ուղարկել մեկ այլ համակարգիչ: Մեր օրերում սովորական անհատական համակարգչով դուք կարող եք համացանցի (ինտերնետ) միջոցով կապվել աշխարհի ցանկացած համակարգչի հետ: Հանրախանութում գնումներ կատարելիս ամպայման կտեսնեք, թե ինչպես են այդ նպատակով օգտագործվում տեղեկատվական տեխնոլոգիաները. գանձապահուհին լազերային հայտածիչն օգտագործում է յուրաքանչյուր ապրանքի վրա փակցված ծածկագրով ապրանքի գինը հաշվելու համար: Համակարգիչը ծածկագրով «ճանաչում է» ապրանքը և դրամարկղի ցուցասարքի վրա պատկերում այդ ապրանքի անվանումն ու գինը: Եթե գնորդը վճարում է պլաստիկ քարտով, գանձապահուհին այդ քարտն անցկացնում է դրամարկղային ապարատի միջով: Վերջինս «կարդում է» քարտի մագնիսական շերտի վրայի տվյալները (օրինակ՝ գնորդի բանկային համարը) և հեռախոսային կապուղով անհրաժեշտ գումարը՝ ապրանքի գինը, ուղարկում է բանկի համակարգչին, որն այն գրանցում է գնորդի բանկային հաշվին:
Համակարգիչ-համահեղինակներ Գիտնականներն ու ճարտարագետները համակարգիչներով կատարում են բարդ հաշվարկներ, որոնք այլ կերպ անհնար է կատարել: Օրինակ՝ ներկայումս հնարավոր է կառուցել շենքի համակարգչային մոդելը՝ նրա վրա փոթորկի կամ երկրաշարժի կործանիչ ազդեցությունն ստուգելու համար: Դիզայներները համակարգչային ծրագրերն օգտագործում են էկրանի վրա ապագա նոր ավտոմեքենան պատկերելու համար: Օգտագործելով ընդամենը մի քանի էսքիզ՝ նկարիչ-մուլտիպլիկատորները գերարագ համակարգչով կարող են ստեղծել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ:
Կառավարում Համակարգչի ամենատարածված գործողություններից է կենցաղային տեխնիկայի՝ լվացքի մեքենաների, սառնարանների, միկրոալիքային վառարանների, տեսամագնիտոֆոնների կառավարումը: Ուղարկելով ազդանշաններ՝ համակարգիչները միացնում կամ անջատում են շարժիչներ ու պոմպեր, մշակում տվիչներից եկող ազդանշանները, որոնք ցույց են տալիս, թե ինչով է զբաղված տվյալ համակարգը: Ֆաբրիկաներում համակարգիչները կառավարում են մեծ հաստոցներ (օրինակ՝ ֆրեզերային և գայլիկոնման) և փաթեթավորումից մինչև ներկման ու եռակցման համար ծրագրավորված ռոբոտներ: Համակարգիչները հետևում են, որպեսզի մեքենամասերի արտադրությունը ճշգրիտ աշխատի և բոլոր գործողությունները ժամանակին կատարվեն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ միջազգային տերմիններ ATM – ինքնաշխատ գանձապահ. այս սարքը «կարդում է» հատուկ պատուհանի մեջ մտցված պլաստիկ քարտի վրայի մագնիսական շերտի մեջ պարունակվող տեղեկությունը: On-line shopping – գնումներ հեռախոսով. եթե ձեր համակարգիչը միացած է տեղական հեռախոսացանցին կամ համացանցին, դուք կարող եք պատվիրել ապրանքներ և վճարել դրանց արժեքը՝ առանց տնից դուրս գալու: Smart card – հատուկ միկրոչիփով, այցետոմսի չափերով համապիտանի պլաստիկ քարտ: Չիփը շատ ավելի տեղեկություններ է պարունակում, քան սովորական պլաստիկ քարտի վրայի մագնիսական շերտը, և օգտագործվում է տեղեկույթի տեղափոխման համար:
|